Տարածաշրջանային

Թուրքիայի ազգայնական կուսակցությունը հրապարակել է Դավութօղլուի հետ կոալիցիա կազմելու նախապայմանները

2 րոպեի ընթերցում

Թուրքիայի ազգայնական կուսակցությունը հրապարակել է Դավութօղլուի հետ կոալիցիա կազմելու նախապայմանները

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին հայտարարել է այն երեք նախապայմանները, որոնց իրականացման դեպքում իրենք կհամաձայնեն կոալիցիա կազմել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

Կուսակցության հրավիրած և շուրջ երեք ժամ տևաժ ժողովից հետո Բահչելին որպես կոալիցիայի առաջին նախապայման է հայտարարել այն, որ նախագահ Էրդողանը պետք է «քաշվի սահմանադրությամբ որոշված սահմանների մեջ» և ապահովի երկրի մայր օրենքով սահմանված անկողմնակալության սկզբունքը:

Բացի այդ, թուրքական ազգայնական կուսակցությունը նշել է, որ համագործակցության դեպքում պետք է վերջ դրվի թուրք-քրդական հաշտեցման գործընթացին, իսկ 2013 թվականի դեկտեմբերից մեծ հնչեղություն ստացած «Մեծ կաշառք» գործին խառնված բոլոր մեղավորների դեմ պետք է հետաքննություն սկսվի:

Հունիսի 7-ին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չէր կարողացել հավաքել այնքան ձայն, որպեսզի կազմեր միակուսակցական կառավարություն: Ներկայում ԱԶԿ-ին անհրաժեշտ է համագործակցել ընտրված մյուս կուսակցությունների ներկայացուցիչների հետ կոալիցիա կազմելու համար, սակայն վերջիններս նախապես արդեն հայտարարել են, որ իշխող քաղաքական ուժի հետ միավորվելու մտադրություն չունեն: Եթե ընտրությունների ավարտից 45 օր անց կառավարություն չկազմվի, ապա երկրում կանցկացվեն վաղաժամ խորհրդարանական ընտրություններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում