Տարածաշրջանային

Քեմալականները հրաժարվել են Դավութօղլուի կուսակցության հետ կոալիցիա կազմել

2 րոպեի ընթերցում

Քեմալականները հրաժարվել են Դավութօղլուի կուսակցության հետ կոալիցիա կազմել

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) խոսնակ Հալուք Քոչը հայտարարություն է արել` բացառելով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) հետ կոալիցիա կազմելու հավանականությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական HaberTurk-ը:

«Ընտրություններում հիմնական տանուլ տվածն Էրդողանն է, ով իրեն իշխող կուսակցության համանախագահի տեղը դրած անարդար նախընտրական քարոզչություն էր իրականացնում»,- ասել է Քոչը:

Լրագրողների այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր է կոալիցիա կազմել ԱԶԿ-ի հետ, ՀԺԿ խոսնակն ասել է. «Հարգարժան Քըլըչդարօղլուն (խմբ.-ՀԺԿ ղեկավար) արդեն ասել է, որ ԱԶԿ հետ միավորվելու հավանականություն չկա»:

Թուրքիայի խորհրդարանական 25-րդ ընտրությունների արդյունքում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստացել է ձայների 40,85 տոկոսը (258 պատգամավոր)` նախորդ ընտրությունների 49,83 տոկոսի փոխարեն: Իշխանության ղեկին լինելու 13 տարուց հետո առաջին անգամ ԱԶԿ-ն կորցրել է միակուսակցական կառավարություն կազմելու, ինչպես նաև իր ուժերով սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու հնարավորությունը: Այժմ անհրաժեշտ է, որ այն կոալիցիոն կառավարություն կազմի ընտված կուսակցություններից որևէ մեկի հետ:

Քվեատուփերի 99,98 տոկոսի արդյունքներով Հանրապետական ժողովրդական կուսակցությունը ստացել է ձայների 24,96 տոկոսը (132 պատգամավոր), «Ազգայնական շարժում» կուսակցությունը` 16,28 տոկոսը (80 պատգամավոր) և քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը` 13,11 տոկոսը (80 պատգամավոր): Ընտրություններին երկրի ներսում մասնակցել է ընտրելու հնարավորություն ունեցող քաղաքացիների 86,62 տոկոսը: Անվավեր է ճանաչվել ավելի քան մեկ միլիոն քվեաթերթիկ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում