Տարածաշրջանային

Մուշի Առաքելոց վանքը վերածվել է խլուրդների բույնի

2 րոպեի ընթերցում

Մուշի Առաքելոց վանքը վերածվել է խլուրդների բույնի

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատմական հայկական Մուշ քաղաքի` 18-րդ դարով թվագրվող Առաքելոց հայկական վանքը, որն արդեն երկար տարիներ է` մատնված է անտերության, վերածվել է խլուրդների բույնի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» պարբերականը:

Հայկական վանքում մեծ թվով խլուրդների առկայության հետևանքով հարակից հայկական գերեզմանատնից ոսկորները դուրս են եկել երկրի երես: Բացի այդ, գանձեր որոնող արկածախնդիրները ևս իրենց գործողությունների հետևանքով մեծ վնաս են հասցրել Առաքելոց վանքին և հայկական գերեզմանատանը:

Սասունի հայերի միության նախագահ Ազիզ Դաղջըն վանքի խնդրով դիմել է ժանդարմերիային, որի ուսումնասիրությունների արդյունքում հայտնի է դարձել, որ վանքի գերեզմանատունը փորվել է, իսկ զարդանախշերով որոշքարեր անհետացել են: Ահազանգելով վանքի ներկայիս վիճակի առնչությամբ` Դաղջըն համապատասխան դիմումներ է ներկայացրել Մուշի նահանգապետարան, ներքին գործերի, ինչպես նաև մշակույթի ու զբոսաշրջության նախարարություններ: Դիմելով գանձ որոնողներին` նա ասել է. «Դադարեցրեք մեր վանքերը և գերեզմանները փորել, քանի որ մեր գերեզմաններում, մեր դիակներից բացի, ոչինչ չեք գտնի, այդտեղ թանկարժեք իրեր չկան: Բացի այդ, մի ավիրեք մեր վանքերը, այդտեղ ևս որևէ թանկարժեք իր չեք գտնի»:

Ազիզ Դաղջըն նախատեսում է իր դիմումների արդյունքում հասնել այն բանին, որ Մուշի Առաքելոց հայկական վանքը վերանորոգվի և վերականգնվի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում