Մշակույթ

«Արմմոնո»-ն հատեց եզրագիծը. թատերասերներն ինքնատիպ մոնոներկայացումներ դիտելու հնարավորություն ունեցան

7 րոպեի ընթերցում

«Արմմոնո»-ն հատեց եզրագիծը. թատերասերներն ինքնատիպ մոնոներկայացումներ դիտելու հնարավորություն ունեցան

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վեց օր, գրեթե երեք տասնյակ մոնոներկայացում, միջազգային փառատոններից հրավերներ…Ինքնատիպ մոնոներկայացումներ հանրության դատին հանձնող «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը հատեց եզրագիծը:

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ Հայաստանի թատերական գործիչների միությունը մայիսի 6–11-ը Երևանում անցկացրեց մոնոներկայացումների ամենամյա 13-րդ փառատոնը:

Փառատոնի շրջանակում այս տարի հանրությունը դիտեց ներկայացումներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Քուվեյթից, Մարոկոյից, Եգիպտոսից, Բուլղարիայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Լիտվայից, Իրանից:

«Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը փառատոնի ավարտին նվիրված ասուլիսի ընթացքում նշեց, որ հանրությունն այս օրերին դիտել է շատ հետաքրքիր ներկայացումներ:

«Որոշ ներկայացումներ մարդկանց ավելի շատ դուր եկան, որոշներն՝ ավելի քիչ: Մենք ունեցանք հաջողություններ՝մանավանդ երիտասարդական ծրագրում: Այս տարի ԵԹԿՊԻ-ի մի կուրս հատուկ փառատոնի համար բեմադրեց չորս մոնոներկայացում: Կուրսի ղեկավարն է Հրաչյա Ղազարյանը: Մեր հյուրերը շատ հավանեցին այդ կուրսը, և նրանց ներկայացումներից մեկն աշնանը կներկայացվի Լեհաստանում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Մարիաննա Մխիթարյանը:

«Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրենի խոսքով՝ երիտասարդ բեմադրիչներն այլ փառատոններից բազմաթիվ հրավերներ են ստացել, այդ թվում՝ լիտվական «ATSPINDIS» մոնոներկայացումների միջազգային թատերական փառատոնից:

«Փառատոնի շրջանակում հանդիպել ենք ՀՀ-ում Լեհաստանի դեսպանի հետ: Հաջորդ տարի մենք կունենանք ավելի ընդլայնված լեհական ծրագիր, մյուս տարվա համար աշխատանքն սկսված է»,-հավելեց Մխիթարյանը:

ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության թատրոնի գծով մասնագետ Նաիրա Հայրապետյանն էլ ընդգծեց, որ «Արմմոնո»-ն հրաշալի հնարավորություն է սկսնակ և արհեստավարժ դերասանների համար ևս մեկ անգամ կայանալու, վարպետության դասընթացների մասնակցելու առումով: « «Արմմոնո»-ն թատերասեր հանրությանը հրաշալի, հագեցած վեցօրյակ նվիրեց: Փառատոնիին մասնակցում էին հյուրեր տարբեր երկրներից: Ես հիացած եմ ներկայացումներով»,-նշեց նա:

«ATSPINDIS» մոնոներկայացումների միջազգային թատերական փառատոնի տնօրեն Մարիա Տանանան հավելեց, որ մի քանի անգամ մասնակցել է հայկական փառատոնին, և այս տարվանն էլ հետաքրքիր է անցել:

«Ես՝ որպես փառատոնի տնօրեն, նաև նպատակով եմ գալիս փառատոնների՝ գտնել ներկայացումներ իմ սեփական փառատոնի համար: Մենք մի քանի ագամ Լիտվայում հայկական թատրոնի օրեր ենք անցկացրել և մեր երկրում ցուցադրել հայկական ներկայացումները»,-տեղեկացրեց նա: Տանանան հավելեց, որ իր փառատոնին կներկայացվի Նարինե Գրիգորյանի «Դզին» ներկայացումը:

«Արմմոնո» փառատոնը մեկնարկեց Մ. Միտուայի «Լյուսիեն Լյուկ» մոնոներկայացումով՝ երիտասարդ դերասան Արեգ Գևորգյանի կատարմամբ (բեմադրիչ՝ Գ. Մարգարյան):ԱՄՆ-ից ժամանած դերասան, երգիչ Բրեմներ Ֆլետչեր Դատին ցուցադրեց «Կաբարե» մոնոներկայացումը, որտեղ նա համադրում էր օպերային երգեցողություն, դերասանի վարպետություն և պլաստիկա:

Հայ թատերասեր հանրությանն արդեն ծանոթ ՌԴ վաստակավոր արտիստ Իրինա Եվդոկիմովան ներկայացավ «Շտո-ս» մոնոներկայացումով, որը բազմաթիվ մրցանակների է արժանացել տարբեր միջազգային թատերական փառատոններում:

Ի. Եվդոկիմովան ներկայացրեց նաև «Սպիտակ վալս» գրական-երաժշտական կոմպոզիցիա՝ նվիրված Մայիսյան հաղթանակներին:

Դերասանուհի Ելենա Դուդիչը (Բելառուս) ցուցադրեց «Մռնչացող ճնճղուկը» մոնոներկայացումը:

Փառատոնի շրջանակներում ցուցադրվեց 2 մոնոներկայացում Լեհաստանից. դերասանուհի Վիոլետ Կոմարը հայ հանդիսատեսին հանձնեց Ս. Քեյնի «Պսիխոզ» և Մ. Գաուերի «Դիվա» մոնոներկայացումները:

Դերասան Գեորգի Գոտսինը (Բուլղարիա) ներկայացավ «Խելագարի հիշատակարանը» մոնոներկայացմամբ:Այս տարի փառատոնի օրերին անցկացվեց «Արաբական երկրների օր»: Հայ հանդիսատեսը ծանոթացավ արդի արաբական թատրոնի զարգացումներին:

«Արմմոնո-Դեբյուտ» ծրագրում հանդես եկան Արինե Սուքիասյանը՝ «Անկում վերելքի համար», Հռիփսիմե Շահինյանը՝ «Ինչպես չբեմադրվեց» մոնոներկայացումներով: «Արմմոնո-Դեբյուտ» ծրագրով այս տարի ցուցադրվեցին ուսանողական աշխատանքներ:

«Արմմոնո-Տրիումֆ» ծրագրում ներկայացվեցին նախորդ տարվա հաջողություն ունեցած ներկայացումները: 2014թ. մոնոներկայացումների միջազգային փառատոնների է մասնակցել Արա Գևորգյանը. «Ծխախոտի վնասի մասին» մոնոներկայացումը ցուցադրվել է «ATSPINDIS» IX (Լիտվա), ինչպես նաև Մոլդովայի միջազգային թատերական փառատոներում:2014թ. հաջողություն ունեցած «Արմմոնո-Դեբյուտ» ծրագրի մասնակից Նարեկ Հարությունյանն այս տարի «Ռոմեո» մոնոներկայացումը ցուցադրեց «Արմմոնո-Տրիումֆ»-ում՝ նոր մեկնաբանությամբ:

2015թ. փառատոնի նորամուծություններից էր «Արմմոնո-Կլաս» ծրագիրը, որտեղ մասնակցում էին դպրոցականներ՝ Ա. Պուշկինի անվան դպրոցի բարձր դասարանների աշակերտները:

«Արմմոնո» փառատոնի հյուրերի թվում էին մոնոներկայացումների միջազգային փառատոների տնօրեններ Նինա Մազուրը (ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոնոներկայացումների միջազգային ֆորումի համանախագահ), Իոլանտա Սուտովիչը (Գերմանիա), Մարիա Տանանան (Լիտվա), Վեցլավ Գերասը (Լեհաստան):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում