Անցյալ դարի պատմական էջերը` մեկ վայրում. Աբովյանում բացվեց «Մի նկարի պատմություն» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը
3 րոպեի ընթերցում

Հայ և ռուս ժողովուրդնների բարեկամության թանգարանում կայացել է «Մի նկարի պատմություն» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացման արարողությունը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ցուցադրության կենտրոնում գեղանկարիչ, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի պրոֆեսոր, Հայաստանի նկարիչների միության անդամ Կարեն Գասպարյանի՝ 1988 թվականին ստեղծած «Զեյթունի պաշտպանները. տագնապալի լուսաբաց» կտավն էր։
Ցուցադրությունն ուղեկցվել է «Հայ կինը՝ ցեղասպանության զոհ և հերոս» թեմայով ենթախորագրային պաստառներով, որոնք պատմում են Հայոց ցեղասպանության տարիներին հայ կնոջ ճակատագրի, փորձությունների, հերոսության և տոկունության մասին։
Թանգարանի տնօրեն Ռուզաննա Բադալյանը կարևորել է ՀՑԹԻ-ի հետ նմանօրինակ համագործակցությունը, վստահեցնելով, որ այն մեծ հետաքրքրություն կառաջացնի հասարակաության՝ մասնավորապես քաղաք Աբովյանի դպրոցականներ շրջանում։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը նշել է, որ ցուցադրության նպատակը Հայոց ցեղասպանության տարիներին հայ կնոջ ճակատագրի վերհանումն է, միևնույն ժամանակ՝ նրա արտասովոր քաջության և տոկունության ներկայացումը.
«Այս ցուցադրության հիմքում երկու շատ կարևոր շեշտադրում կա. խոսքը զոհի և հերոսի կոնցեպտի ընդլայնված ներկայացումն է»։
Միջոցառմանը ներկա էին նաև Գասպարյան ընտանիքի անդամները։ Կարեն Գասպարյանի որդին՝ Վահե Գասպարյանը մեծ ոգևորությամբ ներկայացրել է 1988 թվականին արված նկարը, որն ընտանիքը տարիներ առաջ նվիրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին։
«Եթե ուշադիր նայենք, ապա կտեսնենք, որ նկարում կա ողջ հայ մշակույթը, այս նկարը նման է գորգի։ Հայրս փորձել է նկարով ցույց տալ հայրենիքի համար պայքարող մարդկանց, շատերին թվում է ՝ նկարում պատկերված են մարտիկներ, բայց իրականում այստեղ պարզապես մարդիկ են, որոնք պատրաստ կանգնած են իրենց հայրենի հողի վրա։ Պետք է նշել,որ հայրս կոմպոզիցիոն հատվածն իրական կերպաներից է վերցրել, նկարում պատկերված կինը մայրս է, իսկ ձեռքի երեխան՝ ես»,- նշել է Վահե Գասպարյանը՝ շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին՝ նկարի հանրահռչակման գործում աշխատանքներ տանելու համար։
Ցուցադրությունը կգործի մինչև մայիսի 6-ը ներառյալ: