Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Յաիր Աուրոնն ընթերցողների հետ կիսվել է Արցախ կատարած իր այցից ստացած տպավորություններով

Յաիր Աուրոնն ընթերցողների հետ կիսվել է Արցախ կատարած իր այցից ստացած 
տպավորություններով

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելական հեղինակավոր «Հաարեց» պարբերականում, որը երկրի ամենահին օրաթերթն է, լույս է տեսել իսրայելցի հայտնի պատմաբան, ցեղասպանագետ Յաիր Աուրոնի հոդվածը: Հոդվածում հեղինակն անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Իսրայելի կողմից Ադրբեջանին հարձակվողական զենքի վաճառքին, ինչպես նաև Հայոց ցեղասպանության հարցում Իսրայելի դիրքորոշմանը: «Արմենպրես»-ը հոդվածը ներկայացնում է որոշակի կրճատումներով:

Դավիթը և Գողիաթը Կովկասում

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է կյանքեր խլել: Վերջին այցն այնտեղ հարցեր առաջացրեց Իսրայելի հետ Ադրբեջանի սերտ հարաբերությունների, ինչպես նաև հրեական պետության և այլ ուժերի կողմից 100 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ճանաչման շարունակական ժխտման առնչությամբ:

Այն պահից, ինչ ես իմացա, որ մեկնելու եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, իմ ականջներում հնչում էին մի երգի խոսքերը, որը լսել էի երիտասարդ տարիներին և որը պահպանվել էր հիշողությանս մեջ, թեև շատ տարիներ էին անցել այն օրվանից, երբ ես առաջին անգամ լսել էի այն: Դա «Հրաբխի գագաթին» երգն էր` գրված Դան Ալմագորի և Դեննի Լիտանիի կողմից 1972թ.: Նաև շատ լավ էի հիշում Չավա Ալբերշտայնի թարգմանությունը: Նույնիսկ 40 տարի անց երգն ինձ հանգիստ չի տալիս: Այն վերագտնելուց հետո, ես անդադար լսում էի այն` երգելով բառերը. «Ինչո՞ւ նրանք չեն թռչում այնտեղից և ավելի ապահով տեղ փնտրում, որտեղ վերջապես մեկընդմիշտ կկարողանան խաղաղ ապրել... »:

Ինձ թվում էր, որ մեկնում եմ վտանգավոր, տխուր, միգուցե թշվառ, հույսը կորցրած մի վայր, վայր, որտեղ մարդկանց կրկին հալածում էին հայ լինելու համար:

Այսօր, վեց արտակարգ օր անցկացնելով Լեռնային Ղարաբաղում, կարծում եմ` գիտեմ այն հարցի պատասխանը, թե ինչու նրանք չեն փախչում Հարավային Կովկասի այս փոքրիկ հանրապետությունից: Սա աննկարագրելի գեղեցիկ վայր է, որի մասին առասպելները պատմում են, որ այստեղ է գտնվում դրախտի մուտքը:

350 կիլոմետր է բաժանում Հայաստանի մայրաքաղաք Երևանը Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտից` հարթավայրը հատող ճանապարհի հակառակ կողմերում, որի մեծ մասն անցնում է խորը կիրճերով ընդհատվող հիասքանչ լեռներով: Լեռները հիմնականում ձյունածածկ են, ձյուն, որ կախված էր մեր գլխների վրա մինչև մենք կժամանեինք Ստեփանակերտ:

Սա մի փոքր, բայց շատ գեղեցիկ քաղաք է` զարմանալիորեն մաքուր և հոյակերտ: Ստեփանակերտում է գտնվում ընտրված խորհրդարանը, ընտրված նախագահը, կառավարությունը:

Այնուամենայնիվ, աշխարհի ոչ մի պետություն չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Նույնիսկ Հայաստանը չի կարող ճանաչել այն, որովհետև այդ դեպքում Ադրբեջանը կլքի բանակցային գործընթացը, որը միջնորդների օգնությամբ ինչ-ինչ կապեր պահպանելու հնարավորություն է ընձեռում:

Ընդհանուր առմամբ, բնակչության թիվը կազմում է 140 հազար, որից 98 տոկոսն էթնիկ հայեր են: (Հայաստանում մոտ 3 միլիոն մարդ է ապրում:) Հրադադարը վերջ դրեց 1988թ. սկսված արյունալի պատերազմին: Այդ ժամանակվա ռազմական դիտորդների ու փորձագետների գնահատմամբ, հայկական Ղարաբաղը չէր կարող երկար գոյատևել: Նրանց գնահատմամբ այն կվերանար հաշված օրերի ընթացքում, իսկ տարածաշրջանը կվերանվաճվեր ադրբեջանական բանակի կողմից, որն ավելի լավ էր սպառազինված և ավելի զարգացած էր, քան Հայաստանինը:

Ադրբեջանում, որն ինքն իրեն համարում է աշխարհիկ մահմեդական պետություն (թեև վերջերս նրանում էլ ի հայտ են եկել ծայրահեղական իսլամիստական դրսևորումներ), բնակվում է շուրջ 9 միլիոն մարդ: Երկու հակամարտող պետություների միջև սահմանը 370 կմ է: Նրա երկայնքով՝ Ղարաբաղի կողմից, հարյուրավոր, եթե ոչ հազարավոր, խրամատներ կան:

Ես ներկայումս դասավանդում եմ Երևանում` Հայաստանի ամերիկյան համալսարանում, և դրանից մեծ բավականություն ստանում: Այստեղ գտնվելու առաջին իսկ օրվանից ես ինձ տանն եմ զգում: Կասկածից վեր է, որ ես սուբյեկտիվ եմ, միգուցե նաև պարտիզան: Իմ շարունակական պայքարը հանուն նրա, որ Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, իմ և հայ ժողովրդի միջև մտերմության ամուր կապեր է ձևավորել:

Որոշեցի մի քանի օրով մեկնել Ղարաբաղ: Ես «պաշտոնական հյուր» եմ, եթե կարելի է այդպես արտահայտվել մի պետության պարագայում, որ չունի պաշտոնական հյուրեր: Նույնիսկ երբ այլ պետություններից բարձրաստիճան այցելուներ են ժամանում, նրանք ջանում են շեշտել, որ իրենց այցը մասնավոր բնույթ է կրում, որպեսզի չառաջացնեն հարևան Ադրբեջանի զայրույթը: Ինձ ընդունեցին նախագահ Բակո Սահակյանը և խորհրդարանի խոսնակը, ես այցելեցի սահմանային գոտի` մի քանի ժամ անցկացնելով հայկական խրամատում, որտեղ ազատորեն կարողացա զրուցել զինվորների հետ:

Խրամատի մուտքին գրված էր «Եթե կորցնենք Արցախը (Լեռնային Ղարաբաղի հայերեն անվանումը), կշրջենք հայոց պատմության վերջին էջը»: Այս կարծիքին է հայերի մեծամասնությունը, որոնց հետ ես զրուցել եմ:

Այսօր շարունակվում է «ձգձգված պատերազմը» կամ «փափուկ պատերազմը», որն ամեն պահի կարող է վերաճել լայնամասշտաբ ռազմական հակամարտության: 21 տարի առաջ կնքված զինադադարից ի վեր սա ամենալարված և ամենաբարդ ժամանակաշրջանն է: Միայն հունվարին սպանվել է 12 հայ զինվոր: Նույնիսկ գյուղացիներին, ովքեր հող են մշակում սահամանմերձ գոտիներում, ավելի հաճախ են սկսել սպանել: Իմ այցելած ռազմական դիրքերում 13 զինվորներ են ծառայում. ադրբեջանական բանակը նրանցից 200 մետր հեռավորության վրա է:

Այն դիրքերում, որոնք ես այցելեցի, շուրջօրյա ծառայում է 13 զինվոր, ովքեր փոխվում են ամեն չորս ժամը մեկ: Գիշերները 3 զինվոր միասին պահակախումբ են կազմում: Հայկական հենակետը մաքուր է, կարգավորված և ջեռուցվող, երբ դրսի ջերմաստիճանը զրոյից ցածր է:

Հայկական զինվորներին արգելված է կրակել առանց հստակ հրամանի: Մինչդեռ ադրբեջանցիներն արդեն կամայականորեն կրակում են, ուստի դիրքի խրամատներում արգելված է քայլել ուղիղ կանգնած: Նեղ ճեղքվածքներից կարելի է անզեն աչքով և հեռադիտակով տեսնել հակառակորդին: Ազերի դիպուկահարները երբեմն կրակում են, երբ նկատում են հեռադիտակով հայ զինվորի: Մեծ զգուշավորությամբ և վերահսկողությամբ ինձ թույլ տվեցին մի քանի վայրկյան դիտարկել ադրբեջանական կողմը:

Հայերին արգելված է Ղարաբաղում ինքնաթիռներ օգտագործել, միայն ուղղաթիռներ: Մի քանի շաբաթ առաջ ոչնչացվեց հայկական ուսումնական մի ուղղաթիռ, որը թռիչք էր կատարում երկու կողմերին բաժանող 250-մետրանոց տարածքի երկայնքով: Ազերիները երկու շաբաթ թույլ չէին տալիս հետ բերել երեք օդաչուների դիերը: Միջազգային միջնորդական ջանքերը տապալվեցին: Տաս օր անց շատ բարձր մակարդակով որոշում կայացվեց ներթափանցել գիշերով չեզոք գոտի և հետ բրել դիերը: Այդ գործողության ընթացքում սպանվեցին երկու ազերի զինվորներ: Ղարաբաղի բանակը բերվեց մարտական ամենաբարձր պատրաստվածության: Այսպիսի գործողությունը կարող էր լայնամասշտաբ պատերազմի սկիզբը դառնալ, սակայն հայերը չէին կարող չհուղարկավորել իրենց ընկածներին:

Օդանավակայնը, որը կառուցվել է Ղարաբաղի մայրաքաղաքի մերձակայքում, պատրաստ է շահագործման, սակայն այն լուռ է, որովհետև Ադրբեջանը բացեիբաց հայտարարեց, որ կրակ է բացելու ցանկացած քաղաքացիական օդանավի վրա, որը կհայտնվի Ղարաբաղի երկնքում:

Դավիթն ու Գողիաթը, Գողիաթն ու Դավիթը

Դավթի ու Գողիաթի պատմությունն ամբողջ շաբաթ ուղեկցում էր ինձ: Ղարաբաղյան Դավիթը համոզված է իր արդարացի և հաղթանակած լինելու մեջ (ի դեպ, «Դավիթը», ինչպես նաև հինկտակարանային բազմաթիվ այլ անուններ, լայն տարածում ունեն Հայաստանում և Ղարաբաղում, հաճախ՝ եբրայերենի հետ համընկնող արտասանությամբ, երբեմն՝ հայերենի մասնիկների ավելացումով: Հայաստանում իմ բարկամներից մեկի անունը Դավիթ Դավթյան է, և նա հրեա չէ: Երկու լեզուներում կան նաև ոչ քիչ նման բառեր): Սկսած նախագահից և խորհրդարանի խոսնակից և մինչև ավագ սպաներն ու շարքային զինվորները՝ բոլորը համոզված են. մենք խաղաղություն ենք ուզում և ձգտում ենք խաղաղության, սակայն պատրաստ ենք և պատերազմի, որում կհաղթենք: Բանակում 23 տարի ծառայած գնդապետը, ով երիտասարդ տարիներին մասնակցել է պատերազմին, գերեց ինձ նպատակին իր նվիրվածությամբ և իր պայքարի արդարացիության համոզմամբ: «Ինչո՞ւ ես դու երկար տարիներ ծառայում այսպիսի ծանր պայմաններում», հարցրեցի նրան: «Ես պաշտպանում եմ երկիրս, օջախս, ծնողներիս և նրանց ծնողների օջախները: Ես ամենի ինչի պատրաստ եմ»: Հարցրեցի նրան մարտական ընկերների կորստյան ցավի մասին: «Ես դա շատ անգամ եմ ապրել: Վերջին տարին այդ ցավը գրեթե անտանելի է դարձել: Սակայն պետք է տոկալ»:

Ղարաբաղի հայերն էական օգնություն են ստանում Հայաստանից, և ուրիշ ոչ մեկից: «Մենք ոչ մեկի վրա չենք կարող հույս դնել՝ միայն ինքներս մեր վրա: Մենք միայնակ ենք, ամբողջովին միայնակ»:

Ղարաբաղցիները ճառագայթում են հաստատակամություն, ինքնավստահություն, սեփական ուժին ապավինում և իրենց պայքարի արդարացիության համոզվածություն: Նրանք հպարտությամբ խոսում են «ղարաբաղյան ոգու»՝ որպես իրենց բանակի հզորության բաղադրիչի մասին:

Իմ այցելության վերջին օրերին ինձ ուղեկցող Անուշը պատմեց պատերազմի ժամանակ իր ընտանիքի պատմությունը: Նա 26 տարեկան է, ծնվել է 1988-ի ամռանը, պայքարի սկզբից մի քանի ամիս անց: Նրա մի քույրը ծնվել է 1990-ին, պատերազմի ժամանակ, իսկ մյուս քույրը 1994թ.՝ ճիշտ այն օրը, երբ ազատագրվել է իր հայրենի գյուղը: Նա ունի մի քանի վառ հիշողություն: Նա հիշում է, թե ինչպես էին իր ընտանիքն ու գյուղի մյուց փախստականները սպասում անտառում բեռնակիրների և ուղղաթիռների ժամանումը, որոնք պետք է փրկեին նրանց: Ազերիները գրավեցին գյուղն ու այրեցին այն: Երկու տարի այն ազերիների ձեռքին էր, մինչև որ հայ զինվորներն ազատագրեցին այն՝ հրադադարից մեկ ամիս առաջ: Իր ընտանիքի անդմաները փախստական էին Երևանում, ապա երկու տարի՝ Ռուսաստանում: 1997թ. նրանք վերամիավորվեցին իրենց հոր մոտ: Ժամանակին գյուղում եղել է 2000 հազար բնակիչ, այժմ միայն 400:

Ես հաճախ մտածում եմ իմ երկրի՝ Իսրայելի մասին, իր գոյության առաջին տարիներին՝ Անկախության պատերազմին, 50-ականներին և 60-ականների սկզբին, Իսրայելի, որ մարտնչում էր իր գոյության համար, մինչև 1967-ի Իսրայելի և նրա բացառիկ ռազմական հաղթանակի մասին: Այսօր պատերազմը տարածքները պահելու, այլ ոչ թե գոյություն պաշտպանելու համար է: Ես չեմ կարող ազատվել մտքից, որ մենք էլ Դավթի ու Գողիաթի կռիվն ենք տանում: Ես դա ասում էի իմ ղարաբաղցի զրուցակիցներին՝ ուսանողներին, մտավորականներին, գրողներին: Նրանք գիտեն Դավթի ու Գողիաթի պատմությունը, նրանք ծանոթ են Հին Կտակարանին, որոշ մասերին՝ շատ լավեն ծանոթ:

Հրեական, իսրյաելական հարցը չի թուլանում նրանց և իմ մեջ: Միլիարդների արժողությամբ իսրայելական զենքը, որը ստանում է Ադրբեջանը, և տարիների ընթացքում հայկական ցեղասպանության՝ Իսրայլի կողմից չճանաչված մնալը, վերջին շաբաթներին նոր բաղադրություն տվեցին հայ-իսրայելական բարդ հարաբերություններին: Մոտ մեկ ամիս առաջ Իսրայելի դեսպանն Ադրբեջանում հայտարարեց մամլո ասուլիսում, որ Իսրայելը չի ճանաչելու հայոց ցեղասպանությունը: Նա չասաց «երբեք», ինչպես պնդում են հայերից ոմանք: Իսրայելի որևէ ներկայցուցիչ երբևիցե այդպիսի բան չի ասել: Երբ նրան հարցրեցին, թե ո՞վ է լիազորել նրան նման հայտարարություն անելու, դեսպանը պատասխանեց, «Ես նոր բան չեմ հայտնագործում, արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանն է այդպես ասել»: Ես սրա վերաբերյալ հրապարակային հաստատում չգտա, սակայն կասկած չկա, որ դեսպանի դիրքորոշումը վավերացված է արտգործնախարարի կողմից:

Սա ևս մեկ նվեր է Իսրայելից Հայաստանին ցեղասպանության հայրյուրերորդ տարելիցի կապակցությամբ: Ցեղասպաությունն աշխարհի երկրների մեծամասնությունը չի ճանաչել: Սակայն նա ժխտվում է, ոչ միայն «չի ճանաչվում», միայն իմ պետության՝ Հոլոքոստը վերապրածների պետության կողմից: Կասկած չկա, որ վարչապետը, անվտանգության նախարարն ու նաև նախագահը գիտեն, որ Ադրբեջանին վաճառվող նորագույն զենքն ունի միայն մեկ նպատակ՝ հաղթել և նվաճել Ղարաբաղը: Վտարել այդտեղից հայերին: Ադրբեջանի նախագահը բացեիբաց ասում է դրա մասին վերջին ամիսների իր բոլոր ելույթներում: 2012թ. հայտնի դարձավ Ադրբեջանին 1,6 միլիարդ դոլարի զենք վաճառելու հսկայական գործարքի մասին (գործարքն, ի թիվս այլ զենքի, ներառում էր անօդաչու ինքնաթիռների վաճառք), իսկ անցած ամառ՝ գործարքից մեկ տարի անց, անվտանգության նախարար Մոշե Յաալոնն այցելեց Ադրբեջան: Այցից հետո նախագահ Իլհամ Ալիևը շտապեց դեպի սահման և պարզաբանեց իր զինվորներին. «Մենք հաղթեցինք հայերին քաղաքականության մեջ, հաղթեցինք նրանց տնտեսության մեջ և այժմ հաղթելու ենք նրանց կռվի դաշտում: Մենք կավիրենք նրանց գյուղերն ու քաղաքները, և կվերադարձնենք մեր հողերը: Մենք ունենք աշխարհի ամենակատարյալ զենքը: (Դա այն զենքն է, որը վաճառում է Իսրայելը,-Յ.Ա.): Հայերը կրկին միայնակ են, և քաղաքականության մեջ հայերին, մենք հարվածում ենք նրանց տնտեսությանը: Այս պահին ռազմի դաշտում մենք կարող ենք հաղթել նրանց. Մենք կավիրենք նրանց գյուղերը և քաղաքները և մենք կվերադարձնենք մեր հողերը: Մեզ մոտ են աշխարհի ամենաժամանակակից զինամթերքը»:

Նա ի նկատի ուներ Իսրայելի (ի թիվս մյուս երկրների) կողմից զենքի վաճառքը:

Խորհրդային Միությունը բաժանված էր շրջանների` բնակեցված իր վերահսկողության տակ գտնվող տարբեր էթնիկ խմբերով՝ որպես «բաժանիր, որ տիրես» հանրահայտ իմպերիալիստական քաղաքականության մի մաս: Այսպիսով, Ղարաբաղը կցվեց Ադրբեջանին՝ ղարաբաղցիների կամքին հակառակ, և տարածաշրջանը կտրվեց Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունից: Այնուամենայնիվ, «Խորհրդային Ղարաբաղը» տարածքային առումով չէր համընկնում պատմական Ղարաբաղի տարածքին:

Խորհրդային իշխանության տարիներին ադրբեջանցիները բազմաթիվ հնարքների դիմեցին, որպեսզի ավելացնեն ադրբեջանցիների թիվը Ղարաբաղում և կրճատեն հայերինը, ովքեր 1920-ականների սկզբին բնակչության 95 տոկոս էին կազմում:

«Մենք բարբարոսներ չենք»

Սահմանամերձ շրջաններում ես տեսել եմ մի քանի ավերված գյուղեր: Տների և ցանկապատերի մնացորդները կարծես տապանաքարեր լինեն` ապշեցնող գեղեցիկ տարածաշրջանում: Տեսարանը հիշեցնում է ինձ այլ վայրերի պատերազմների հետևանքով ավերված քաղաքները: Այստեղ դրանք քաղաքներ չեն, այլ գյուղեր՝ գեղեցիկ մի տարածաշրջանում:  Այդուհանդերձ, բոլոր գյուղերում մզկիթները կանգուն են մնացել: «Մենք բարբարոսներ չենք». ասաց ինձ զինվորներից մեկը:

Օսմանյան կայսրությունը, Թուրքիան իր զարթոնքի շրջանում, այնուհետև Խորհրդային Ադրբեջանը հարյուրավոր եկեղեցիներ են ավիրել, իսկ մի մասը մզկիթների վերածել:

Նախագահ Սահակյանի հետ նախաճաշի ընթացքում ունեցած ծավալուն և ոչ պաշտոնական զրույցի ընթացքում նա հրաժարվեց որևէ վատ բառ ասել ադրբեջանցիների մասին: Նա շարունակաբար կրկնում էր, որ իրենք խաղաղության են ձգտում, սակայն համոզված են իրենց հաղթանակի մեջ՝ պատերազմը վերսկսվելու դեպքում: Սակայն նա ընդգծեց. «Մեր երկարաժամկետ տեսլականն է անկախության ու խաղաղության նվաճումը և առաջադեմ և ժողովրդավար ազգերի ընտանիքի մեջ մեր տեղն ունենալը»:

Ղարաբաղում անցկացված օրերն իմ համար կարևոր օրեր էին, և ես մտադիր եմ վերադառնալ այնտեղ: Ես նմանեցնում եմ ինձ հանուն ազատության և անկախության ղարաբաղցիների պայքարի հետ և հնարավորինս կջանամ ընդգրկվել այդ պայքարի մեջ: Ես դա անում եմ նախևառաջ որպես մարդ արարած, բայց նաև որպես հրեա և իսրայելացի:

Եթե Հայոց ցեղասպանության հարյուրամյակի տարելիցին Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմ բռնկվի, ղարաբաղցիները կրկին միայնակ կմնան: Աշխարհը լուռ մնաց 1915-ին, լուռ մնաց Հոլոքոստի ժամանակ, լուռ մնաց Ռուանդայի ցեղասպանության ժամանակ, և շարունակում է լռել բազմաթիվ այլ նման դեպքերում:

Միտքն այն մասին, որ իսրայելական զենքը գնում է Ադրբեջանին, ինձ հանգիստ չի տալիս: Սա դավաճանություն է Հոլոքոստի և նրա զոհերի հիշատակի նկատմամբ, բարոյական սնանկության մի քայլ:

Երբ ես այնտեղ էի, լսեցի Իտաի Մակից` իսրայելցի փաստաբանից, որն աշխատում էր ինձ հետ, որպեսզի լույս սփռի իսրայելական զենքի վաճառքի վրա Սերբիայի և Ռուանդայի կառավարություններին, նրանց իրականացրած ցեղասպանությունների ժամանակ: Մինչ օրս Իսրայելի դատական համակարգը, հղում անելով անվտանգության նկատառումներին, հրաժարվում է բավարարել տեղեկատվության ազատության օրենքի վրա հիմնված մեր պահանջը` տրամադրելու տեղեկատվություն: Մենք այժմ սպասում ենք գերագույն դատարանի վճռին»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am