Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Հայերը պետք է հետ պահանջեն թուրքերի գողացած ողջ գույքը. նորվեգացի միսիոներուհու թոռան բացառիկ հարցազրույցը

Հայերը պետք է հետ պահանջեն թուրքերի գողացած ողջ գույքը. նորվեգացի 
միսիոներուհու թոռան բացառիկ հարցազրույցը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորվեգացի միսիոներուհի Բոդիլ Կատարինե Բյորնը 1905թ. չէր կարող պատկերացնել, թե ինչպիսի ազդեցություն կունենար իր կյանքի վրա «Կին միսիոներներ» կազմակերպության կողմից Օսմանյան կայսրություն իր գործուղումը: Նա ականատես է լինում 1915թ. Մուշի կոտորածներին, խնամում և մահից է փրկում հարյուրավոր անօթևան երեխաների, կանանց: Իսկ 1917թ. Բոդիլ Բյորնը Նորվեգիա է վերադառնում երկու տարեկան Ռաֆայել անունով մի տղայի հետ, ում, իր խոսքերով, որդեգրել էր: Մկրտությունից հետո տղային կոչում են մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի պատվին: «Արմենպրես»-ը ներկայացում է հարցազրույց Բոդիլ Բյորնի թոռան` Յուսսի Ֆլեմմինգ Բյորնի հետ, ով ակամա չէր կարող անտարբեր մնալ իր հոր պատմական հայրենիքի անցյալի ու ներկայի հանդեպ:

-Որքանո՞վ շարքային նորվեգացիները տեղյակ են Հայոց ցեղասպանության և Բոդիլ Բյորնի պես մարդկանց սխրագործությունների մասին:

-Շարքային նորվեգացիները տեղյակ չեն Հայոց ցեղասպանության մասին: Սակայն 1920-ական թվականներին Նորվեգիայում մարդիկ ավելի լավ էին տեղեկացված, քանի որ թերթերում հաճախ էին հայտնվում Բոդիլի և այլոց հոդվածներն աղետի վերաբերյալ: Նաև մեծացավ նորվեգական հանրության ուշադրությունը Ֆրիտյոֆ Նանսենի ճանապարհորդության և 1922 թ. Խաղաղության նոբելյան մրցանակը ստանալու արդյունքում: Սակայ հետզհետե այն մատնվեց մոռացության:

-Ե՞րբ և ինչպե՞ս դուք հայտնաբերեցիք հսկայական մարդասիրական աշխատանքի մասին, որն իրականացրել էր Ձեր տատիկը:

-Ես միշտ իմացել եմ տատիկիս կատարած աշխատանքի մասին, քանի որ մենք միասին էինք ապրում, մինչև նրա մահը 89 տարեկանում: Այդ ժամանակ ես 15 տարեկան էի:

-Ինչպե՞ս այդ պատմությունն ազդեց Ձեր հետագա կյանքի վրա:

-Ես մեծացել եմ իմանալով, որ կիսով հայ եմ, կիսով ֆինն, սակայն նաև նորվեգացի: Երբեք չեմ ունեցել խնդիրներ իմ ծագման վերաբերյալ: Երբեք ուշադրություն չեմ դարձրել, թե ծագումնաբանությանս, թե տատիկիս սխրանքների վրա: Սովորական տղա էի, որն ապրում էր սովորական ընտանիքում: Մայրս խոսում էր մի փոքր ծիծաղելի նորվեգա-շվեդերեն, ֆիննական ակցենտով: Հայրս, իմ ընկերների հայրերի համեմատ, ուներ արտասովոր արտաքին, և վարժ խոսում էր մի քանի լեզուներով՝ անգլերեն, ֆրանսերեն, ֆիններեն և արաբերեն: Եվ ես հպարտ էի այդ հանգամանքով: Իսկ նրա հայկական ծագումը չէի կարևորում, քանի որ Հայաստանի մասին չէին խոսում նորություններով, այն անհասանելի էր մեզ համար՝ լինելով ԽՍՀՄ-ի մի մաս: Իմ հայրը հայ էր, մայրս ֆինն էր, ես ծնվել էի Ստոկհոլմում, իմ եղբայրը՝ Ֆինլանդիայում, քույրս՝ Նորվեգիայում, տատիկս նորվեգացի էր: Ես հպարտանում էի իմ ընտանիքով:

- 2008 թ. «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում Բոդիլ Բյորնին նվիրված «Նրանք ինձ մայրիկ են կոչում» վավերագրական ֆիլմի ցուցադրումից հետո այն ի՞նչ ընթացք ունեցավ:

-Այո, ֆիլմը ցուցադրվել է բազում վայրերում՝ Բոդիլի հայրենի Կրագերո քաղաքի կինոթատրոնում, տեղի գրադարանում, Դամասկոսի դանիական համալսարանում, Հալեպի Հայկական մշակութային կենտրոնում, Երևանի Նարեկացի մշակութային կենտրոնում, նորվեգական հեռուստաալիքով և այլն:

-1917 թ. Բոդիլ Բյորնը վերադարձավ Նորվեգիա հայ տղայի հետ, ում, իր խոսքերով, որդեգրել էր և անվանակոչել Ֆրիդրիխ: Հայտնի է դարձել, որ 2005 թ. Սուրբ  Ծննդյան տոնին դուք զանգ եք ստացել մի անծանոթից, ով հավաստում էր, որ բարեկամական կապերի մեջ էր ձեզ հետ: Նա ձեզ հավատացնում էր, որ իր հայրը կարճատև հարաբերություններ էր ունեցել ձեր տատիկի հետ Մուշ քաղաքում: Ինչպիսի՞ շարունակություն ունեցավ այդ պատմությունը:

-Տեր-Մինասյան ազգանունով այդ մարդու ԴՆԹ-ն ոչ մի ընդհանրություն չուներ իմ ԴՆԹ-ի հետ: Սակայն չէր բացառվում, որ այդ մարդու կնոջ՝ Անահիտի հայրը կարող էր ծանոթ լինել Բոդիլի հետ, քանի որ նա ևս Մուշից էր: Ես չշարունակեցի այդ գործը, սակայն առ այսօր ինձ հետաքրքրում են այդ տխրահռչակ օրերին տեղի ունեցած իրադարձությունները:

-Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը հասնելու համար` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոճրագործությունից 100 տարի անց այն դեռ չի ստացել լիարժեք գնահատական միջազգային հանրության կողմից, որն էլ իր հերթին նպաստում է, որ աշխարհում նման դեպքերը կրկնվեն:

-Սոցիալական ցանցերը ապացուցել են իրենց ուժը մարդկանց տեսակետների փոփոխման հարցում և նման կերպ արդեն հաջողվել է լույս սփռել  մի շարք ազգային և միջազգային խնդիրների վերաբերյալ: Նույնիսկ քաղաքագետները կիրառում են Ֆեյսբուքն ու Թվիթերը, որպեսզի լույս սփռեն և առաջ տանեն իրենց հուզող հարցերը: Կարևոր է, որպեսզի ամբողջ  2015 թ. լինի հիշատակի տարի և ոչ միայն ապրիլի 24-ը: Կարծում եմ, ապրիլի 24-ը պետք է դառնա համաշխարհային հանրության կողմից ճանաչման ընթացքի սկիզբ այնպիսի ուժգնությամբ` կարծես Հայոց ցեղասպանությունը տեղի էր ունեցել հենց երեկ: Հայերը պետք է հետ պահանջեն թուրքերի կողմից գողացված հայկական ընտանիքներին պատկանող ողջ գույքը, ինչպես դա արեցին հրեաները ողջ Եվրոպայով մեկ: Շատ կարևոր է մերկացնել թուրքական քարոզչությունն ամեն անգամ, երբ նրանք կաշառում են օտարերկրյա քաղաքական գործիչներին, պատմաբաններին, որպեսզի վերջիններս կեղծեն պատմությունը:

-Դուք ծրագրո՞ւմ եք այցելել Հայաստան և կանգնել հայ ժողովրդի կողքին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանշական օրը:

-Իհարկե, ես Հայաստան եմ գալու, որպեսզի ապրիլի 24-ի այդ խորհրդանշական օրը ներկա գտնվեմ Ծիծեռնակաբերդում: Ինչպես նաև ինձ հետ բերելու եմ Կրագերոյի քաղաքապետի գլխավորությամբ մի խումբ նորվեգացիների, իմ ընտանիքի անդամներին և ընկերներիս, որպեսզի նրանք տեսնեն, թե ինչպես աշխարհի բոլոր անկյուններից հայերը միասին հիշատակի տուրք են մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հարցազրույցն` Անահիտ Մինասյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am