Անդրանիկ Օզանյանի ստորագրությամբ հանգանակության կտրոններ են թողարկվել 1920-ականներին
3 րոպեի ընթերցում
![Անդրանիկ Օզանյանի ստորագրությամբ հանգանակության կտրոններ են թողարկվել 1920-ականներին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2015/02/795514.jpg)
ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանությունից հետո ԱՄՆ-ում Զորավար Անդրանիկի ստորագրությամբ հանգանակության կտրոններ են թողարկվել: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հրապարակած «100 Իրապատում Հայոց ցեղասպանության մասին» գրքի նմուշներից մեկն էլ 1919 թ. վերջին ԱՄՆ-ում թողարկված կտրոնը` «Փրկության հանգանակություն» կենտրոնական հանձնախմբի կողմից, որը ղեկավարում էր Անդրանիկ Օզանյանը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հասարակայնության հետ կապերի բաժնից, կտրոնի վրա գրված է.«Փրկութեան հանգանակութիւն Հայաստանի կարօտելոց»: Կենտրոնում` օվալաձև շրջանակի մեջ, պատկերված է Խրիմյան Հայրիկի (Մկրտիչ Խրիմյան) դիմանկարը, որը կիսով չափ օղակած դափնեպսակին գրված է «Հայրիկ»: Նկարի աջ կողմում ԱՄՆ-ի, իսկ ձախում` Հայաստանի առաջին հանրապետության դրոշներն են: Կտրոնում գրված է նվիրատուի անուն-ազգանունը` Ստեփան Սողոմոնյան և հանգանակած գումարի չափը` 100 դոլար: Ստորին հատվածում հանձնախմբի նախագահ Անդրանիկ Օզանյանի և գանձապետ Կ. Մարգարյանի ստորագրություններն են:
Կտրոնի աջ անկյունում նկարված է հայ կարիքավոր ընտանիք` հայրը, մայրը և երկու երեխաները, որոնցից մեկը, ձեռքերն առաջ պարզած, հաց կամ փող է աղերսում: Ձախ անկյունում պատկերված է Հայաստանը` Արարատ, Սիփան լեռներով և Վանա լճով:
Հայ ազգային-ազատագրական գործիչ, զորահրամանատար Անդրանիկ Օզանյանը (Զորավար Անդրանիկ) ծնվել է 1865 թվականի փետրվարի 25-ին, Շապին-Գարահիսարում: Ազգային հերոսի համբավ ձեռք բերած Անդրանիկն առանձնահատուկ դեր է ունեցել 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայ ազատագրական շարժման գործում։ 1892 թ. Անդրանիկն անդամագրվել է Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությանը, այլ ֆիդայիների հետ մասնակցել հայրենիքի պաշպանությանը։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին կարևոր դերակատարություն է ունեցել կամավորական շարժման կազմակերպման գործում: 1918թ. Էրզրումում վարելով ծանր պաշտպանական մարտեր՝ ապահովել է թուրքական կոտորածներից մազապուրծ հայության նահանջը:Անգնահատելի է Ա. Օզանյանի ավանդն ինչպես ազգային-ազատագրական շարժման, այնպես էլ Մեծ եղեռնի հետևանքով բնօրրանը կորցրած հայ գաղթականներին վերահաս մահից փրկելու և որբահավաք աշխատանքների կազմակերպման գործում:
Անդրանիկ Օզանյանը մահացել է 1927 թ. օգոստոսի 31-ին Չիկոյում (ԱՄՆ):