Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արևելքի հայ գիտակների ինստիտուտը

Արևելքի հայ գիտակների ինստիտուտը

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության մասնաշենքի հետնամսաում վեր են խոյանում երկու բազմահարկ շենքեր, որոնցից մեկի վերջին երկու հարկերում է գտնվում ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը, որն ուսումնասիրում է Մերձավոր և Միջին Արևելքի, Կովկասի, Արևելյան Ասիայի երկրների ու ժողովուրդների պատմությունը, սոցիալ-քաղաքական, միջազգային և տարածաշրջանային հարաբերությունները, մշակույթը, կրոնը, ազգային փոքրամասնությունների և էթնիկական խմբերի խնդիրները` հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: «Արմենպրես»-ը շարունակում է անդրադառնալ ԳԱԱ ինստիտուտների աշխատանքին՝ այս անգամ պատմելով Հայաստանի Հանրապետության ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի մասին, որը հիմնվել է 1971թ., դեռևս 1958 թ.ստեղծված արևելագիտական սեկտորի հիմքի վրա:  

2006 թվականից Արևելագիտության ինստիտուտի տնօրեն տոհմիկ թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով, Հայաստանի աշխարհագրական դիրքը մեզ հնարավորություն է տալիս ավելի լավ ճանաչելու Արևելքը:

«Արևելագիտությունը մեր ժողովրդի համար միշտ եղել է ավանդական գիտություն: Գտնվելով Արևելքում և լինելով քրիստոնյա, ուսումնասիրելով մեր հարևաններին՝ մենք միշտ առավելություն ենք ունեցել Արևմուտքի նկատմամբ, որովհետև մենք լավ ենք պատկերացրել Արևելքը: Իսկ արևելագիտությունը անկախ, բացի գիտական նշանակությունից, Հայաստանի համար ունի նաև կարևոր քաղաքական նշանակություն: Վերջերս մենք լույս ընծայեցինք «Հայաստանի հարակից երկրների պատմությունը» քառահատոր գրքի առաջին մասը: Մենք առաջին անգամ ենք ստեղծում մեր հարևանների պատմությունը մեր տեսակետից՝ ինչպես ենք մենք այն տեսնում օգտագործելով հայկական աղբյուրները: Հավանաբար, այս տարի կավարտենք մնացած երեք հատորները: Դրանք հետագայում լույս կտեսնեն այլ լեզուներով», - ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Ներկա պահին ինստիտուտի 8 բաժնում աշխատում են 56 գիտաշխատողներ, որոնց շարքում բավականին մեծ մաս են կազմում երիտասարդները: Այստեղ, անկախ ստեղծված կարծրատիպից, որ Հայաստանում գիտությամբ զբաղվում են միայն տարեց մարդիկ, երիտասարդների (մինչև 35) և տարեցների թիվը հավասար է միջին տարիքի գիտաշխատողների թվին, ինչը նշանակում է, որ տարիքային առումով բալանսը բավականին հավասարակշռված է: 

«Շատերը Հայաստանում ասում են, որ գիտությունը ծերանում է, սակայն մեզ մոտ այդպես չէ: Այնուամենայնիվ, խնդիրը հետևյալն է՝ աշխատավարձերը ցածր են, և շատ երիտասարդներ ստիպված են մի քանի տեղ աշխատել, ինչի արդյունքում մարդիկ չեն կարողանում իրենց ամբողջությամբ նվիրել գիտությանը: Կարևորը, որ մարդիկ արդյունք են տալիս. բացի մեր գիտական պարբերականներից, մեր աշխատակիցները տարեկան մի քանի հարյուր հոդված են հրապարակում տարբեր լեզուներով», - հավելեց Ռուբեն Սաֆրաստյանը:

Ինստիտուտն ունի հետևյալ հետազոտական բաժինները` Հին Արևելքի, Քրիստոնյա Արևելքի, Արաբական երկրների, Թուրքիայի, Իրանի, Արևելյան Ասիայի երկրների ևՔրդագիտական ուսումնասիրությունների խումբը:

Արաբական երկրների բաժնի վարիչ Լիլիթ Հարությունյանը սեփական փորձից լավ գիտի, որ Հայաստանում գիտությամբ զբաղվելը նվիրյալների գործն է:

«Ընդհանուր առմամբ, մեր բաժնի գործունեության մասին ասեմ, որ այն զբաղվում է Մերձավոր Արևելքի արաբական երկրների արդի հիմնախնդիրներով: Զբաղվում ենք ինչպես երկրագիտական թեմաներով, այնպես էլ միջարաբական և տարածաշրջանային հարաբերությունների ուսումնասիրմամբ: Նաև մեր բաժնի հետազոտությունների մեջ մեծ մաս է կազմում քաղաքական իսլամին վերաբերող թեմատիկան: Վերջերս որպես առանձին թեմա ներառել ենք նաև «Իսլամը Ադրբեջանում», - ասաց Լիլիթ Հարությունյանը:

Թուրքագետ Վահրամ Տեր-Մաթևոսյանը մոտ տասնմեկ տարի առաջ հրավեր ստացավ համալրելու ինստիտուտի գիտնականների շարքը՝ անմիջապես ասպիրանտական թեկնածուական թեզը պաշտպանելուց հետո: Իր կարծիքով, թուրքագիտության ոլորտում մեր բացերից են երկար տարիներ Թուրքիայի պատմությանը նվիրված բուհական դասագրքի բացակայությունը և սուղ հնարավորությունները՝ ներսից իմանալու մեր արևմտյան հարևանին:

«Վերջերս, երբ Հայաստանում վերջապես լույս տեսավ Թուրքիայի պատմությանը նվիրված առաջին դասագիրքը, որոշ լրատվամիջոցներ հարց բարձրացրեցին, թե մի՞թե Հայաստանում անհրաժեշտություն կար մի գրքի շնորհանդեսն անել, որը նվիրված է Թուրքիայի պատմությանը: Սա ևս ցույց է տալիս, որ կան մի շարք կարծրատիպեր, որոնք պետք է հաղթահարել:

Թուրքիայի լավագույն գիտնականները հիմնականում աշխատում են սփյուռքահայ գիտնականների հետ, ինչի պատճառով տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանում թուրքագիտություն չկա: Սակայն իրականում վերջին շրջանում Թուրքիան բազմաթիվ առիթներ է ունեցել հասկանալու, որ պատկերը փոխվում է», - ասաց Վահրամ Տեր-Մաթևոսյանը:

Թուրքագետը նշեց, որ ինչպես դեռ անցած դարի 30-ականներին ասել էր մի թուրքագետ՝ Թուրքիան պրոցես է: Այդ առումով, նրա կարծիքով, Թուրքիան մենք պետք է իմանանք ոչ միայն դրսից, այլ նաև՝ ներսից, կողքից:

Մեր ամենահին հարևան Իրանն ուսումնասիրող արևելագետ Գոհար Իսկանդարյանն արևելագիտություն Վահրամ Տեր-Մաթևոսյանի պես եկել է պատմագիտությունից: Նրա գնահատմամբ, մենք բավականին լավ չենք ճանաչում մեր հարավային հարևանին, քանի որ դա գրեթե անհնարին է՝ Իրանն ունի 2500 տարվա պետականություն և դիվանագիտական համակարգ, որը անչափ հեռահար է, և նույնիսկ արևմտյան վերլուծական կենտրոններում աշխատող իրանացիները ամբողջությամբ չեն հասկանում Իրանի դիվանագիտությունը:

«Իրանն ինքնին շատ հետաքրքիր պետություն է իր պատմությամբ, և հայ-իրանական հարաբերությունները միշտ եղել են հայ արևելագետների ուղադրության կենտրոնում: Այսօր այն շատ լավ հարաբերություններ ունի Հայաստանի Հանրապետության հետ: Ի տարբերություն նույնիսկ Վրաստանի, Իրանում հայկական եկեղեցիները պահպանվում են պետական միջոցներով, այսինքն` գիտակցելով այս ամենը՝  Իրանն իր 2500 պատմությամբ բավականին հետաքրքիր թվաց ինձ, և որոշեցի զբաղվել հենց այդ երկրի ուսումնասիրությամբ», -ասաց Գոհար Իսկանդարյանը:

Խոսելով ինստիտուտի խնդիրների մասին՝ ինստիտուտի ղեկավար Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ անկախ ֆինանսների սղությունից, ինչը սահմանափակում է տպագրվող գիտական աշխատությունների քանակը և գիտնականների գործուղումների ավելի հաճախ իրականացումը, ինստիուտի գործունեության նկատմամբ հետաքրքրություն կա տարբեր պետական մարմինների և գերատեսչությունների կողմից, և իրենց հետ հաշվի են նստում: Նրա խոսքով՝ տարեկան բազում արտերկրացի գիտնականներ և գործիչներ են գալիս ոչ միայն գիտական կապեր հաստատելու նպատակով, այլ նաև այս կամ այն գործընթացի վերաբերյալ հայ արևելագետների կարծիքն իմանալու համար: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]