Հասարակական

Նոր տարին Արարատյան դաշտում առանց ձյան կդիմավորենք. օդերևութաբան

2 րոպեի ընթերցում

Նոր տարին Արարատյան դաշտում առանց ձյան կդիմավորենք. օդերևութաբան

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Արարատյան դաշտում և հովտային շրջաններում Նոր տարին կդիմավորենք առանց ձյան: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետԶարուհի Պետրոսյանը:«Ինչպես տեսնում եք, շատ տաք դեկտեմբեր է, ամսվա առաջին և երկրորդ տասնօրյակում ջերմաստիճանը 2 աստիճանով բարձր էր նորմայից, իսկ վերջին հնգօրյակում` 5-6 աստիճանով էր բարձր: Դեռ որոշակի բարձրացում սպասվում է: Վաղը ջերմաստիճանը կբարձրանա, Տավուշում այն կհասնի մինչև 18 աստիճանի, Սյունիքում` 14 աստիճանի: Ամսի 31-ին մեկ աստիճանով կնվազի ջերմաստիճանը, հունվարի մեկից 1-2 աստիճանով կնվազում կդիտվի, հունվարի 2-ին և 3-ին սպասվում են թույլ տեղումներ: Նոր տարին հովտային, նախալեռնային շրջաններում կդիմավորենք առանց ձյան, միայն լեռնային շրջաններում ձյուն կդիտվի»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց օդերևութաբանը:

Նրա խոսքով` հունվարը ևս կանխատեսվել է նորմայից ավելի տաք: «Այս տարի հունվարը կանխատեսվել է 2-3 աստիճանով տաք: Միջին ջերմաստիճանը կլինի -2-ից -1:

Նմանատիպ տաք հունվարներ են դիտվել 1966-ին, 1987-ին, 2003-ին»,-ասաց նա:

Զարուհի Պետրոսյանը նաև տեղեկացրեց, որ հունվարի առաջին հնգօրյակից հետո սպասվում են տեղումներ, այդ իմաստով` հունվարը նորմայից բարձր է լինելու: «Արարատյան դաշտում ամսի 6-ից հետո ինտենսիվ փոփոխություններ են սպասվում: Առաջին հնգօրյակից հետո ձմեռը պետք է մտնի իր հունի մեջ»,-ավելացրեց Զարուհի Պետրոսյանը:

Տաք ձմռան հնավոր վնասը, ըստ օդերևութաբանի, կարող է լինել վեգետացիայի արթնացումը, բայց քանի որ հունվարին ջերմաստիճանի նվազում կդիտվի, այդ վտանգը կչեզոքացվի:

Հարցին ի պատասխան, թե արդյոք հնարավոր է անցյալ տարվա նման ունենանք ջրային ռեսուրսների պակաս տեղումների բացակայության պատճառով, Զարուհի Պետրոսյանը ընդգծեց, որ անցյալ տարի աշնանը չենք ունեցել տեղումներ, իսկ այս տարի դիտվել են: Բացի այդ` հունվարին տեղումների քանակը կանխատեսվել է բավականին բարձր, որը հույս է առաջացնում, որ նման իրավիճակ չի ստեղծվի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում