Ուրուգվայի փոխնախագահը խոսել է ԼՂՀ անկախության ճանաչման հնարավորության մասին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուրուգվայն աշխատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչելու ուղղությամբ: Այս մասին Ազգային ժողովում կայացած ասուլիսի ընթացքում հայտարարեց Ուրուգվայի փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորին՝ պատասխանելով հարցին` հնարավոր է՞, որ Ուրուգվայը դառնա ԼՂՀ անկախությունը ճանաչած առաջին պետությունը:
«Իմ երկիրն աշխատում է այդ ուղղությամբ, սակայն, ցանկանում եմ նշել, որ մեր երկրի կառավարությունը ցանկանում է պահպանել լավ հարաբերությունները բոլոր, հատկապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում ներգրավված երկրների հետ»,- ընդգծեց Աստորին:
ՀՀ Ազգային ժողովի նախագահի հրավերով` Ուրուգվայի գործող փոխնախագահ,օրենսդիր մարմնի`Ընդհանուր ժողովի նախագահ Դանիլո Աստորին դեկտեմբերի 5-ին պաշտոնական այցով ժամանել է Երևան։ Սա ուրուգվայցի մինչ այժմ ամենաբարձրաստիճան պաշտոնյայի այցն է Հայաստան։ Ուրուգվայն առաջին պետությունն էր, որը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: