Հասարակական

Ոստիկանությունը կվերացնի ծեծի միջոցով ցուցմունք կորզելը

2 րոպեի ընթերցում

Ոստիկանությունը կվերացնի ծեծի միջոցով ցուցմունք կորզելը

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությունը գերնպատակ է դարձրել ծեծի և խոշտանգումների ենթարկելու միջոցով ցուցմունք կորզելու հնարավորությունը իսպառ բացառելը: «Ոստիկանության հաշվետվողականությունը, թափանցիկությունը և խորհրդարանական վերահսկողությունը» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը: «Մենք հեռու ենք այն մտքից, որ այդ ամենը առկա չէ համակարգում, բայց մենք անում ենք ամեն ինչ` նմաններին համակարգից հեռացնելու համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:

Վարդան Եղիազարյանը վստահեցրեց, որ ոստիկանությունն իր իսկ սխալների հիման վրա մաքրում է համակարգը: «Կան մարդիկ, ովքեր մենաշնորհի են վերածում ոստիկանությանը քննադատելը և դրա հաշվին փորձում են երկարաձգել իրենց գոյատևումը: Մինչդեռ ասեմ, որ ոստիկանությունն ինքն է մաքրում իր համակարգը: Դուք հիմա տեսնում եք այնպիսի դեպքերի բացահայտում, որոնք նախկինում թաքցվում էին»,- նշեց Վարդան Եղիազարյանը:

Ըստ նրա՝ ընթացիկ տարվա 10 ամիսներին ոստիկանության աշխատակիցների կողմից լիազորություններն անցնելու 1571 դեպք է գրանցվել, որոնցից 845-ի դեպքում տուգանվել են, 61 ոստիկան հեռացվել է աշխատանքից, 10-ը՝ դատապարտվել: Ոստիկանությունը նաեւ համագործակցում է ՀԿ-ների ու միջազգային կառույցների, մասնավորապես՝ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ:

Եղիազարյանը վստահեցրեց, որ ոստիկանության աշխատանքը թափանցիկ է: Որպես օրինակ՝ փոխոստիկանապետը նշել է ոստիկանության կայքի ակտիվ աշխատանքը, նաեւ այն հանգամանքը, որ տեղեկատվության ազատության պլանում այն արժանացել է «Ոսկե բանալի» մրցանակի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում