ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծաղկաձորում նոյեմբերի 12-13-ը անցկացվել է «Ջրային ռեսուրսների կառավարման գործընթացի բարելավումը պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում» աշխատաժողովը` կազմակերպված Ջրային տնտեսության պետական կոմիտեի, Ասիական զարգացման բանկի և Եվրոպական ներդրումային բանկի համագործակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ջրային տնտեսության պետական կոմիտեից, աշխատաժողովի նպատակն է պետություն-մասնավոր գործընկերության մոդելի կիրառմամբ ջրային ռեսուրսների կառավարման Հայաստանի փորձը ներկայացնել տարածաշրջանի մի շարք երկրների: Որպես պետական-մասնավոր գործընկերության հաջողված օրինակ` միջազգային ֆինանսական կազմակերպությունները դիտարկում են Հայաստանի փորձը` զարգացող և անցումային տնտեսություն ունեցող երկրներում կիրառելու համար: Երկօրյա աշխատաժողովին փորձի փոխանակման նպատակով ներկա են եղել Պակիստանի, Ուզբեկստանի, Արևելյան Թիմորի, Ֆիլիպինների, Մոլդովայի, Վրաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները:
Հայաստանն աշխարհի այն քիչ երկրներից է, որտեղ ջրամատակարարման ոլորտն ամբողջապես իրականացվում է պետական-մասնավոր գործընկերության ձևաչափով: Հայաստանի Հանրապետությունում խմելու ջրի ոլորտում պետական-մասնավոր գործընկերությունն սկսվել է 2000 թվականից: Ներկայումս հանրապետության բոլոր ջրամատակարար ընկերությունները շահագործվում կամ կառավարվում են ջրային ոլորտի կառավարման մեծ փորձառություն ունեցող միջազգային օպերատորների կողմից: Ոլորտում իրականացված բարեփոխումների արդյունքում բարելավվել է ջրամատակարարման և սպասարկման որակը, ավելացել ջրամատակարարման տևողությունը, ընկերություններն առաջատար դիրքեր են գրավում լավագույն հարկատուների ցանկում, նվազեցվել է պետության կողմից տրամադրվող սուբսիդավորումը:
Հայաստանում ջրային ռեսուրսների կառավարման բարելավման և ջրամատակարարման համակարգերի արդիականացման նպատակով ֆինանսական և տեխնիկական օժանդակցություն են տրամադրում նաև միջազգային զարգացման բանկերը, ինչպես Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ), Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ), Մայնի Ֆրանկֆուրտի Վերականգնման վարկերի բանկը (ՎՎԲ), և Համաշխարհային բանկը (ՀԲ):
«2007 թվականին Հայաստանում Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերից առաջինը «Ջրամատակարարման և ջրահեռացման ծրագիր»-ն էր: Բանկը առաջնահերթ էր համարում ջրամատակարարման ոլորտի բարելավումը և դրա կարևորությունը գյուղական և քաղաքային բնակավայրերի շահառուների համար: Մեզ համար կարևոր խթան են երկրում ջրային ոլորտի արդիականացման գործում նաև մասնավոր հատվածի ձեռնարկած քայլերը: ԱԶԲ-ի ֆինանսավորմամբ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն կարողանում է մաքուր և անվտանգ ջրամատակարարում ապահովել Հայաստանի 30 քաղաքների և 161 գյուղերի բնակիչների բնակարաններում և աշխատավայրերում»,- նշել է Հայաստանում Ասիական զարգացման բանկի մշտական առաքելության ղեկավար Դեյվիդ Դոուլը:
Աշխատաժողովին ներկա են եղել միջազգային բանկերի, Հայաստանի Հանրապետության ջրային ոլորտում ներգրավված մասնավոր կառավարիչների, ինչպես նաև ոլորտում բարեփոխումներ իրականացրած խորհրդատվական ընկերությունների ներկայացուցիչները: