Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Հազվադեպ արատով ծնված երեխայի հարցը առողջապահության նախարարի ուշադրության կենտրոնում է

Հազվադեպ արատով ծնված երեխայի հարցը առողջապահության նախարարի 
ուշադրության կենտրոնում է

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարարությունն այս շաբաթ կքննարկի «Մալաթիա» բժշկական կենտրոնում տեղի ունեցած արտառոց դեպքը, որտեղ հազվադեպ արատով երեխա է ծնվել. բացակայել են նորածնի երկու ձեռքերը և մեկ ոտքի ծայրամասերը: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: «Արատները տարբեր պատճառաբանություն ունեն: Միանշանակ չեմ կարող ասել, թե ինչի հետ է կապված նման արատով ծնունդը, չեմ կարող մեկնաբանել, բայց ես խոստանում եմ, որ առաջիկայում այդ հարցով կլինի բաց  քննարկում, որին բոլորը կարող են մասնակցել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ընդգծեց նախարարը:

Պատասխանելով դիտարկմանը, թե եթե դեռևս հայտնի չեն պատճառները, ապա ինչո՞ւ է պատասխանատու բժիշկը հեռացվել աշխատանքից՝ նախարարը նկատեց, որ հիվանդանոցը կիրառել է համապատասխան վարչական մեթոդները, սակայն ղեկավարությունը պետք է ներկայացնի կատարած քայլի վերաբերյալ հիմնավորումները, պետք է հնչեն այդ քայլի բացատրությունները:

Լրագրողների դիտարկմանը, թե այն բժիշկները, որոնք բժշկական այս կամ այն սխալի համար հեռացվել են, հետագայում հայտնվում են մարզային հիվանդանոցներում, նախարարը կարծիք հայտնեց, որ յուրաքանչյուր հանցանք պետք է ունենա իրավաբանական գնահատական, և եթե այդ գնահատականները կան, բժիշկը ենթարկվել է որևէ տեսակի վարչական կամ դատական կարգով տույժի, նա պետք է այն կրի՝ անկախ նրանից, թե տույժը կլինի աշխատանքից հեռացում կամ ազատազրկում: «Եթե տույժի ժամկետները սպառվում են և նա չի զրկվել բժշկական գործունեություն ծավալելու իրավունքից, նա կարող է օգտվել նման հնարավարությունից և իր աշխատանքներն իրականացնել մարզում»,- նկատեց նախարարը:

Հոկտեմբերի 31-ին «Մալաթիա» բժշկական կենտրոնում հազվադեպ հանդիպող արատով երեխա է ծնվել. բացակայել են նորածնի երկու ձեռքերը և մեկ ոտքի ծայրամասերը: Հաղորդագրության մեջ նշվել է, որ կինը 5-6 անգամ այցելել է կոնսուլտացիայի, կատարվել է էխոգրաֆիկ հետազոտություն, սակայն արատը չի ախտորոշվել բժշկի կողմից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am