Ղարաբաղյան հիմնահարց

«Սան Լորենցո» ֆուտբոլային ակումբն ի վնաս Արցախի Ադրբեջանի հետ չի համագործակցի

3 րոպեի ընթերցում

«Սան Լորենցո» ֆուտբոլային ակումբն ի վնաս Արցախի Ադրբեջանի հետ չի համագործակցի

ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինական Սան Լորենցո ֆուտբոլային ակումբի նախագահ Մաթիաս Լամենսի պատվին Արգենտինայի հայ համայնքի ներկայացուցիչները միջոցառում են կազմակերպել եւ շնորհակալություն հայտնել, որ ֆուտբոլային ակումբը զերծ է մնացել ադրբեջանական սադրանքներից եւ հանուն կեղծ քարոզչության չի վաճառվել: «Ես երջանիկ եմ, որ Սան Լորենցոն դարձավ առաջնեկ այս հարթությունում եւ ապացուցեց, որ փողը դեռեւս ամեն ինչ չէ եւ որ ամեն ինչ չէ , որ կարող ես փողով գնել ու բոլորը չէ, որ ծախու են»,- արգենտինական Prensa Armenia-ի փոխանցմամբ` հայտարարել է Լամենսը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, միջոցառմանը մասնակցել են ոչ միայն հայ համայնքի ներկայացուցիչներ, այլեւ Արգենտինայի առաջնության ամենահայտնի ֆուտբոլային ակումբների նախագահները, մարզիկներ եւ մարզական լրագրողներ: Նրանք բոլորն էլ իրենց գոհունակությունն են հայտնել` շեշտելով, որ Սան Լորենցո ֆուտբոլային ակումբի դիրքորոշումն ու պահվածքը կարող է օրինակ ծառայել նաեւ նրանց համար:

«Մեզ առաջարկում էին մեր շապիկներին գրել մի բան, որը սուտ է, մեզ առաջարկում էին սպորտը դարձնել քարոզչության միջոց: Երբեմն ուժ եւ փող ունենալով մարդիկ փորձում են ձեւախեղել պատմությունը: Լեռնային Ղարաբաղը միշտ էլ եղել է հայկական տարածք մինչեւ 1920-ական թվականները եւ դրանից հետո էլ այնտեղ ապրող մարդկանց մեծամասնությունը հայեր են եղել: Ցավալի է, որ փողն այդքան մեծ տեղ է զբաղեցնում մեր հասարակությունում»,- ասել է Լամենսը` հավելելով, որ երջանիկ է, որ ուրուգվայական Penarol ֆուտբոլային ակումբն էլ է հրաժարվել ադրբեջանական քարոզչությունից:

Միջոցառման ավարտին Արգենտինայի հայ համայնքը պարգեւատրել է Լամենսին, հումանիստական գաղափարախոսության եւ ճշմարտության պահպանման համար:

Արգենտինական Սան Լորենցո ֆուտբոլային ակումբն այս տարվա հուլիսին հայտարարեց, որ հրաժարվում է Ադրբեջանի հետ համագործակցությունից, քանի որ տրամադրվող հսկայական միլիոնների դիմաց Ադրբեջանի ղեկավարությունը պարտադրել էր, որպեսզի մարզիկների շապիկներին գրվի «Էթնիկ հայեր գոյություն չունեն» գրությունը: Նույն պատճառաբանությամբ Ադրբեջանի հետ համագործակցությունից հրաժարվել էր նաեւ ուրուգվայական Penarol ֆուտբոլային ակումբը: Իսպանական «Ատլետիկո Մադրիդ» ֆուտբոլային ակումբն այս պահին միակն է, որ համագործակցում է Ադրբեջանի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում