Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Հայաստանը կարևորում է երկրում էներգիայի այլընտրանքային աղբյուրների զարգացումը

Հայաստանը կարևորում է երկրում էներգիայի այլընտրանքային աղբյուրների 
զարգացումը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էներգիայի ալտերնատիվ աղբյուրների զարգացումը մեր երկրի էներգետիկ անվտանգության կարևորագուն ուղղություններից է, բայց մենք պետք է առաջնային ուշադրություն դարձնենք էներգախնայողության և էներգաարդյունավետության բարձրացման վրա: Այս մասին հոկտեմբերի 13-ին «Քաղաքների պլանավորման, բնակարանային տնտեսության, էներգաարդյունավետության և աղետների ռիսկերի նվազեցման  ազգային կարողությունների հզորացում» թեմայով աշխատաժողովի մեկնարկի ժամանակ ասաց ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Սիմոն Պապյանը:

Բնապահպանության նախարարի տեղակալը հավելեց, որ այս ուղղությամբ արդեն իրականացվել են մի քանի պիլոտային ծրագրեր Գորիսում և Երևանում շենքերի էներգախնայողության բարձրացման վերաբերյալ, որոնք թույլ կտան տվյալ շենքերում ձմռանը ապահովել մինչև 30% էներգախնայողություն: «Այս խնդիրն առկա է մասնավոր բնակարաններից մինչև հասարակական տարածքներ, քաղաքային տնտեսություն: Այս ոլորտում մենք ձեռնարկում ենք որոշակի քայլեր, մասնավորապես Քաղաքաշինության նախարարության հետ համատեղ, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ իրականացնում ենք շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացման ուղղությամբ ծրագրեր», - ասաց Սիմոն Պապյանը:

Աշխատաժողովի նպատակն է քննարկել բնակավայրերի կայուն զարգացման՝ կայուն քաղաքաշինության, տարածքային պլանավորման, բնակարանային քաղաքաքականության, շենք-շինություններում էներգաարդյունավետության բարձրացման, աղետների ռիսկերի նվազեցման ոլորտներում առկա խնդիրները և միջազգային փորձագետների հետ համատեղ գտնել նշված ոլորտներում առաջացած խնդիրների լուծումները:

«Քաղաքաշինության նախարարության կողմից մոտակա ժամանակ կատարվելու է տարածքային պլանավորման, բնակարանային քաղաքականության զարգացման, շենքերում էնէրգաարդյունավետության զարգացման և էներգախնայողության ոլորտներում ուսումնասիրություններ, որոնց հիման վրա կմշակվեն առաջարկություններ նաև կլիմայական փոփոխությունների ազդեցությունների դիմակայման և աղետների ռիսկերի կրճատման ուղղությամբ», - աշխատաժողովի բացմանն ասաց ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:

ՄԱԿ ԵՏՀ-ի և ՄԱԿ-Հաբիթաթի հետ երկարամյա համագործակցության շրջանակում նախատեսվում է իրականացնել Հայաստանի քաղաքների պլանավորման և կայուն բնակարանային տնտեսության ազգային կարողությունների զարգացման ծրագիրը: Նախատեսվում են երկրի նկարագրի ուսումնասիրություններ՝ կայուն քաղաքաշինության, տարածական պլանավորման, բնակարանային քաղաքականության ոլորտներում: Այս ուսումնասիրությունների հիման վրա կմշակվեն բարեփոխումների իրականացման առաջարկություններ և գործողությունների ծրագիր:

«Մենք ապրում ենք մի հետաքրքիր ժամանակաշրջանում, երբ համաշխարհային հանրությունը վերակազմավորում է համաշխարհային կայուն զարգացման քաղաքականությունը: Հույս ունեմ, որ համաժողովի ընթացքում մենք կբացահայտենք այս բնագավառում Հայաստանի համար կարևոր ոլորտները», - ասաց ՄԱԿ-Հաբիթաթի միջտարածաշրջանային խորհրդատու Պաուլիս Կուլիկաուսկասը:

Աշխատաժողովին մասնակցում են ՄԱԿ ԵՏՀ-ի բնակարանային տնտեսության և հողերի կառավարման կոմիտեի և ՄԱԿ-Հաբիթաթի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար պաշտոնյաներ, ՀՀ պետական կառավարման, տարածքային կառավարման մարմինների, Հայաստանում գործող միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am