Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Միջազգային ֆինանսական կորպորացիան կմեծացնի Հայաստանի տնտեսության ոլորտում ներդրումները

Միջազգային ֆինանսական կորպորացիան կմեծացնի Հայաստանի տնտեսության 
ոլորտում ներդրումները

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն Ջին Յոնգ Ցային: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) դերակատարումը Հայաստանի տնտեսության զարգացման գործում և կարևորել հետագա փոխգործակցությունը: Նրա խոսքով՝ համագործակցության անցած 15 տարիների ընթացքում մեր երկրում իրականացվել են ավելի քան 320 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով ներդրումային ծրագրեր, գերազանցապես ֆինանսական շուկաների, արդյունաբերության և հանքարդյունահանման ոլորտներում«Մեր երկիրը վերջին տարիներին գործարար և ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ ինստիտուցիոնալ և կարգավորման դաշտի լրջագույն բարեփոխումներ է իրականացրել, այդ թվում` ՄՖԿ-ի գործուն աջակցությամբ»,-նշել է վարչապետը: Հովիկ Աբրահամյանը շեշտել է, որ տեսչական համակարգի բարեփոխումները ՀՀ կառավարության քաղաքականության օրակարգի առանց­քային ուղղություններից են, և կառավարությունը հավատարիմ է մնալու իր որդեգրած հանձնառություններին: Նա կարևոր է համարել, որ   ՄՖԿ-ն ավելացրել է իր մասնակցությունը Համաշխարհային բանկի հետ Հայաստանի գործընկերության ներկա ռազմավարության շրջանակում:

Միջազգային ֆինանսական կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրենը, կարևորելով փոխգործակցությունը Հայաստանի հետ, գոհունակությամբ արձանագրել է իրականացվող բարեփոխումների արդյունավետությունը և նշել, որ շարունակելու են աջակցել և ծրագրեր իրականացնել հանքարդյու­­նա­բերության, ագրոբիզնեսի, էներգետիկայի և այլ ոլորտներում, մեծացնել  ներդրումային պորտֆելը տնտեսության իրական հատվածում: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել համագործակցությանն առնչվող այլ հարցերի ևս:

Վաշինգտոնում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպում է ունեցել նաև Ամերիկայի ազգային կոմիտեի (ANCA) ներկայացուցիչների հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանի արտաքին, ներքին քաղաքականությանը, տնտեսության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am