Ռուբլու տատանումները ուղղակի ազդեցություն չեն ունենա Հայաստանում. Ռուբեն Վարդանյան
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ֆինանսական կառույցների դեմ կիրառված պատժամիջոցները և ռուբլու փոխարժեքի տատանումները չեն կարող ուղղակիորեն ազդել Հայաստանի տնտեսության վրա: Այս մասին լրատվամիջոցների հետ ճեպազրույցում ասաց ռուսաստանաբնակ գործարար, IDeA բարեգործական հիմնադրամի ղեկավար Ռուբեն Վարդանյանը: Նրա խոսքով` Հայաստանը չունի ուղիղ կախվածություն ռուսաստանյան ֆինանսական համակարգից, ինչն էլ նրան պաշտպանում է ուղղակի ազդեցություններից: «Հայաստանը ֆինանսավորում է ստանում ոչ միայն ռուսական, այլև միջազգային տարբեր ֆինանսական կառույցներից: Այս առումով` Հայաստանն ունի հանրավորություն ներկա իրավիճակում պահպանելու վերաֆինանսավորման տոկոսադրույքը նույն մակարդակում և ճիշտ դրամավարկային քաղաքականության շնորհիվ խուսափել այդ ազդեցություններից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Վարդանյանը:
Ռուսաստանաբնակ գործարարը խոսեց նաև Հայաստանի բանկային համակարգի մասին` նշելով, որ համակարգում անխուսափելի է կոնսոլիդացիան: «21 բանկի գոյությունը Հայաստանում մեծ թիվ է: Որպեսզի բանկերը կարողանան օբյեկտիվորեն կազմակերպել իրենց աշխատանքը և համապատասխանեն միջազգային չափանիշներին, պետք է խոշորանան: Հայաստանի բանկերի համար միաձուլումը անխուափելի է: Դա անհրաժեշտ է նաև նոր ներդրողների ներգրավման համար»,- ասաց նա:
Հայգործարար Ռուբեն Վարդանյանը եղել է Ռուսական «Սբերբանկ»-ի վարչության նախագահի խորհրդական, ՍԿՈԼԿՈՎՈ մոսկովյան կառավարման դպրոցի նախկին նախագահ, BRICS Business Magazine խմբագրական խորհրդի նախագահ։Ռուբեն Վարդանյանն անդամակցում է մի շարք ընկերությունների խորհուրդներին, ինչպիսիք են, «ԿԱՄԱԶ»-ը, «ՍԻԲՈՒՐ Հոլդինգ»-ը, «Ջոուլ Անլիմիթեդ»-ը, «Ռոսգոսստրախ»-ը և «Ամերիաբանկ»-ը: Հանդիսանում է Համաշխարհային բանկի խմբի անդամ` մասնավոր հատվածն սպասարկող Միջազգային ֆինանսական կորպորացիայի Տնտեսական խորհրդատվական խորհրդի անդամ: