Տնտեսություն

Հայաստանը տեքստիլ արտադրությանը նոր թափ կհաղորդի

3 րոպեի ընթերցում

Հայաստանը տեքստիլ արտադրությանը նոր թափ կհաղորդի

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեքստիլի արտադրության ոլորտում պատմություն և ավանդույթներ ունեցող Հայաստանը նոր թափ կհաղորդի տնտեսության այս ճյուղին: Ոլորտի արդիականացման և վերազինման ֆինանսական օժանդակությունն ապահովել է Ռուսաստանի Դաշնությունը, որը ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության հիմնադրամին տրամադրած ֆինանսական միջոցներն ուղղել է Հայաստանում տեքստիլ արտադրությանը: Երկամյա ծրագրի մեկնարկի հանդիսավոր արարողության ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն ճշմարիտյանը նշեց, որ Հայաստանի կառավարությունն իր առջև նպատակ է դրել Հայաստանը ինտեգրելու համաշխարհային ժամանակակից տնտեսությանը և ապահովելու առաջատարի դիրքերը տարածաշրջանային զարգացումներում: «Հայաստանում բավարար ներուժ կա: Մեր երկրում դեռևս վաղուց ձևավերվել են ավանդույթներ այս ոլորտում, և մենք պարտավոր ենք այս առավելությունը օգտագերծել ի շահ Հայաստանի տնտեսության: Մենք հավակնոտ ծրագրեր ենք մշակել և կփորձենք վերականգնել մեր դիրքերը միջազգային շուկայում: Վստահ եմ, որ այս ծրագիրը կնպաստի ճյուղի արդիականացմանը և հնարավորություն կտա այստեղ ներդնել արտադրության նոր մշակույթ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նախարարը:

Էկոնոմիկայի նախարարի համոզմամբ` հայկական արտադրանքը որակական առումով ևս պետք է բավարարի համապատասխան չափանիշներին: «Մենք կարևորում ենք հայկական բրենդի ձևավորումը տեքստիլ արտադրության ոլորտում: Դա նաև հնարավորություն կտա կանոնավոր կերպով արտահանում իրականացնել: Մեզ համար ներկայումս կարևոր է նաև հավաստագրման հարցը, որն այժմ կատարվում է մեր երկրի սահմաններից դուրս և կապված է որոշակի բարդությունների հետ: Մենք երախտապարտ կլինենք, եթե ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության` UNIDO-ի օգնությամբ կարողանանք ստեղծել համապատասխան լաբորատորիա և մատուցել ծառայություններ ոլորտի ձեռնարկություններին: Ակնկալում ենք, որ ծրագրի ավարտին կտեսնենք նոր տեխնոլոգիաների ներդրում տեքստիլ արտադրության ոլորտում»,- ասաց Ճշմարիտյանը:

UNIDO-ի նոր ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող արդյունաբերական ճյուղերի մրցունակության բարձրացմանը և շուկայի մատչելիությանը: Ծրագիրը ֆինանսավորվում է ՌԴ-ի` UNIDO-ի Արդյունաբերական զարգացման հմնադրամին կատարած ներդրումներից: Ծրագիրը նպատակ ունի մեծացնել տեքստիլի և հագուստի արտադրությունում տեղական ձեռնարկությունների մասնաբաժնիը, նպաստել միջազգային շուկաներում Հայաստանի ինտեգրմանը: Ծրագիրն օգնելու է ՓՄՁ-ներին` զարգացնելու և արդիականացնելու իրենց տեխնիկական կարողությունները` որակյալ և բարձրարժեք դիզայնով հայկական արտադրանք շուկա հանելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում