Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Ալիեւը սեփական դեմքը «փրկելու» ճիգեր է գործադրում

Ալիեւը սեփական դեմքը «փրկելու» ճիգեր է գործադրում

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան առաջատար The New Jork Times թերթն իր երեկվա համարում ծավալուն ինֆոգրաֆիկ հոդված էր հրապարակել Միացյալ Նահանգներում տեղակայված ուղեղային կենտրոններում նավթային փողերով ազդեցություն գնելու շուրջ Ադրբեջանի կառավարության ջանքերի մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թերթն իր այսօրվա համարում զետեղել է Ադրբեջանի կառավարության հայտնի վարձու լոբբիստ, Իսրայելի Հայֆա համալսարանի պրոֆեսոր, ԱՄՆ Ջորջթաունի համալսարանի հետազոտող Բրենդա Շաֆերի հոդվածը, որում փորձ է արվում օգոստոսի սկզբին Ադրբեջանի բանակի կողմից ՀՀ եւ ԼՂՀ սահմաններում իրագործած դիվերսիոն գործողությունները վերագրել հայկական կողմին: Միանշանակ է, որ այդ գործողությունները հրահանգած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ամերիկյան թերթում իր լոբբիստ Բրենդա Շաֆերի բերանով արտահայտած անհեթեթություններով հոդվածի տպագրությունը հովանավորել է սեփական բանակի կրած խայտառակ պարտությունից իր դեմքը «փրկելու» համար:

Հոդվածում Բ. Շաֆերը ուկրաինական իրադարձությունների եւ Ադրբեջանի հետ ՀՀ եւ ԼՂՀ սահմաններում վերջին լարվածության համար մեղադրում է Ռուսաստանին: Նա նշում է, որ Մոսկվան այդ քայլերն անում է հակամարտ կողմերին «մշտապես իր ազդեցության տակ պահելու» եւ տարածաշրջանում «ռուս խաղաղապահներ տեղակայելու» համար:

Հոդվածի «մեխն» այն է, որ Բ. Շաֆերը «հավաստում է», թե հայերն, իբր, «երեք կողմից Ադրբեջանի վրա հարձակվել են երկրից Իլհամ Ալիեւի բացակայելու ժամանակ»: «Հուլիսի 31-ին հայերն անակնկալ եւ համակարգված կերպով երեք կողմից հարձակվեցին Ադրբեջանի վրա: Այդ հարձակման ժամանակ նախագահ Իլհամ Ալիեւն ու պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը գտնվում էին երկրից դուրս», -գրում է Բ. Շաֆերը` ակնհայտ կերպով կրկնելով օգոստոսի սկզբին կրած խայտառակ պարտությունից շոկի մեջ հայտնված ադրբեջանական կողմի զառանցանքները:

Ավելին` Բ. Շաֆերը «որոշում է», թե ինչ պետք է անի ԱՄՆ-ը Ռուսաստանի դեմ: «Ղարաբաղյան հակամարտությունը լուծված չլինելու համար Վաշինգտոնը պետք է մեղադրի Ռուսաստանին եւ հակազդի տարածաշրջանում լրացուցիչ ռազմական ուժեր տեղակայելու Մոսկվայի ծրագրերին», -գրում է նա:           Այնուհետեւ Ադրբեջանի լոբբիստն անդրադառնում է Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպմանը եւ ափսոսանք հայտնում, որ այդ հանդիպման ժամանակ չհաջողվեց առաջընթաց գրանցել ԼՂ հակամարտության կարգավորման գործում:

Բաքվի հանձնարարությամբ խոսող Բ. Շաֆերը լավ գիտի, որ ԼՂՀ եւ ՀՀ սահմաններում օգոստոսյան լարվածության հեղինակը Իլհամ Ալիեւն է: Այդ դիվերսիաներով փորձելով հասնել ինչ-որ հաջողությունների, Ալիեւը մտածում էր Սոչի մեկնել «հաղթողի» կեցվածքով եւ հայկական կողմերին սեփական կամքը «պարտադրել»: Սակայն ՀՀ եւ ԼՂՀ զինված ուժերը, ինչպես միշտ, զգոն գտնվեցին եւ հակառակորդին հետ շպրտեցին իրենց նախկին դիրքերը` պատճառելով մարդկային եւ նյութական մեծ կորուստներ:

The New York Times թերթի երեկվա  ինֆոգրաֆիկ հոդվածում ցուցադրվել է Ադրբեջանի կառավարության լոբբիստական գործունեությունն անդրադարձնող 13 փաստաթուղթ: Ստորագրված պայմանագրերում հաստատվում է, որ լոբբիստական ընկերությունը Ադրբեջանի կարեւորությունը ԱՄՆ-ի համար բարձրացնելու նպատակով վճարովի ծառայություններ է մատուցում: Նշվում է, որ Վաշինգտոնում գտնվող «DCI Group» եւ «Podesta Group» լոբբիստական ընկերությունների հետ պայմանագրերը ստորագրել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը:

Ամերիկյան թերթն ուշադրություն է հրավիրում ազդեցություն գնելու շուրջ ուղեղային կենտրոնների հետ առեւտրի մեջ մտած Atlantik Council վերլուծական կենտրոնի գործունեությանը, որի առաջատար դոնորների թվում է նաեւ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR):

Թերթը նշում է, որ Վաշինգտոնում գործող մի շարք վերլուծական կենտրոններ վերջին տարիներին միջոցառումներ են կազմակերպել, որոնք կենտրոնացած են եղել ադրբեջանցի լոբբիստների կողմից որոշ թեմաներ առաջ տանելու վրա: Դրանց թվում է Atlantic Council-ի կազմակերպած միջոցառումը, որի ընթացքում կարեւորվել են «Ադրբեջանի համաձայնեցված ջանքերը` որպես ՆԱՏՕ-ի գործընկեր իր նշանակությունը ցույց տալու նպատակով»: Միջոցառման մասնակիցներից Բրենդա Շեֆերը, նաեւ Պետքարտուղարի օգնական Էրիկ Ռուբինն ու Atlantic Council-ի նախագահ Ֆրեդերիկ Քեմփեյը ընդգծել են Կովկասում Եվրոատլանտյան ռազմական դաշինքի համար Ադրբեջանի կարեւորությունը:

Ինֆոգրաֆիկ հոդվածում տեղ է գտել նաեւ դեսպան Էլին Սուլեյմանովի` «Podesta» խմբի ղեկավար Էնթոնի Պոդեստայի հետ ստորագրած համաձայնությունը, որն ուժի մեջ է մտել 2014 թվականի հունվարի 1-ից: Այդ համաձայնագրով վերջինս պետք է պրոպագանդի Ադրբեջանի դիրքորոշումը բազմաթիվ հարցերի շուրջ, որի համար Բաքուն պետք է ամսական 50 հազար դոլար փոխանցի նրա ընկերությանը եւ փակի մնացած բոլոր լրացուցիչ ծախսերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am