Քաղաքականություն

Կանադացի քաղաքական գործիչը միջազգային հանրությունից պահանջում է պատասխանատվության կանչել Ադրբեջանին

2 րոպեի ընթերցում

Կանադացի քաղաքական գործիչը միջազգային հանրությունից պահանջում է  պատասխանատվության կանչել Ադրբեջանին

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտում իրավիճակի սրացումը ցույց տվեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը «սառեցված» չէ, ինչպես այն բնութագրում են միջազգային հարթակներում: Հրադադարից քսան տարի անց ԵԱՀԿ Մինսկի խմբին չի հաջողվել հիմնավոր խաղաղ լուծում գտնել հակամարտությանը, իսկ ժամանակավոր խաղաղությունը, թեև` փխրուն, հակամարտող կողմերին թույլ է տվել շարունակաբար հետաձգել հիմնախնդրին ավելի հիմնավոր, տևական և խաղաղ լուծում տալը: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան` նման տեսակետ հայտնեց կանադացի քաղաքական գործիչ, խորհրդարանի նախկին պատգամավոր Ջիմ Կարիգիանիսը, ով 2012 թվականին որպես միջազգային դիտորդ մասնակցել է ԼՂՀ նախագահական ընտրություններին:

«Վերջին իրադարձությունները Լեռնային Ղարաբաղում ցույց տվեցին, որ այն շարունակում է թեժ գոտի մնալ, ուր հակամարտությունը կարող է բռնկվել ցանկացած պահի` նորից քաոսի վերածելով տեղի բնակիչների կյանքը և խաթարելով տարածաշրջանի անվտանգությունը: Ժամանակն է, որ միջազգային հանրությունը կոչ անի երկու կողմերին վերադառնալ բանակցությունների սեղանին և լուծում գտնել: Միջազգային հանրությունը պետք է նաև պատասխանատվության կանչի ադրբեջանական կողմին խաղաղության բանակցությունները խաթարելու համար»,- նշում է քաղաքական գործիչը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացված ընտրություններից ստացած իր տպավորություններին` Կարիգիանիսը դրանք բնութագրեց որպես կատարյալ, ընդգծելով, որ բացարձակապես ոչ մի դժվարություն չի առաջացել ընտրությունների ընթացքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում