Շուրջ 30 րոպե ադրբեջանական կողմը կրակել է Չինարի եւ Այգեձոր գյուղերի ուղղությամբ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ 11 ՀՈՒԼԻՍԻ ԱՐՄԵՊՐԵՍ: Հակառակորդը կրկին խախտել է հրադադրի ռեժիմն ու շուրջ 30 րոպե կրակ բացել Տավուշի մարզի Չինարի եւ Այգեձոր գյուղերի ուղղությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ հայկական զինված ուժերը պատասխանել են թշնամու կրակոցներին, եւ այժմ սահմանին կրկին իրավիճակը հանգիստ է:
Չինարիի եւ Այգեձորի բնակիչներից «Արմենպրես»-ը տեղեկացավ, որ գյուղերում հիմնականում վնասվել են տանիքները: Չինարիում կոտրվել է մի քանի տան պատուհան, մի քանի փամփուշտ էլ ծակել է սահմանին մոտ գտնվող տներից մեկի խոհանոցը:
Գյուղացիները մեզ տեղեկացրեցին, որ հիմնականում կրակել են ԴՇԿ-ից եւ բնակավայրերի ուղղությամբ: Նրանք նույնպես փաստեցին, որ կրակոցները դադարել են, սակայն փողոց դուրս գալ առայժմ բնակիչները չեն պատրաստվում:
Հայ-ադրբեջանական սահմանին եւ շփման գծում վերջին օրերին իրավիճակը լարված է: Գրեթե ամեն օր հակառակորդը խախտում է զինադադարի համաձայնագիրն ու հիմնականում կրակ բացում բնակավայրերի ուղղությամբ: Հայկական զինված ուժերը պատասխանում են հակառակորդի նպատակային կրակոցներին, ինչից հետո լարված իրավիճակը սահմանին թուլանում է: Ադրբեջանցիների կրակահերթերը Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ ուժգին են եղել նաեւ հուլիսի 9-ի լույս 10-ի գիշերվա ընթացքում: Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ ադրբեջանական կողմից կրակրոցներն ակտիվ էին նաեւ հունիսի 28-ին` ժամը 17:00-ից: Կրակահերթի տակ են եղել Բարեկամավան, Այգեպար, Մովսեսգյուղերը: Այգեպարում վնասվել է գազատար խողովակը: Գյուղերը լուրջ վնասներ են կրել: Մինչ այդ`հունիսի 25-ին, ադրբեջանական զինուժը կրակոցներ էր արձակել Հայաստանի սահմանամերձ Մովսեսգյուղի ուղղությամբ: Հակառակորդի զինուժը թիրախավորել էր գյուղը, գնդակները հասել էինգյուղապետարանի շենքին, եկեղեցուն, դպրոցին: Բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չեն եղել: