Քաղաքականություն

Րաֆֆի Հովհաննիսյանը համաձայն չէ ԼՂ հակամարտության կարգավորման մասին Ջոն Հեֆերնի հայտարարությանը

3 րոպեի ընթերցում

Րաֆֆի Հովհաննիսյանը համաձայն չէ ԼՂ հակամարտության կարգավորման մասին Ջոն Հեֆերնի հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը կարծիքով` քանի դեռ Արցախի իշխանությունները բանակցային սեղանի շուրջ չեն, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը չի կարող առաջ գնալ: Հուլիսի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքական գործիչն անդրադարձավ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի արած հայտարարությանը: «Ես չեմ ուզում օտար, անգամ բարեկամ երկրի դեսպանի խոսքը վերլուծել: Կարծում եմ, որ ամեն միջնորդ երկիր հետապնդում է ոչ միայն ընդհանուր սկզբունքներ, այլև իր սեփական քաղաքականությունն է առաջ տանում: Մենք դեմ ենք Մադրիդյան սկզբունքներին և կողմ ենք Արցախի ճանաչմանն ու տարածքային ամբողջականությանը: Եթե մենք պետք է ինտեգրվենք որևէ ուղղությանը, պետք է դա անենք Հայաստանի ազգային շահը ապահովելով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նրա համոզմամբ` եթե լինելու են փոխզիջումներ, օրինակ, փոխադաձ սահմանային ճշգրտումներ, գաղթականների վերադարձ, դա պետք է լինի Արցախի և Արդբեջանի պատվիրակների համաձայնության արդյունքում: «Ես կարծում եմ, որ Հայաստանն իր ինքնիշխան վերաբերմունքը պետք է ցույց տա` ճանաչելով Արցախն իր ամբողջականությամբ»,-նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը` հավելելով, որ, եթե Հեֆերնի հայտարարությունն այնպիսին է, ինչպես լրագրողն է ներկայացնում, ապա ինքը համաձայն չէ դեսպանի ասածի հետ:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, Asekose.am կայքին տված հարցազրույցում անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը, մատնանշել է, որ ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար ներկայացված 6 կետերը վաղուց ի վեր հայտնի են: «Ուորլիքը հավատացած էր, որ անհրաժեշտ է, որ այդ սկզբունքերը հասարակությանը ներկայացվեն, որպեսզի դրանք ի վերջո հաջողություն ունենան: Ես և Ադրբեջանում մեր դեսպանը համակարծիք ենք, որ թեման այնքան է սառեցված եղել, որ հասարակության մեջ այդ սկզբունքների վերաբերյալ ընդհանուր ընկալումը բացակայում էր: Ուորլիքը ցանկացել էր իր ելույթով հանրային բանավեճ ձևավորել: Կարծում եմ, որ նա այդ հարցում հաջողության հասել է: Երկրորդ նպատակն այն էր, որ խաղաղության հետ կապված ցանկացած բանակցությունների հիմքում անհրաժեշտ է տարբերակում` բուն Լեռնային Ղարաբաղի և դրան շրջապատող տարածքների միջև: Ես և Ուորլիքն այն զգացողությունն ունենք, որ երկու կողմերն էլ այդ երկու տարածքները դիտարկում են որպես մեկ ամբողջություն: Եթե երկու կողմերն էլ այդ ընկալմամբ առաջնորդվեն, ապա կարգավորում չի լինի: Կարևոր է բոլորին հասկանալ, որ համաձայնության համար, կապված բուն ԼՂ հարցի կարգավորման հետ, կպահանջվի վերադարձնել հարակից 7 տարածքները` հանած միջանցքը: Եվ եթե հակամարտության կողմերից որևէ մեկը չի պատկերացնում լուծումն այդ տարբերակով, ապա դրա համար շատ երկար ժամանակ կպահանջվի, հակամարտությունն էլ շատ երկար կտևի»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում