Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Ճանաչումն ու հատուցումը միակ ճանապարհն է, որով պետք է անցնել. Ուրուգվայի խորհրդարանի պատգամավորի պատասխանը թուրք դեսպանին

Ճանաչումն ու հատուցումը միակ ճանապարհն է, որով պետք է անցնել. Ուրուգվայի 
խորհրդարանի պատգամավորի պատասխանը թուրք դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուրուգվայի խորհրդարանի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Հայ դատի պաշտպան Ռուբեն Մարտինես Ուելմոն պատասխանել է Ուրուգվայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Թաներ Գարագաասենի նամակին, որը պարունակել է Հայոց ցեղասպանության 99-ամյա տարելիցի կապակցությամբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձը` ուղղված հայությանը և միջազգային հանրությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ուրուգվայի Հայ դատի հանձնախմբից, պատասխան նամակում պատգամավորը շնորհակալություն է հայտնել դեսպանին Թուրքիայի վարչապետի` ապրիլի 23-ի ուղերձի ողջ բովանդակության պարունակությամբ նամակի համար` ընդգծելով, որ ծանոթ է եղել դրան, քանի որ այն միջազգային հանրությանն ուղղված ուղերձ է եղել: «Իմ պարտականությունն եմ համարում Ձեզ տեղեկացնել, որ Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունը 1965թ. անվերապահորեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունն` ապրիլի 20-ին ընդունած 13 326 բանաձևով, որից հետո իմ երկիրը դարձավ առաջինը միջազգային ընտանիքի մեջ, որ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Ճիշտ այդ ուղերձի օրն Ուրուգվայի խորհրդարանում անցկացվեց Հայոց ցեղասպանության 99-ամյա տարելիցի ոգեկոչման արարողությունը, որին ներկա էին պատգամավորներ և իմ երկրի բոլոր կուսակցությունների ներկայացուցիչներ, ովքեր իրենց պատգամը փոխանցեցին այդ առթիվ»,- ասված է պատասխան նամակում:

Պատգամավորը Թուրքիայի դեսպանին հիշեցրել է, որ 2011թ. նոյեմբերի 4-ին ընդունած 18 834 բանաձևով Ուրուգվայի խորհրդարանը հանձնարարել է երկրի կրթության և մշակույթի նախարարությանը Հայոց ցեղասպանության թանգարան ստեղծել` նպատակ ունենալով տարածել հայոց մշակույթը և տեղեկություններ հավաքել հայ գաղթականների մասին: Նա նշել է, որ բոլոր այդ դրույթները միաձայն ընդունվել են բոլոր քաղաքական ուժերի կողմից` առանց որևէ առարկության:

«Ուրուգվայը, համաձայն իր ավանդույթների, հավատարիմ է մնում մարդու իրավունքների պաշտպանությանը, և Հայոց հարցը մեզ համար վճռված է, ինչպես որ մենք անհրաժեշտ ենք համարում: Ճանաչումն ու հատուցումը միակ ճանապարհն է, որով պետք է անցնել ճշմարիտ հաշտեցման ուղին հարթելու համար: Ուրուգվայը երիտասարդ երկիր լինելով հանդերձ` ձևավորվել է տարբեր գաղթական ալիքների վրա, ուր մարդիկ եկել են` ձգտելով հեռու մնալ ատելությունից և այլ տխուր երևույթներից, և, կարելի է ասել, որ մենք մեծ ջանքեր ենք գործադրել խոսքի ազատության, արդի ժողովրդավարական համակարգի լիարժեք ապահովման, ինչպես նաև խաղաղության հաստատման և մարդու իրավունքների պաշտպանության համար»,- ասված է պատգամավորի նամակում:

Ուելմոն ընդգծել է, որ չի ցանկանում խորանալ Թուրքիայի վարչապետ Էրդողանի ուղերձի մեջ, ուր վստահաբար տարաձայնությունների շարքի կհանդիպի` հավելելով, որ արտահայտում է այն համերաշխությունը, որ ուրուգվայցիները տածում են հայ նահատակների հանդեպ: Նա նշել է, որ Ուրուգվայը սկզբունքների երկիր է և շարունակելու է գործել նույն ձևով` այն պարզ պատճառով, որ երկրում փափագում են, որպեսզի աշխարհը հենց այդպես ճանաչի Ուրուգվայը, որը կառչած է մնում այն ազնիվ սկզբունքներին, որ պատգամել է երկրի ազգային հերոս Խոսե Արթիկասը. «Ազատության հետ մարդուն չեմ վիրավորում և ոչ էլ վախենում եմ»:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am