Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սփյուռքի նախարարը դիմել է ԿԽՄԿ-ին, որ օգնեն Վաքըֆի քեսաբահայերին միանալ ընտանիքներին

Սփյուռքի նախարարը դիմել է ԿԽՄԿ-ին, որ օգնեն Վաքըֆի քեսաբահայերին միանալ 
ընտանիքներին

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին Թուրքիայում գտնվող քեսաբահայերին իրենց ընտանիքների հետ միավորվելուն օգնելու խնդրանքով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց նորանշանակ նախարարը: Նախարարի հավաստմամբ, ներկայում Թուրքիայի հայկական Վաքըֆ քաղաքում պահվում են 22 քեսաբահայեր, որոնց տվյալները փոխանցվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ներկայացուցչին: «Քեսաբյան դեպքերի պատճառով մեր հայրենակիցների հիմնական մասը բնակվում է հարազատների ընտանիքներում, մի մասը Այնճարում է, Բեյրութում, իսկ մյուս մասն էլ դեռ բնակարան, տուն չունի, Լաթաքիայի եկեղեցու տարածքում է ապաստանել: Քեսաբահայերից 22-ը պատանդ վերցվեցին ու տեղահանվեցին, այժմ Թուրքիայի Վաքըֆ հայկական գյուղում են: Նախարարությունը դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակությանը, նրան հանձնել այն բոլոր քեսաբահայերի ցուցակը, ովքեր գտնվում են Թուրքիայում, և խնդրել օգնել, որպեսզի քեսաբահայերը միավորվեն իրենց ընտանիքների հետ: Այս պահին Կարմիր խաչը աշխատանքներ է տանում, որ Թուրքիայի քեսաբցիներին տեղափոխի»,-ասաց նախարարը:

Հրանուշ Հակոբյանի խոսքով, Քեսաբ թափանցած ու այն դատարկած հրոսակներին օգնելու, հովանավորելու Թուրքիայի քայլերը ևս ցեղասպանության տարր են իրենց մեջ պարունակում, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս Թուրքիայի իրական դեմքը: «Աշխարհի շատ ու շատ երկրներ կրկին համոզվեցին, որ Թուրքիան ժողովրդավարացման ճամփան դեռ չի բռնել, ինչպես ձևացնում է: Կարծում եմ, որ հայ ժողովուրդը և մեզ սատարող շատ ու շատ պետություններ Քեսաբի համար պետք է պայքարեն այնքան ժամանակ, մինչև քեսաբահայերը վերադառնան իրենց լքված տներն ու շենացնեն դրանք: Սա պետք է մեր նվազագույն նպատակներից լինի` շարունակելով պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում»,-նշեց նախարարը` հավելելով, որ հայ ժողովուրդն աշխարհում այնքան հզոր է, զարգացած, գրագետ, լուրջ, գիտի իր իրավունքները, որ երբեք չի լռելու և հասնելու է արդար դատաստանի:

Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումը սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանի ութ կետերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքից բնակիչների մեծ մասը տեղափոխվել է առավել ապահով վայրեր, իսկ որոշ ընտանիքներ, այդ թվում` մեծահասակներ, մնացել են իրենց տներում, հետո գերի վերցվել զինյալների կողմից: Նրանց մեծամասնությանը տարել են Թուրքիայի Վաքըֆ հայաբնակ գյուղ, ոմանց հետ վերադարձրել Լաթաքիա: Հայերի մեծամասնությունը ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի մոտ գտնվող ազգային կառույցներում: Տեղի հայկական շտապօգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության հետ անհրաժեշտ պարագաներով և սնունդով ապահովել է բնակիչներին:

Տարբեր համահայկական կառույցներ իրականացնում են դրամահավաք կարիքավոր քեսաբահայերին օգնելու համար, աշխարհասփյուռ հայ քաղաքական ու հասարակական կառույցներն էլ փորձում են հարցը բարձրացնել քաղաքական ու դիվանագիտական շրջանակներում` պահանջելով Թուրքիային ստիպել դադարեցնել օգնությունը ծայրահեղական զինյալ ուժերին և ապահովել խաղաղ բնակչության վերադարձն իրենց բնակավայր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]