Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հանրային հեռուստաընկերությունն ապրիլի 24-ին մի քանի ֆիլմ ցուցադրելու բացառիկ իրավունք ունի

Հանրային հեռուստաընկերությունն ապրիլի 24-ին մի քանի ֆիլմ ցուցադրելու բացառիկ 
իրավունք ունի

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ամբողջությամբ կվերափոխվի Առաջին ալիքի եթերացանկը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղակացրին Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջ օրվա ընթացքում Հանրայինի հեռուստադիտողները պարբերաբար հնարավորություն կունենան դիտելու ուղիղ միացումներ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից, թեմատիկ միջազգային ֆիլմեր, տեղական արտադրության հետաքրքիր հեռուստաֆիլմեր, ինչպես նաեւ լրագրողական ռեպորտաժներ:

Հանրային հեռուստաընկերությունն աշխարհահռչակ Metro Goldwyn Mayer ընկերությունից գնել է Անրի Վերնոյի «Մայրիկ», «Պարադի փողոց 588 տուն», այլ ընկերություններից՝ «Արտույտների ագարակը», Քարլա Կարապետյանի «Ճչացողները» եւ Մայք Դեվիթի «Պատերազմից ավելի վատ» ֆիլմերի հեռուստատեսային հեռարձակման բացառիկ իրավունքները:

Համաձայն կնքված համախատասխան պայմանագրերի ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիլմերի ցուցադրման իրավունքները պատկանում են միմիայն Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը:

«Արտույտների ագարակը» ֆիլմը Հանրային հեռուստաընկերության եթերում կլինի ապրիլի 23-ին՝ ժամը 22:30-ին (ռեժիսորներ՝ Վիտորիո Տավիանի, Պաոլո Տավիանի, դերերում՝ Պաս Վեգա, Արսինե Խանջյան, Չեկի Կարիոն):

Ֆիլմում ներկայացվում է 1915 թվականը: Երկու հայազգի եղբայրներ՝ Արամը եւ Ասատուրը, երկարատեւ բաժանումից հետո, վերջապես  հանդիպելու են: Արամը եղբոր գալուստի կապակցությամբ վերանորոգում է «Արտույտների ագարակ» անունով իր կալվածքը: Այստեղ նրանք ծնվել եւ մեծացել են, խաղացել, սովորել եւ միասին հաղթահարել կյանքի խոչընդոտները: Ավաղ, հանդիպումը չի կայանում: Սկսվում է Առաջին համաշխահային պատերազմը: Իտալիան, որտեղից Ասատուրը պետք է ժամանի, փակում է իր սահմանները, իսկ թուրքական զորքերը հրաման են ստանում ոչնչացնել հայերին:

«Մայրիկ» ֆիլմն Առաջինի եթերում կլինի ապրիլի 24-ին՝ ժամը 22:45-ին (ռեժիսոր՝ Անրի Վերնո, դերերում՝ Օմար Շարիֆ, Կլաուդիա Կարդինալե, Ժակի Ներսիսյան):  Ֆիլմում 6-ամյա երեխայի հուշերի միջոցով ներկայացվում է  Զաքարյանների ընտանիքի պատմությունը: 1921 թվականին  Եղեռնից փրկված հայազգի մի ընտանիք ժամանում է Մարսել: Նրանց շատ փորձություններ են սպասում: Օտար երկրում  կայացման ճանապարհը հեշտ չէ:  Դժվար է ընտելանալ փախստականի կյանքին եւ աշխատանք գտնել օտարության մեջ: Բայց ընտանիքը միաձույլ է եւ անվախ: Երեխայի ապագայի համար հայ ընտանիքի  բոլոր անդամները պատրաստ են դիմակայել բոլոր փորձություններին եւ լավ ապագա ստեղծել իրենց զավակի համար:

«Պարադի փողոցի 588 տունը» ֆիլմը Հանրային եթերում կլինի ապրիլի 24-ին՝ ժամը 00:55-ին (ռեժիսոր՝ Անրի Վերնոն: Դերերում ՝ Ռիշար Բերի,  Օմար Շարիֆ, Կլաուդիա Կարդինալե): Այս ֆիլմը պատմում է «Մայրիկ» ֆիլմից մեզ քաջ հայտնի Զաքարյանների ընտանիքի հետագա ճակատագրի մասին: Անցել են տարիներ,  Ազատը մեծացել է, դարձել հայտնի թատերական ռեժիսոր եւ ընտանիք կազմել: Նրա երեխաները չգիտեն հայերեն:   Բեմադրելով մի ներկայացում իր ընտանիքի մասին` նա ակամա վերհիշում է իր եւ մտերիմների բազմաթիվ փորձություններով լի կյանքը: Այդ հուշերի շնորհիվ Ազատը վերանայում է իր ներկան եւ փոփոխություններ մտցնում  իր կյանքի մեջ:

«Ճչացողները» ֆիլմը եթերում կլինի  ապրիլի 24-ին՝ ժամը 19:25-ին (ռեժիսոր՝ Քարլա Կարապետյան, դերերում՝  Սերժ Թանկյան, Տարոն Մալաքյան, Շավո Օդաջյան, Ջոն Դոլմայան):  Փաստավավերագրական ֆիլմը, պատմում է Հայոց մեծ եղեռնի եւ աշխարհում 1915 թվականից մինչ այսօր տարբեր տեղերում տեղի ունեցած այլ ցեղասպանությունների մասին։  Ֆիլմի երգերն ու երաժշտությունը գրել է հանրահռչակ «System of a Down» խումբը:

«Պատերազմից ավելի վատ» ֆիլմի առաջին մասը Առաջինի եթերում կլինի ապրիլի 24-ին՝ ժամը 13:45, իսկ երկրորդ մասը՝ 15:00–ին (ռեժիսոր՝ Մայք Դեվիթ, դերերում՝ Դանիել Ջոնահ Գոլդհագեն):  Համանուն գրքի հիման վրա նկարահանված վավերագրական  ֆիլմը  ներկայացնում է նախկինում Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Դ. Ջ. Գոլդհագենի ճանապարհորդությունները, հարցազրույցները եւ հանդիպումները ինչպես ցեղասպանության ոճրագործության ականատեսների, այնպես էլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ քաղաքական գործիչների  հետ նախկին ԽՍՀՄ տարածքում, Ռուանդայում, Գվատեմալայում, Քենիայում եւ Կոմբոջայում:  Ֆիլմը զբաղվում  է ցեղասպանության,  էթնոսի բնաջնջման  եւ  մասսայական  սպանությունների  հիմնախնդիրների եւ բուն պատճառների ուսումնասիրությամբ ու բացահայտմամբ մեր օրերում: Գոլդհագենը համոզված է, որ ցեղասպանության` որպես երեւույթի ամբողջական պատկերացումն ու ընկալումը թյուրին է եւ շատ անգամ  սխալ: Ինչո՞ւ և ինչպե՞ս է սկսվում ցեղասպանությունը, ինչո՞ւ է երրորդ  կողմերի  միջամտությունը տեղի ունենում ոչ պատշաճ եւ ոչ ժամանակին: Այս եւ նման հարցերի պատասխանները փորձել է գտնել ֆիլմը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]