Շիրակի թեմի «Բարգործական ջոկատ»-ը հանդես եկավ «Մեկ զամբյուղ=ուրախ Զատիկ» նախաձեռնությամբ
ԳՅՈՒՄՐԻ,17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրեցի երիտասարդները շարունակում են զարմացնել իրենց բարեգործական գաղափարներով: Այս անգամ Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի «Սուրբ Յոթ վերք» եկեղեցու «Բարգործական ջոկատ»-ի անդամները, Սուրբ Զատիկի տոնին ընդառաջ, հանդես եկան «Մեկ զամբյուղ=ուրախ Զատիկ» նախաձեռնությամբ:
Ջոկատի անդամները դիմել են Գյումրիում գործունեություն ծավալած 80 գործարարի՝ անապահով ընտանիքների համար Զատկի մթերքներ գնելու նպատակով որոշակի գումարի տրամադրման խնդրանքով: Նրանց և անհատ քաղաքացիների աջակցության արդյունքում` Գյումրու սոցիալապես անապահով մոտ 80 ընտանիք կստանա Զատկի մթերքի զամբյուղ՝ ձու, ձուկ, բրինձ, գինի, չամիչ և այլն:
Մինչ ակցիայի մեկնարկը ջոկատի հանձնախումբը կատարել է կարիքի գնահատում և պարզել, որ յուրաքանչյուր փաթեթի համար անհրաժեշտ է 12 հազար 400 դրամ գումար: Դա այն գումարն է, որի շրջանակներում հնարավոր է որոշակի քանակությամբ ձեռք բերել Զատկի սեղանի համար ամենաանհրաժեշտ մթերքները: Ակցիայի շահառու ընտանքիների ընտրությունը ևս իրականացվել է ջոկատի կամավորների կողմից՝ կարիքների գնահատման արդյունքում: «Ուրախ ենք, որ մեր ակցիային Գյումրու գործարարների մեծ մասն արձագանքեցին: Ակցիային միացել են նաև անհատ քաղաքացիներ: Մոտ 124 հազար դրամ գումար փոխանցել է նաև Շիրակի մարզպետարանը, իսկ World vision կազմակերպությունը աջակցություն ցուցաբերել է սննդամթերքի տեսքով»,- «Արմենպրես»-ին տեղեկացրեց ջոկատի անդամ Գայանե Ավետիսյանը:
Ջոկատն արդեն պատրաստել է Զատկի փաթեթները: Ապրիլի 17-ին 60 ընտանիք արդեն ստացել է մթերքների զամբյուղ, իսկ մոտ 25 զամբյուղ կբաժանվի վաղը:
Արմենուհի Մխոյան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում