Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Պատգամավորներն առաջադիմական փոփոխություններ են առաջարկում արդյունաբերական քաղաքականության մեջ

Պատգամավորներն առաջադիմական փոփոխություններ են առաջարկում 
արդյունաբերական քաղաքականության մեջ

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգ է ընդգրկվել «Արդյունաբերական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է արդյունաբերության ոլորտում առաջադիմական փոփոխություններ իրականացնել` պետական գերակայություններին համապատասխան: «Արմենպրես»-ի հետ զրույցում օրենքի հեղինակ՝ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է կարգավորել  արդյունաբերական քաղաքականության իրականացման, արդյունաբերական գոտիների գործունեության կազմակերպման ընթացքում իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի, պետական կառավարման մարմինների միջեւ ծագող իրավահարաբերությունները: «Նախագծով կարգավորվում է նաև արդյունաբերության զարգացման պետական եւ տարածքային ծրագրերի մշակման եւ իրականացման հարաբերությունները»,- ասաց Մելքումյանը:

Խոսելով նախագծի անհրաժեշտության մասին՝ պատգամավորն ընդգծեց, որ ՀՀ կառավարությունը 5 տարի է՝ իրականացնում է արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականություն, սակայն արդյունքում Հայաստանի արտահանման ծավալները չեն գերազանցում 1.4-1.5 միլիարդ դոլարը: «Արտահանման աճը բերելու է ներդրումների ներհոսքի, իսկ մենք ասում ենք, որ արտահանման զարգացման համար պետք է լինի պետական եռամյա ծրագիր, որով վարչապետից սկսած՝ մինչև մարզպետներ և համայնքապետեր օրենքով պետք է ունենան համապատասխան իրավունքներ և լիազորություններ՝ արդյունաբերական արտադրության աջակցման համար: Դա նրանց համար պետք է լինի պարտականություն, իսկ այդ պարտականությունները չանելու դեպքում, նրանք կենթարկվեն օրենքով սահմանված պատիժների»,- ասաց Մելքումյանը:

Նա ընդգծեց, որ օրենքի նախագծում կարևորագույն դրույթներից է նաև այն, որ վերը նշված եռամյա ծրագրի համար պետբյուջեում պետք է լինի ֆինանսական ռեսուրս: «Օրինակ՝ այսօր մեր արտադրության զարգացման հիմնադրամում դրված է ընդամենը 569 միլիոն դրամ, ինչը նույնիսկ 1.5 միլիոն դոլար չի կազմում: Այս գումարով, հասկանալի է, որ հնարավոր չէ արդյունաբերությանը լուրջ աջակցություն ցուցաբերել»,- ասաց նա՝ ընդգծելով, որ արտահանմանը միտված արդյունաբերական քաղաքականության զարգացման համար տնտեսավարողների վարկերի սուբսիդավորման համար տրված է ընդամենը 20 միլիոն դրամ, ինչը շատ փոքր գումար է նման սուբսիդիայի համար:

Նախագծով առաջարկվում է յուրաքանչյուր մարզում ստեղծել արդյունաբերական գոտիներ, որտեղ հարկային և մյուս դաշտում պետք է գործի Հայաստանում առկա ազատ տնտեսական գոտու ռեժիմը: Մելքումյանի խոսքով՝ մարզպետը, խորհրդակցելով համայնքի ղեկավարների հետ, համապատասխան տարածք կհատկացնի, որը կպարսպապատվի, կլինեն համապատասխան ենթակառուցվածքներ: «Կլինի գազ, ջուր, էլեկտրաէներգիա, ճանապարհ, իրավաբանական և մարքեթինգային խորհրդատվություն»,- ասաց նա՝ ընդգծելով, որ այս դեպքում փոքր և միջին արտադրություն ծավալողը կստանա արտոնություններ և արտադրանքի իրացման համար խնդիրներ չի ունենա, քանի որ այդ արդյունաբերական գոտիների համար մրցույթով կընտրվեն կառավարիչներ:

Միքայել Մելքումյանն ընդգծեց, որ օրենքի նախագիծը քննարկվել է նաև կառավարությունում՝ արժանանալով գործադիրի դրական եզրակացությանը: Նախագիծը հավանության է արժանացել նաև Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը: «Մենք պետք է փորձենք առաջ տանել այս նախագիծը և գոնե մինչև հաջորդ տարվա հունվարի 1-ը քայլեր ձեռնարկենք դրա իրականացման համար: Սա շատ կարևոր է մեզ համար, և պետք է ասեմ, որ սա պարզագույն և աշխարհում ընդունված ծրագիր է»,- ասաց Մելքումյանը՝ տեղեկացնելով, որ նախագծի համահեղինակներ են Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ  խմբակցության անդամ Հերմինե Նաղդալյանը, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունումը կնպաստի հանրապետությունում, այդ թվում՝ մարզերում եւ գյուղական համայնքներում, նոր աշխատատեղերի ստեղծմանը, արտագաղթի կասեցմանը, փոքր եւ միջին արդյունաբերական ձեռնարկատիրության զարգացմանը, արդյունաբերության պետական կարգավորման եւ աջակցության համակարգմանը, արդյունաբերական արտադրության արդյունավետության եւ տեղական արտադրողների մրցունակության բարձրացմանը:

Շանթ Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am