Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Յուրաքանչյուր մարդ տաղանդավոր է, և պատշաճ կրթությունը կարող է բացահայտել նրա տաղանդը. վարչապետի ուղերձն Աշխատանքի օրվա առթիվ

Յուրաքանչյուր մարդ տաղանդավոր է, և պատշաճ կրթությունը կարող է 
բացահայտել նրա տաղանդը. վարչապետի ուղերձն Աշխատանքի օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, ուղերձում ասված է.

«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, 

Այսօր նշում ենք Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրը: 

Սա իսկապես կարևոր օր է, որովհետև այն ամենը, ինչ տեսնում ենք մեր միջավայրում, այն ամենը, ինչի հետ առնչվում ենք, պարտադիր կերպով ինչ-որ մեկի կատարած կամ չկատարած աշխատանքի արդյունք կամ հետևանք է: Կատարված և չկատարված, հաջող և ոչ այնքան հաջող աշխատանքն այն է, ինչ մեզնից յուրաքանչյուրին դարձրել է այնպիսին, ինչպիսին կանք: 

Աշխատանքը, աշխատանքի ընկալումը, աշխատանքային պայմաններն այն են, ինչ ժամանակակից աշխարհը դարձրել է այնպիսին, ինչպիսին այն կա: Վերջին հարյուրամյակում աշխատանքի ընկալումն էականորեն փոխվել և փոխվում է մեծ արագությամբ: 

Եթե նախկինում աշխատանքը մարդու ազատությունը կաշկանդող գործոն էր համարվում, այսօրվա ընկալումն այն է, որ աշխատանքը մարդուն ազատություն, բարեկեցություն և երջանկություն պետք է բերի: Ժամանակակից աշխարհում սիրած աշխատանքով զբաղվելը և կատարած աշխատանքից հաճույք ստանալը երջանկության կարևորագույն գործոն է և բաղադրիչ: Ժամանակակից աշխարհում հնարավոր չէ բարեկեցություն կառուցել առանց աշխատանքի: Եվ աշխատանքի արդյունքում ձեռքբերված վաստակը մարդուն ազատ ապրելու, այդ թվում՝ լայնորեն ճամփորդելու հնարավորություն պիտի տա: 

Սրանք, իհարկե, իդեալներ են, բայց այդ իդեալներն արդեն շատ դեպքերում հասանելի են, եթե աշխատանքը հիմնված է բարձր որակավորման, այսինքն՝ կրթության վրա, այն ըմբռնումով, որ կրթությունը ոչ միայն մանկության ու պատանեկության գործ է, այլև ցկյանս անելիք: 

Իդեալի և իրականության մեջ, սակայն, ցավալիորեն զգալի ճեղք կա, որովհետև այսօր Հայաստանի Հանրապետությունում հազարավոր մարդիկ ապրում են աղքատության պայմաններում: Նրանց մի մասն ունեն աշխատանք, մյուս մասը՝ գործազուրկ են: 

Բայց ինչպես նախկինում, այնպես էլ հիմա համոզված եմ՝ աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքով՝ զուգորդված կրթությամբ և որակավորման բարձրացմամբ: Այս բանաձևը, ցավոք, իրատեսորեն հնարավոր չի լինի կիրառել ավագ սերնդի այն ներկայացուցիչների համար, ովքեր իրենց սոցիալական վիճակով նման բանաձևի կիրառման կարիք կունենային: 

Բայց կառավարության ջանքերն ուղղված են միջին սերնդի ներկայացուցիչների համար վերապատրաստումների, որակավորման բարձրացման հնարավորություններ ու մոտիվացիա ստեղծելուն: 

Աղքատության հաղթահարման ճանապարհին ամենակարևոր երկարաժամկետ անելիքը կրթության ոլորտի՝ նախադպրոցական կրթության, հանրակրթության, մասնագիտական կրթության և ուսուցման, բարձրագույն և հետբուհական կրթության բարեփոխումներն են՝ այն նպատակադրմամբ, որ կրթական համակարգը պետք է բացահայտի մարդու տաղանդը, նրան սիրած աշխատանքով զբաղվելու և աշխատանքի մեջ երջանիկ լինելու, ազատ և բարեկեցիկ ապրելու հնարավորություն տա: 

Միանշանակ կարելի է պնդել. այսօր որևէ մարդու աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին նրա չստացած կրթությունն է, կամ ստացած կրթության ոչ պատշաճ որակը, կամ ցկյանս կրթության տրամաբանությունից դուրս լինելը: 

Իմ համոզմունքն է, որ յուրաքանչյուր մարդ տաղանդավոր է, և պատշաճ կրթությունը կարող է բացահայտել նրա տաղանդն այնպես, որ մարդն աշխատանքով իր բարեկեցությունը կառուցելու հնարավորություն ունենա: Ոչ աշխատունակ կամ սահմանափակ աշխատունակ մարդկանց պարագան բոլորովին այլ իրադրություն է, չնայած վերջին խմբի մեր համաքաղաքացիներին էլ ասվածն առնվազն որոշ մասով կարող է առնչվել: Ինչ վերաբերում է աշխատանքային իրավունքներին՝ կարևորագույն այս խնդրի լուծումը ոչ միայն պատշաճ օրենքների ու կարգավորումների մեջ է, այլև գործատուների և գործավորների շահագրգիռ և գիտելիքահեն հարաբերությունների: 

Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, 

Շնորհավորում եմ բոլորիս Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առիթով, և կրկին ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել աշխատող, արդյունք ստեղծող և օրենքով սահմանված հարկերը վճարող մեր քաղաքացիներին ու մեր երկրի բնակիչներին: Մեր պետությունը հիմնված է նրանց աշխատանքի վրա և նրանց աշխատանքն արժանի է խոնարհումի: 

Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am