Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Մենք ոչ թե չաշխատելու, այլ արժանապատվորեն աշխատելու կողմնակից ենք․ Երևանում նշվեց Աշխատանքի միջազգային օրը

Մենք ոչ թե չաշխատելու, այլ արժանապատվորեն աշխատելու կողմնակից ենք․ 
Երևանում նշվեց Աշխատանքի միջազգային օրը

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի մետրոյի «Երիտասարդական» կայարանի հարակից այգուց, Ավետիք Իսահակյանի արձանի հարակից տարածքից Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունն Աշխատանքի միջազգային օրվա առթիվ անցկացրեց ավանդական երթ՝ հիշեցնելով սոցիալական արդարության, աշխատողների համերաշխության, ժողովրդավարության և սոցիալական երկխոսության կարևորության մասին։ Երթը մեկնարկեց մետրոյի հարակից այգուց և շարժվեց դեպի Հանրապետության հրապարակ։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային միության նախագահ Անահիտ Ասատրյանը երթից առաջ նշեց, որ իրենք տարբեր կազմակերպություններում ունեն արհմիություններ, որոնց ներկայացուցիչներին դիմել են կոչով՝ միանալու երթին և հավաքի ընթացքում քննարկել աշխատավորներին առնչվող կարևոր հարցեր։ Նրա տեղեկացմամբ՝ կան որոշակի խնդիրներ, որոնք կապված են նաև արհմիությունների հետ, մինչդեռ վերջիններս պետք է ուժեղ լինեն, որպեսզի կարողանան աշխատողների իրավունքները պաշտպանել ու առաջ մղել նրանց շահերը։ 

OLD01416.jpg (740 KB)

«Այսօր մենք ավելի շատ շեշտը դնում ենք արհմիություններին վերաբերող խնդիրների վրա։ Հայաստանը վավերացրել է միջազգային կոնվենցիաներ, և մեզանում կա այն գիտակցումը, որ արհմիությունը ժողովրդավարության կարևոր ինստիտուտներից մեկն է։ Բազմաթիվ երկրներում կան օրենքներ, որոնք պարտավորեցնում են որոշումներ կայացնողներին հաշվի նստել աշխատավորների ու նրանց միջոցով նաև արհմիությունների տեսակետների հետ։ Առհասարակ արհմիություններն ունենք երկու գործիք, մեկը սոցիալական գործընկերությունն է, մյուսը՝ գործադուլը։ Վերջինը ծայրահեղ միջոց է։ Մենք ոչ թե չաշխատելու, այլ արժանապատվորեն աշխատելու կողմնակից ենք, հետևաբար սոցիալական գործընկերությունը հենց այն գործիքն է, որը ժողովրդավարություն է հաստատում աշխատավայրում, իսկ պետությունն իր հերթին հաշվի է առնում աշխատավորների կարծիքը արհմիությունների միջոցով»,- ասաց Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ մեր երկրում այդ մեխանիզմը բավարար չափով կայացած չէ, ու թեև Աշխատանքային օրենսգրքում հստակ նկարագրված են սոցիալական գործընկերության դրույթները, սակայն մի բան է թղթի վրա գրվածը, մեկ այլ բան դրա գործնական կիրառումն առօրյա կյանքում։ 

OLD01476-1.jpg (1.32 MB)

«Մենք միայն իրավասու ենք բարձրաձայնել խնդիրները, սակայն որևէ բան պարտավորեցնել չենք կարող։ Պարզապես ներկայացնում ենք առաջարկներ, ցուցաբերում նախաձեռնողականություն։ Աշխատանքային օրենսգրքում անցյալ տարի կատարվեցին զգալի փոփոխություններ, սակայն մեր առաջարկների մի մասն այդպես էլ տեղ չգտավ փաստաթղթում։ Օրենսգիրքը սահմանում է, որ կոլեկտիվ բանակցությունները հիմնված են ազատ կամարտահայտության վրա, ինչը նշանակում է, որ գործատուն կարող է նաև չբանակցել։ Ցավոք, դեռ չենք հասել նրան, որ փաստաթղթում հակառակն ամրագրվի։ Հույս ունենք, որ մոտ ապագայում այդ հարցն էլ կլուծվի, որովհետև արդեն քննարկումներ ենք ունեցել Ազգային ժողովում։ Վերջերս հանդիպեցինք նաև Լիտվայից ժամանած գործընկերների հետ, ովքեր նույնպես կարևորեցին այդ խնդիրը»,- պարզաբանեց մեր զրուցակիցը։

Ասատրյանը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունը 2009 թվականից դրսևորեց բարի կամք և քայլեր կատարեց կոլեկտիվ բանակցություններ անցկացնելու ուղղությամբ։ Քննարկումներն ընթացան արհմիությունների, գործատուների ու կառավարության միջև, սակայն պրոցեսը կրում էր դեկլարատիվ բնույթ։

OLD01460.jpg (1.10 MB)

«Այդ գործընթացն այժմ դադարեցված է, որովհետև ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիայի հետ կնքված պայմանագրի ժամկետը լրացել է, ուստի կառավարությունը գործընթացի դադարեցումը բացատրում է նրանով, որ նախաձեռնում է օրենսդրական փոփոխություններ գործատուների և արհմիությունների մասին օրենքներում։ Երբ նոր օրենքները մտնեն ուժի մեջ, գործընթացը վերստին կշարունակվի։ Մեզ միաժամանակ առաջարկել են աշխատանքային հարաբերություններ պահպանել շահագրգիռ պետական գերատեսչությունների հետ»,- նշեց Ասատրյանը։

Նրա կարծիքով՝ Հայաստանում աշխատավորների իրավունքների պաշտպանությունը ցանկալի և պատշաճ մակարդակի վրա չէ, քանի որ գործատուներին ինչ-որ բան պարտադրելու նորմ գոյություն չունի։

OLD01445.jpg (712 KB)

«Մեր Աշխատանքային օրենսգիրքն այդքան էլ վատը չէ, եթե քննարկման առարկա դարձնենք աշխատավորների անհատական հարաբերությունները գործատուների հետ, սակայն արհմիությունների մասով կան որոշակի խնդիրներ։ Մյուս կողմից մեզանում դեռ չի ձևավորվել այնպիսի մշակույթ, որ աշխատավորներն, առանց վարանելու և վախի, բարձրաձայն խոսեն իրենց խնդիրների մասին։ Շատերը պարզապես համակերպվում են գործատու կողմից առաջարկվող աշխատանքային պայմանների հետ։ Իսկ մենք չենք կարող մարդկանց խնդիրները լուծել առանց բացահայտումների։ Նույնիսկ Աշխատանքի տեսչական մարմինը չունի հսկողության գործառույթ և կարող է հիմնարկներ մտնել միայն բողոքների առկայության պարագայում։ Շատ կոլեկտիվներում լոկալ արհմիությունների նախագահները հենց այդ կոլեկտիվների ղեկավարներն են, և այդ առումով առկա է խոցելի իրավիճակ՝ անաչառ որոշումներ կայացնելու առումով։ Խնդիրները շատ են, բայց հույս ունենք, որ համերաշխության ու միասնականության միջոցով հնարավոր կլինի դրանք լուծել»,- եզրափակեց Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային միության նախագահը։   

OLD01470.jpg (1.30 MB)

Մանվել Մարգարյան 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am