Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

ՀՀ և Վրաստանի ԱԳՆ-ները համատեղ մամուլի հաղորդագրություն են հրապարակել անցկացրած քաղխորհրդակցությունների վերաբերյալ

ՀՀ և Վրաստանի ԱԳՆ-ները համատեղ մամուլի հաղորդագրություն են հրապարակել 
անցկացրած քաղխորհրդակցությունների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիում մայիսի 13-ից 14-ը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև քաղաքական խորհրդակցությունների հերթական հանդիպումը, որի վերաբերյալ ՀՀ և Վրաստանի ԱԳՆ-ները համատեղ մամուլի հաղորդագրություն են հրապարակել։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Խորհրդակցությունները համանախագահլ են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիան։

«Երկուստեք կարևորվել է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև Ռազմավարական գործընկերության հաստատելու մասին համատեղ հռչակագրի ստորագրումից ի վեր առաջին քաղաքական խորհրդակցությունների անցկացումը, ինչպես նաև երկու երկրների միջև շարունակական երկխոսությունը և համագործակցությունը։

Հանդիպման մասնակիցները քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև առկա հարաբերությունները և համագործակցության հեռանկարները։ Որպես  համագործակցության հիմնական հենասյուներ և ամուր հիմք նշվել են առևտրատնտեսական, տրանսպորտային, էներգետիկ, զբոսաշրջության, մշակութային և կրթության ոլորտները: Կողմերը նշել են նաև, որ Հայաստանի և Վրաստանի միջև պետական սահմանի սահմանազատման/սահմանագծման գործընթացը շարունակելու է լինել երկկողմ օրակարգի առաջնահերթություն։

Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին, ինչպես նաև տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող գլոբալ գործընթացներին: Հանդիպման մասնակիցներն ընդգծել են խաղաղության և կայունության կարևորությունը՝ որպես տարածաշրջանային զարգացման և բարգավաճման կարևոր պայման։ Այս համատեքստում կողմերը վերահաստատել են անվերապահ աջակցությունը միմյանց ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ։ Հանդիպման շրջանակներում քննարկվել է նաև Հայաստանի և Վրաստանի դերը խաղաղության և տարածաշրջանային զարգացման, ինչպես նաև եվրոպական արժեքներին հավատարիմ մնալու հարցում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ կողմերը վերահաստատել են, որ Հայաստանի և Վրաստանի միջև առկա առանձնահատուկ հարաբերությունները և Ռազմավարական գործընկերությունը պայմանավորված են ոչ միայն աշխարհագրական հարևանությամբ, այլ նաև ակտիվ համագործակցությամբ և երկու ժողովուրդների դարավոր բարեկամությամբ։ Համանախագահները պատրաստակամություն են հայտնել նպաստել ավանդական բարեկամական կապերի հետագա խորացմանն ու զարգացմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am