Թուրքագետը Հասան Օքթայի հայաստանյան ֆոտոսեսիան անվանում է կապիկություն
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքագետ Հակոբ Չաքրյանը անլուրջ է համարում թուրք ազգայնամոլ Հասան Օքթայի արարքը, ով Հայաստանի տարբեր բնակավայրերում նկարվել է թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպության խորհրդանշան ցույց տալով և նկարները տեղադրել համացանցում:
«Այդպիսի կապիկությունները սազական չեն մի մարդու, ով Թուրքիայում կովկասյան հետազոտությունների ռազմավարական կենտրոնի տնօրենն է: Այդ քայլով նա նախ բացահայտել է ինքն իրեն և վիրավորել թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության արտաքին կապերի բաժնի խմբագրին, ում նա ուղեկցել էր Հայաստան՝ այստեղ գործակալության գրասենյակի բացման համար բանակցելու նպատակով: Նրա արարքը լկտիություն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը նշեց Չաքրյանը:
Անդրադառնալով Երևանում իր և Հասան Օքթայի հանդիպման մանրամասներին՝ թուրքագետը տեղեկացրեց, որ Օքթայը հունվարի 20-ին զանգահարել է իրեն և տեղեկացրել, որ ցանկանում է հանդիպել: «Ես նրա հետ ծանոթացել եմ 5-6 տարի առաջ և հենց սկզբից էլ հասկացել եմ, թե նա ով է և իրենից ինչ է նարկայացնում, սակայն ես իմ սեփական երկրում վախենալու ոչ մի բան չունեմ և համաձայնեցի հանդիպել, մանավանդ երբ հասկացա, որ խոսքը Երևանում «Անադոլու» լրատվական գործակալության գրասենյակ բացելու մասին է»,- նշեց նա:
Հասան Օքթայը հանդիպման է եկել թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության արտաքին կապերի բաժնի խմբագրի հետ: Գրասենյակ բացելու նպատակն է ինֆորմացիան ստանալ ոչ թե երրորդ երկրից, այլ անմիջապես Հայաստանից: «Ընդ որում, նա տեղեկացրեց, որ գրասենյակը ցանկանում են բացել մի պայմանով. եթե Թուրքիայում էլ հայկական գործակալության գրասենյակ բացվի և թղթակիցներն աշխատեն նույն պայմաններով»,- նշեց նա՝ հավելելով, որ Հայաստանից այդ գործակալությունը կարող է լինել «Արմենպրես»-ը՝ որպես միակ պետական լրատվական գործակալություն: Չաքրյանը նշեց, որ գործակալության գրասենյակի բացման հարցով արդեն խոսել է ԱԳՆ ներկայացուցչի հետ, ով իրեն հայտնել է, որ դա այնքան էլ իրատեսական չէ, քանի որ թուրքերը դժվար համաձայնվեն առաջարկվող պայմաններին:
Թուրքագետի կարծիքով՝ Օքթային Թուրքիայում լուրջ չեն վերաբերվում, քանի որ, լինելով Թուրքիայում կովկասյան հետազոտութփյունների ռազմավարական կենտրոնի տնօրեն, նա ոչ մի անգամ թուրքական հեռուստատեսությամբ և մամուլով չի երևացել: «Նրա անլրջության մասին է խոսում նաև Հայաստան կատարած այցի ընթացքում իր արարքը: Ես կարծում եմ, որ նրա ֆեյսբուքյան նկարները Թուրքիայում ընդհանրապես արձագանքի չեն արժանանա, քանի որ Թուրքիան այս պահին ավելի լուրջ խնդիրներ ունի լուծելու, քան Օքթայի ֆեյսբուքյան էջն է»,- նշեց Չաքրյանը:
Հարցին, թե երբ է Օքրայը հանդիպել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հետ, ում հետ նույնպես լուսանկարներ ունի, թուրքագետը ենթադրեց, որ ինչ-որ հավաքի ժամանակ «գնացել- կպել» նկարվել է՝ ցույց տալու, թե Հայաստանում մեծ կապեր ունի:
Հունվարի 22-ին հայաստանյան մամուլում բուռն քննարկման առարկաեն դարձել թուրք ազգայնական Հասան Օքթայի լուսանկարները` գորշ գայլերի խորհրդանշանով` արված Հայաստանի տարբեր բնակավայրերում:
Հասան Օքրայը «Ազգայնական շարժում» կուսակցության անդամ է, որը «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպության քաղաքական ներկայացված ձեւաչափն է: Մասնագետները նշում են, որ ժամանակին կուսակցությունը բավական ակտիվ գործունեություն է ծավալել և սերտ կապեր ունեցել գաղտնի ծառայությունների հետ, սակայն հիմա այնքան էլ ակտիվ չեն, քանի որ նրանք ներկայացված են խորհրդարանում: