Մշակույթի նախարարը ՀՀ Նախագահին է ներկայացրել մշակութային քաղաքականության հիմնադրույթները
8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական մշակութային քաղաքականությունը մշակելիս Հայաստանը մշտապես հենվում է համաշխարհային փորձի վրա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, այս մասին նոյեմբերի 22-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ Մշակույթի նախարարությունումհրավիրված խորհրդակցության ժամանակ նշել է նախարար Հասմիկ Պողոսյանը: Նրա խոսքով` համաշխարհային փորձի վրա հիմնվելու մասին է վկայում 2009 թվականից նախարարության նախաձեռնությամբ և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցությամբ կազմակերպվող ավանդական «Մշակութային քաղաքականություն. քաղաքականություն մշակույթի համար» միջազգային կոնֆերանսը, որի շրջանակներում նաև բազմիցս վերահաստատվել է յուրաքանչյուր երկրի առանձնահատկությունների արժեվորումը մշակութային քաղաքականության մշակման ընթացքում:
«Միանշանակ է, որ մեր պետությունը մշակույթի ոլորտի հանդեպ կրում է լիարժեք պատասխանատվություն, նաև այն, որ մշակույթը Հայաստանում գտնվում է արտոնյալ վիճակում՝ ֆինանսական և բարոյական իմաստով»,- ասել է Պողոսյանը: Նրա խոսքով` դա է հաստատում այն հանգամանքը, որ ֆինանսական հատկացումները ոլորտին վերջին տարիներին անընդմեջ աճել են՝ 2010 թվականիբյուջետային ընդհանուր ծախսերի 0,82 տոկոսից 2012 թվականին հասնելովմինչև 1,29 տոկոսի, և նույնիսկ ճգնաժամային իրավիճակում բյուջետային կրճատումները չվերաբերվեցին այս ոլորտին՝ ինչպես որ դա կատարվեց զարգացած մի շարք պետություններում: Այս տարիներին գիտակցվեց նաև մշակույթի ոլորտի՝ որպես կայուն զարգացման գործոնի դերը, և մեր ոլորտը անմասն չմնաց երկրի տնտեսական աճն ապահովող ոլորտների ցանկից»,- ընդգծել է Հասմիկ Պողոսյանը:
Նախարարը նշել է, որ մշակույթի ոլորտում պետության մասնակցությունն ապահովվում է մշակութային քաղաքականությամբ, որն իրականացվում է 3 հիմնական ուղղություններով` մշակութային ժառանգության պահպանություն, ժամանակակից արվեստի զարգացում, մատաղ սերնդի` որպես մշակույթի սպառողի ձևավորում:
Ըստ նախարարի` մշակութային քաղաքականության հիմնական սկզնունքն է`մշակութային ծառայությունների մատչելիությունն ու հասանելիությունը հասարակության բոլոր խավերի և սոցիալական խմբերի համար: Ոլորտի գերակայությունները ձևավորվում են տարվա կամ եռամյա կտրվածքով հստակ խնդիրների և դրանց լուծումներին ուղղված քայլերի առաջադրմամբ, որոնք որպես կանոն, ստանում են նպատակային ծրագրերի ձևաչափ և կոնկրետ ժամանակահատվածում լուծում ոլորտի երևէ կարևորագույն խնդիր:
«Միևնույն ժամանակ` պատմական յուրաքանչյուր ժամանակահատված թելադրում է իր մարտահրավերները, որոնք, առաջին հերթին, վերաբերում են նաև մշակույթին: Այդպես են առանձնացվում մշակույթի ոլորտի գերակայությունները, ձևավորում թիրախային խնդիրները և լուծումներ տրվում տվյալ տարվա կտրվածքով: Այդ խնդիրները լինում են և ազգային, իսկ վերջին տարիներին` շատ հաճախ նաև միջազգային մակարդակի»,- ընդգծել է նախարարը` այս շարքում առաջին հերթին կարևորելով մշակութային կրթության զարգացումը հատկապես այն պատճառով, որ հենց այս սերունդն Է վաղվա մշակույթի ստեղծողը, մեր երկրի ապագան և մշակութային արժեհամակարգի կրողը:
Նախարարը մշակութային քաղաքականության հիմնադրույթները ներկայացնելիս, ասել է որ, 2008 թվականին իրականացված մշակութային կրթության զարգացման ծրագրով լուծվեցին մի շարք կարևորագույն հարցեր, այդ թվում ենթակառուցվածքային և համակարգային:
2009 թվականին մշակութային քաղաքականության առանցքում էր ոչ նյութական
մշակութային ժառանգությունը` օրենսդրական դաշտի կարգավորմամբ և նպատակային միջոցառումների իրականացմամբ: Արդյունքն ակնառու էր` խաչքարի արվեստը և ազգային էպոսը ընդգրկվեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերում, իսկ հեքիաթասացության և բարբառի «Երկնքից երեք խնձոր ընկավ» փառատոնը ճանաչվեց հաղթող ԻԿՕՄ-ի վեհաժողովի շրջանակներում անցկացված «Լավագույն փորձ» համաշխարհային մրցույթում: 2010թ.-ին նպատակային աշխատանքներ իրականացվեցին միջհամայնքային կապերի զարգացման ուղղությամբ և որպես դրա արդյունք` 1-ին համայնքային ArtEXPO ցուցահանդեսի կայացմամբ: Այդ շարքում կարևորվեցին նաև համայնքներում մշակութային հասանելիության հարցերը, կազմակերպվեցին շրջիկ ձևաչափով ծրագրեր: 2011-2012 թվականներին մշակութային քաղաքականության առանցն ուղղվեց դեպի գիրքը, քանի որ 2012 թվականին ՀՀ Նախագահի գլխավորությամբ նշվել է Հայ գրատպության 500-ամյակը, միևնույն ժամանակ Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել էր 2012 թվականի Գրքի համաշխարհային մայրաքաղաք:
2013 թվականին կարևորվել է մշակույթի ապակենտրոնացման լավագույն ծրագրով` «Գյումրին` 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք», «Հայկական հանգույց» գորգարվեստի հանրահռչակմանը ուղղված միջոցառումներով, ինչպես նաև մյուզիքլային ժանրի ակտիվ ներմուծմամբ մեր թատերական կյանք:
Շարունակելով խոսել ոլորտի գերակա խնդիրների մասին` Պողոսյանը նշել է, որ 2014թ.-ի մշակութային քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը կլինի հուշարձանների պահպանության հիմքերը ամբողջականացնող ենթակառուցվածքների ստեղծումը (գիտագործնական և ուսումնական կենտրոն, տեսչություն), հատուկ ուշադրություն է դարձվելու երգչախմբային արվեստի զարգացմանը, Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ կիրականացվեն մի շարք ծրագրեր մշակույթի տարբեր ոլորտներում, և այդ բոլոր առաջարկությունները ամփոփված և ներկայացված են ՀՀ Նախագահի աշխատակազմ):
Միևնույն ժամանակ նախարարության գործունեության գլխավոր ուղղություններից մեկը կշարունակի մնալ միջազգային մշակութային համագործակցությունը, հատկապես, ժողովրդական դիվանագիտության մակարդակով` հաշվի առնելով տարբեր երկրների միջև այսօր ծավալվող ակտիվ պայքարը ազգային արժեքների, ըստ էության` ժողովուրդների ազգային ինքնության համար: «Իսկ թե ինչպես հայ մշակույթով կպատկերազարդվի 20-րդ դարի համաշխարհային քաղաքակարթության քարտեզը, որը կրում է 20 դարի ոճրագործությունների ու մշակութային ցեղասպանությունների դաջվածքը, լիովին կախված է մեզանից»,- նշել է Հասմիկ Պողոսյանը: