Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Մի շարք պետություններ հետաքրքրված են Հայաստանի ավիացիոն, էներգետիկ, սննդարդյունաբերության եւ այլ ոլորտներով

Մի շարք պետություններ հետաքրքրված են Հայաստանի ավիացիոն, էներգետիկ, 
սննդարդյունաբերության եւ այլ ոլորտներով

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մուտքը Մաքսային միություն կարող է խթանել ներդրումների ներգրավմանը: Եթե միության անդամ երկրների միջև ձևավորվում է մի ներքին շուկա, ապա Հայաստանի արտադրանքը հեշտորեն կվաճառվի Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Զարգացման հայկական գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանը` միաժամանակ անդրադառնալով Հայաստանում ներդրումային դաշտի բացթողումներին:

Ներդրումային դաշտի հիմնական խնդիրները

Ամենակարևոր խնդիրը երկրի իմիջի ձևավորումն է: Ցավոք սրտի, մենք չունենք Հայաստանի իմիջի հստակ ռազմավարություն: Սա շատ լուրջ ֆինանսներ է պահանջում: Մենք փոքր պետություն ենք` ոչ մեծ ռեսուրսներով, այդ պատճառով պետք է մեր մասին տեղեկացնենք և բարձրացնենք երկրի ճանաչելիությունը: Հաջորդող խնդիրն են` գործարար միջավայրի բարելավումը, արտահանման շուկաների ապահովումը, օտարերկրյա ներդրողներին արտոնությունների տրամադրումը հատկապես խոշոր ծրագրերի դեպքում: Կարևոր է, որ յուրաքանչյուր ծրագրի դեպքում արտոնությունների համապատասխան մոտեցումներ սահմանվեն` կախված ներդրողի ցանկությունից: Կարծես ՀՀ կառավարությունը պատրաստ է դրան, քանի որ հետամուտ է իր հայտարարած ներդրումային քաղաքականության որդեգրմանը:

Օդային հաղորդակցության ոլորտում «բաց երկնքի» քաղաքականության դերը

«Բաց երկինքը» 100 տոկոսանոց մրցակցային դաշտ է ապահովում: Կլինեն հստակ պահանջներ, որոնց համապատասխանող ընկերությունները կարող են փոխադրման ծառայություններ մատուցել: Եթե ընկերությունն ինքնուրույն ֆինանսական միջոցներ չունի, զարգանալու համար կարող է գտնել գործընկերներ. դա ընդունված պրակտիկա է: Մյուս կողմից` մենք մտածում ենք տուրիզմի զարգացման համար, պետք է կարողանանք էժանացնել փոխադրման ծախսերը:

Ոլորտներ, որոնք գրավիչ են օտարերկրյա ներդրումների տեսանկյունից

Չորս ոլորտներում նեդրումների ներգրավման ուղղությամբ այժմ բանակցություններ են տարվում` մեքենաշիության, ավիացիայի, վերականգնող էներգետիկայի և վերամշակման ծրագրերի: Նոյեմբերի վերջին, կարծում եմ, ավիացիոն ոլորտում իր ծառայությունների առաջարկով հանդես կգա արտասահմանյան հայտնի ընկերություն: Եվս մի ողղություն, որտեղ տարվում են բանակցություններ, գյուղատնտեսության ոլորտն է` ֆերմաների, գործարանների հիմնման ուղղությամբ: Երբ արտահանման կամ ներդրման մասին ենք խոսում, մարդկանց թվում է, թե դա միանգամից պետք է իրականություն դառնա, բայց այն տարիների քրտնաջան աշխատանք պահանջող գործունեություն է: Մենք վերջերս երկու խմբաքանակ պահածո և հյութեր ենք արտահանել Կանադա, որը «Ջերմուկի» դեպքերից հետո (Կանադայի Սննդի տեսչությունը 2007թ. երկրի սպառողներին կոչ էր արել չգնել «Ջերմուկ» հանքային ջուրը-խմբ.) առաջին արտահանումն է: Մենք միայն կես տարի քննարկել և բանակցել ենք տեղի ընկերության հետ, թե ինչպիսին պետք է լինի պահածոյի պիտակը: Կախված նոր շուկաներից` կան պահանջներ, որոնց պետք է բավարարել, իսկ դա ամենօրյա աշխատանք է պահանջում: Երկրներ, որոնք հետաքրքրված են հայկական արտադրանքով և համապատասխան ոլորտներով

Իտալիան է բավականին ակտիվ, հետաքրքրված են էներգետիկ, ավիացիոն ոլորտներով, ինչպես նաև ծառայությունների մատուցման հնարավորություններով: Մերձավոր Արևելիքի երկրները շարունակում են իրենց հետաքրքրությունը ցուցաբերել սննդարդյունաբերության նկատմամբ, Իրանը` գյուղատնտեսության, ԱՄՆ-ը, Շվեյցարիան` դեղագործության արտադրության հիմնման ուղղությամբ: Ռուսաստանը մեր հիմնական գործընկերներից մեկն է, որտեղ էլ ուղղված են արտահանման ամենամեծ ծավալները:

Համաժողովներ, հետագա անելիքներ. որքանով են դրանք տեսանելի արդյունքներ տալիս

Ընթացիկ տարում անցկացրեցինք հայ-իրանական, հայ-արգենտինական համաժողովները Երևանում, հայ-լիտվականը` Վիլնյուսում, ներկայում ընթանում է հայ-իրաքյան գործարար համաժողովը, որը շուրջ երկու հարյուր գործարարի է մեկտեղել Հայաստանում: Նախատեսվում է հայ-բելգիական համաժողով: Հաջորդ տարվա առաջին կեսին Յունիդա կազմակերպության հետ համատեղ Երևանում կանցկացնենք ներդրումների և նորարարություններին նվիրված համաժողով, որը հետաձգել ենք նշյալ կազմակերպության առաջարկությամբ: Նախատեսվում է նրանց ղեկավարի այցը Հայաստան այդ միջոցառման շրջանակներում: Ինչ վերաբերում է տեսանելի արդյունքներին, ապա գործարար համաժողովները, հիմնական նպատակն այն է, որ դրսի մարդիկ ցանկանում են իրենց ապրանքի վաճառքի համար այստեղ շուկա որոնել, որի ժամանակ մենք էլ պետք է օգտվենք առիթից ու հանդես գանք մեր առաջարկներով: Այդ տեսանկյունից դա գործակալության գործունեությանը հակառակ է, մենք վաճառքով հետաքրքրված չենք, եթե իհարկե հարցը չի վերաբերում բարձր տեխնոլոգիաներին: Եթե խոսքը գնում է սարքավորումների, տեխնոլոգիաների մասին, ապա, ինչու չէ, կարելի է այստեղ մի համատեղ ձեռնարկություն հիմնել` դրսի ընկերությունն իր տեխնոլոգիաներով, հայկական ընկերությունը` մենեջմենթով:

«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ն (ԶՀԳ) 1998թ.-ի ապրիլին հիմնել է ՀՀ կառավարությունը։ ԶՀԳ-ի նպատակն է աջակցել օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավմանը և խթանել արտահանումը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am