Մշակույթ

Ասաց ու գնաց անմահություն…. Սոս Սարգսյանի վերջին չհրապարակված հարցազրույցը

18 րոպեի ընթերցում

Ասաց ու գնաց անմահություն…. Սոս Սարգսյանի վերջին չհրապարակված հարցազրույցը

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «+Կինո»ամսագրի գլխավոր խմբագիր, կինոլրագրող, Հայաստանի եւ Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միությունների անդամ Ռոբերտ Մաթոսյանն «Արմենպրես»-ին է տրամադրել ԽՍՀՄ եւ ՀՀ ժողովրդական արտիստ, հայ անվանի դերասան Սոս Սարգսյանի հետ մեծ վարպետի կենդանության վերջին օրերին արված հարցազրույց:

«Սոս Սարգսյանին ես միշտ անվանել եմ մեր ժամանակների Հովհաննես Թումանյան, և սա գերագնահատանք չէ: Ինձ համար հայի նրա տեսակը 21-րդ դարի մեր ժողովրդի էտալոնն է` պահված լեռներում:

Հիվանդ ժամանակ ավելի մտերմացանք: Զանգում, կանչում էր, 10-15 րոպեի չափով զրուցում էինք, ասածները գրառում ու ձայնագրում էի, իսկ հաջորդ օրը կարդում նրա համար: Նույն կերպ վարվեց նաև մահվանից ընդամենը մեկ օր առաջ: Զանգեց, հևիհև շնչառությամբ ասաց. «Հավելվածի վերջին մասը կարդա»: Կարդացի: Ասաց` հետևյալ պարբերությունից առաջ այս միտքն ավելացրու: Ավելացրի ու կարդացի: Ասաց. «Լավ է, սա իմ վերջին խնդրանքն է քեզ»: Քար կտրեցի: Հուզմունքը խեղդեց կոկորդս:

Հիմա ցնցված եմ, իմ «Սոս ջան»-ը (ես նրան այդպես էի դիմում) իր վերջին ասելիքը ասաց սթափ բանականությամբ, 84-ամյա բարձունքից` իրեն հատուկ իմաստնությամբ: Ասաց մեր վերջին մոհիկանը ու գնաց անմահություն…

Այդ խոսքն ամբողջապես կտպագրվի գրքույկում, իսկ հիմա հարցազրույցը ներկայացնում եմ կրճատումներով:

- Գիտես, 1915 թվականը հայ ժողովրդի մեջ բուն դրած վախից նաև սկսվեց: Թուրքերը կարողացան մեր աչքի պեծը կոտրել: Սկզբում մեր մեջ վախ ներարկեցին, հետո սկսեցին սրի քաշել: Գերմանացի նշանավոր արևելագետ, հայկական հարցի գիտակ Յոհաննես Լեփսիուսն ասում է, որ եթե մի երեք Մուսա լեռ լիներ, գործն այլ ընթացք կունենար: Բայց որովհետև համատարած վախ էր մտել մեր ժողովրդի մեջ` մեծից փոքր ուժեղից թույլ վախվորած էին, էդ վախը ամբողջ ազգը կոլոլեց, վախը փաթաթվեց վզին, ու միլիոնավոր մարդիկ մոլորվեցին ու մորթվեցին: Հարցնում ես` ի՞նչը կցանկանայի, որ չկրկնվեր: Ես կուզեմ, որ հայ ազգը այլևս այդ վախի զգացողությունը չունենա: Երբ ինձ հարցնում են մեր հոգսը, գործը, էսօր որն է, ասում եմ` արիություն ու խիզախություն սերմանելը, հերոսություն ու համարձակություն ներարկելը: Պետք չէ մտածել, որ թուրքերը մեզանից շատ են: Մենք, երբեք, չպիտի վախենանք, և պիտի իրենց նման նախահարձակ լինենք, ամեն տեղ, ամեն րոպե: Սա է պաշտպանության լավագույն ձևը:

- Մեծ Եղեռնի սգո 100-ամյակին ընդառաջ մենք պետք է Արարատի նշանաբանով գնանք: Ի՞նչ ասել է դա... Այնտեղ որտեղ հնարավոր է Սուրբ Լեռան քանդակը պիտի տեղադրել: Ամենուր Արարատի նկարները կախել. փողոցների պատշգամբից, դրոշների վրա Արարատ լեռան պատկերը պիտի ծածանվի, որովհետև աշխարհին մենք ոչինչ չունենք ասելու, եթե Արարատի նկարն իմ դոշին կպցրած է, իմ տան դրոշին ծածանվում է, դրանով, առանց բարձրաձայնելու, լռելայն ես աշխարհին ասում եմ՝ էս իմ երկիրն է, էս իմ հողն է... Ես կոչ եմ անում հայ ազգին, սփյուրքից սկսած՝ ամեն տեղ, ամեն քայլափոխի առաջնորդվել Սուրբ Լեռան նշանաբանով: Արարատը նաև մեր պահանջատիրության խորհրդանիշն է: Նույնիսկ Եղեռնի 100-ամյակի նախաշեմին այնքան ենք մենք անհամարձակ, որ զլանում ենք մի հարց տալ՝ Էս Սևրի դաշնագիրն ու՞ր է... Չէ որ որևէ մեկը չեղյալ չի համարել, ինչո՞ւ այս հարցերը չենք պարզաբանում, ինչո՞ւ համարձակ չենք բարձրաձայնում...

Թուրքերը մեկուկես միլիոն հայ չէ որ կոտորել են: Հինգ հարյուր տարի շարունակ նրանք ձեռի հետ հա կոտորել են էլի, իսկ ինչ եղավ այդ 1.5 միլիոն ժողովրդի ինչքը, նրա տունը, նրա ունեցվածքը, նրա հարստությունը, նրա մատներից ու ականջներից ճպռպորած ոսկեղենը, մեջքերին կապած արծաթե գոտիները, մանրամասն պիտի հաշվարկել, բոլորը պիտի իմի բերել և ասել՝ բացի հողերից, որը դուք պարտավոր եք տալ, մեզ պիտի վերադարձնեք նաև թալանած հարստությունը: Եթե 100 տարի լռել ենք, ապա սովետը չի թողել խոսենք, հիմա հատուցման պահ է: Հատուցում բառը պետք է անդադրում կրկնենք:

Վանքերում ու մարագներում հրկիզվածներին, Տեր Զորի անապատներում սրախողխող արվածներին մենք վերադարձնել չենք կարող: Ես իմ աչքի տեսածն եմ ասում: Անապատներում մինչև հիմա հայ մարդկանց անթաղ ոսկորներ կան: Դա ի՞նչ է նշանակում, որ նրանց հոգիները երկրից դեռ երկինք չեն հեռացել: Դրանք պտտվում են թուրքերի գլխին էլ մեր գլխին էլ... թուրքերին անիծում են... Իսկ մեզ հուշում, որ մեզ տեր կանգնեք... Անթաղ կմաղքի հոգին ոչ մի տեղ չի հեռանում: Եվ երբեք չի հանգստանա մինչև չլինի հատուցում... Ասել է Սասնա Ծուռ Դավիթը եկել է և Կոզբադինին ասում է, հլա մի կոտդ բեր, էս մեզանից ինչքան հարստություն ես խլել: Հտուցում և նորից հատուցում:

Հրեաները 2000 տարի իրար հանդիպելիս ասում էին՝ հաջորդ տարի Երուսաղեմում հանդիպենք: Երկու հազարամյակ հեո, մենք տեսանք, թե նրանք ուր հասան...

Հիմա ամեն մի հայ բաժանվելիս, պիտի հաջողություն մաղթի և ասի՝ եկող տարի Վանում հանդիպենք: Ասել է պետք, դա կարող է լինել 50 տարի, 100 տարի հետո: Պիտի անընդհատ ասենք, ինչպես հրեաները, որպեսզի լինի:

Վանում հանդիպման ու հատուցման գաղափարը մեր մշտական ուղեկիցը պիտի լինի:

Այո՛, վատ է, որ մենք փոքրաթիվ ազգ ենք, իսկ փոքրաթիվ ազգերից ավելի շատ կազմակերպվածություն է պահանջվում: Ավելի շատ տղամարդկություն է պահանջվում, քան ասենք իտալացիներից ու իսպանացիներից: Նրանց դա պետք չէ: Մեր փրկությունը բռունցքվելու և անվախության մեջ է:

Երկրորդ: Պետություն ենք, սակայն դեռ ապրում ենք թայֆաներով, մտածում ենք թայֆայավարի` առաջնայինը անձնական շահը համարելով: Սա է մեզանից շատերի հոգեբանությունն ու փիլիսոփայությունը: Ինձ համար հարցերի հարցը պետականությունն է: Իշխանությունները գալիս ու գնում են: Հետո մեզ բնորոշ մի վատ հատկանիշ, փաստ: Չնայած ղեկավարի մի տեղ ունենք, բոլորս ուզում ենք ղեկավար դառնալ: Էդպես երկիր չենք դառնա: Խստապահանջ լինելը այլ խնդիր է, որ ասենք դու ես այս երկրի տերը, հերիք եղավ, բոլ եղավ...:

- Մեր ամենամեծ թշնամին այսօր չիմացությունն է: Աշխարհը էնպիսի մի թափով է առաջ գնում, որ մենք իրավունք չունենք ամենատարրական բաները չիմանանք: Մեր թշնամին տգիտությունն է: Տգիտությունն ահավոր մի բան է, համայն մարդկության չարիքների պատճառը: Եթե մենք տգետ լինենք, մեզանից դուրս եկած ղեկավարն էլ կարող է տգետ լինել: Տգետ մարդը անհաղթահարելի է: Եթե տգետին պաշտոն ես տալիս, դա սոսկալի մի երևույթ է:

Հարցազրույցում նա անդրադարձավ նաև հասարակական այս կացութաձևին՝ սիստեմին, և ասաց.

- Մի քանի օր առաջ մի տիկին ինձ զանգեց և շատ խիստ ձայնով ասաց. «Դուք դաշնակցակա՞ն եք»: Ասացի` այո: Իսկ դուք ձեր ելույթում ասացիք, որ դուք ազատությանը դեմ եք և նույնիսկ նախագահին շնորհավորում եք: Ոչ մի բան չհասցրի ասել, որովհետև հեռախոսը անջատվեց: Հիմա եմ ուզում ասել:

- Իհարկե, քույրիկ ջան, ես ոչ միայն ազատությանն եմ դեմ, ես դեմ եմ այն դեմոկրատիային, որն օրինականացնում է երկու տղամարդու ամուսնությունը: Եվ դա բավական չէ, նրանց իրավունք են տալիս երեխա որդեգրել:

Դու գիտես, դա հակաստվածային, սոսկալի, անմարդկային, չլսված, չտեսնված բան է,- գրեթե գոռալով ասում է նա:

- Ի՞նչ ասեմ, էդ տղան պիտի մեծանա ու իրենց նման դառնա: Դա մեր վերջի սկիզբն է, եթե էսպես շարունակվի, մեր պետության կործանման սկիզբն է: Նրանց պետք է արմատախիլ անել: Հետո մարդկությունն այս դեմոկրատիայի ձեռին կրակն է ընկել: Ամեն ինչում պիտի կարգ ու կանոն լինի: Գիտեք, վայրի ցեղերը ինչպես դարձան պետություն: Տաբուի շնորհիվ, տաբու, ասել է թե արգելքի շնորհիվ: Մերձավորի հետ չի կարելի ամուսնանալ, որովհետև այլանդակներ են ծնվում, գողանալ չի կարելի, էս չի կարելի, էն չի կարելի ասելով ստեղծեցին պետություն: Իսկ պետությունը, որտեղ ամեն ինչ կարելի է, դա պետություն չի, դա արդեն հասարակարգ չի: Դա անհովիվ մի նախիր է: Գիտե՞ք ինչ, ես մի առիթով էլ եմ ասել. մարդկությունը ղեկավարվել է չգրված օրենքներով:

Ոչ ոք ինձ չի ասում, որ եթե հարազատդ մահացել է, գնա թաղման, բայց ես գնում եմ: Դա գրված չէ: Ոչ ոք չի հարցնում, որ եթե չգնաս հարսանիքի, քեզ կպատժենք: Կան չգրված օրենքներ, որ պետք է հետևես դրան: Պրոսպեր Մերիմեն մի պատմվածք ունի, որտեղ տղան դավաճանում է հորը, հայրը դավաճանության համար սպանում է որդուն: Տարաս Բուլբան իր տղային ասաց. «Ես քեզ ծնել եմ, ես քեզ կսպանեմ»: Այսինքն` մարդիկ սա ասել են, որ կարգը պահպանեն: Իսկ դավաճանին կարելի՞ է ներել: Իսկ ո՞վ պիտի չների` առաջին հերթին հայրը: Հիմա Հայաստանը լեցուն է դավաճաններով ու այլանդակներով: Ոմանք գնում են Եվրոպաներ ու սկսում են բամբասել հայերից:

Հայաստանի քաղաքական գործիչներից սկսած մինչև դպրոցականը պիտի մտածի, որ եթե այս քայլը անում եմ, սա ո՞ւմ դեմ է: Նախագահի՞, թե՞ երկրի դեմ է: Եթե երկրի դեմ է, դու պարզապես բարոյական իրավունք չունես անելու, եթե դու հայրենասեր ես... Ինձ համար նշանակություն չունի, թե ով է նախագահը: Ինձ համար նշանակություն ունի, որ այս պետությունը հզորանա, որ հետո գլուխ չջարդենք, թե չորրորդ հանրապետությունը ոնց ստեղծենք: Ֆալկոնեն ասում է. «Կուշտ ստրուկը վատ արարած է»: Հիմա եվրոպացիները կուշտ ստրուկ են: Մարդկությունն այժմ այդ վիճակի մեջ է: Ես չգիտեմ ու մտահոգ եմ, թե մարդկությունն այդ վիճակից ինչպես պիտի դուրս գա: Էդ կապիտալիզմ է, դեմոկրատիա է, ինչ զահրումար է... Այդ մասին ինձանից խելոքները վաղուց են ասել: Կարդալ է պետք...»:

Խոսելով հայ-վրացական հարաբերությունների մասին նա նշեց.

- Շատ բարդ խնդիր է: Իմ կարճ խելքով վրացիները սխալ ճանապարհ են ընտրել: Հենրիկի երազած պետությունը շատ բնական երևույթ կլիներ, քանի որ և՛ մենք, և՛ վրացիները շրջապատված ենք մահմեդականներով:

Բայց վրացիները շատ տարօրինակ են պահում իրենց: Գիտե՞ք` ես ի՞նչ եմ մտածում, գուցեև սխալվում եմ, որ Վրաստանում մեր դեմ են, այսպես կոչված շուռ տված հայերը, վրացի դարձած հայերը: Դավանափոխ հայը, ազգափոխ եղածը սոսկալի երևույթ է:

Եթե նա (ոչ բռնի ուժով) իր սեփական արյանը դավաճանել է, ամեն ստորության էլ ընդունակ է: Եվ այդ նրանք են, որ իրենց հայոց հետքերը կորցնելու համար տասն անգամ ավելի վրացի են, քան սովորական վրացին: Ես այդ խոսակցությունն ունեցել եմ նաև Լորդկիպանիձեի հետ: Երբ նկարահանվում էի, մեր խմբում դրանցից մեկը կար, ուղղակի հերս անիծում էր: Վերջը պարզվեց, որ (մի փոր հացի համար) շուռտված հայ է, մի իսկական տականք:

Սա մեկ:

Աշխարհն այժմ կանգնած է ընտրության առաջ: Իսլամն այսօր ավելի առողջ, կենսունակ է, դա մենք պետք է ընդունենք: Նրանք հարձակման նոր ձև են ընտրել. ոչ թե կռվել, այլ բուծվել` տասից ավելի երեխաներ ունենալ:

Վրացիներն ընկել են հայերիս հետևից, որոնք կառուցելուց, բարգավաճեցնելուց, օգտակար լինելուց բացի ուրիշ տեսակի չենք կարող լինել: Բա չե՞ս տեսնում, որ իսլամը եկել է ու մտել տունդ:

Եթե այդպես շարունակվի (կուզենայի, որ իմ այս խոսքերը նրանց հասնեին), Մարնոուլի թուրքերը, աճ տալով, մեկ - երկու տասնամյակ հետո, Վրաստանի նախագահը կարող է լինել թուրք: Եվ դա չափազանց վտանգավոր է նաև մեզ համար: Ինձ ճիշտ հասկացեք, մենք չենք կարող փոխվել, դեռ Ավարայրի ժամանակ մենք մեր հավատի համար կռիվ ենք տվել: Ցավոք, վրացիները հեշտությամբ են փոխվում:

Անցյալ նախագահական ընտրություններին մի թուրք նույնիսկ հայտարարել էր, որ իր թեկնածությունը դնելու է, բայց հասկացել էին, որ հիմա դրա ժամանակը չի: Սակայն շատ շուտով կարող են նաև դա լինել...

Բա մենք ինչպե՞ս փրկենք մեր եղբայրներին:

Խոսելով Խորհրդային տարիների մշակութային շփումների, միմյանց հաղորդակցվելու ավանդույթի, գրողների, արվեստագետների կապերի ընդհատման մասին, նա ասաց.

- Էդ կապերը նույնությամբ հնարավոր չէ վերականգնել: Ես մեկ այլ բան կասեմ, որը քո հարցի հետ կապ չունի: Գիտե՞ս ինչու ենք Հայաստանից դուրս այդքան հանճարեղ հայեր տվել. Վիլյամ Սարոյան, Ռուբեն Մամուլյան, Շառլ Ազնավուր, Աշոտ Մալաքյան, ԱՄՆ - ում նույնիսկ ծագումով տիեզերագնաց ունենք՝ Ջեյմս Բաղյանը, որի հայրը ղարաբաղցի է եղել: Ինչո՞ւ, որովհետև հայ մարդը դարեր շարունակ սովորել է ապրել կայսրություններում, սովորել է իր տրամադրության տակ տարածք ունենալ, ասպարեզ ունենալ: Հիմա, ասում ես, հայերը գնում են ու գնում, դա սովից չի, դա սուտ է: Այո, կան բազմաթիվ թերացումներ, կա անարդարություն, բայց հիմնական պատճառը դա չէ: Գնացողներն ասպարեզ չունեն աշխատելու: Հայ մարդու էներգիան ներսից պայթում է, տարածք ու ճանապարհ է ուզում, որպեսզի միտքը գործի, հանճարեղ գործեր անի: Էդպիսի գործեր անելու հնարավորություն չկա Հայաստանում: Դրա համար սփյուռքում մենք կծնենք հանճարներ, այստեղ`դժվար: Խորհրդային շրջանը տարածքների ու ինքնահաստատման ժամանակաշրջան էր: Այդ տարիներին ես բազմաթիվ ազգությունների մեջ եմ եղել: Ինձ ուղղակի պաշտում էին, էդպիսի բարեկամություն կար: Մի մոռացեք, որ բարեկամության քարոզչությունը ի վերջո իր դերը խաղում էր: Հիմա միակ բանը մնացել է փող.... փող... էլի փող... Մարդուն էլ պետք չէ ընկերությունը, բարեկամությունը: Սա դաժան կորուստ է, Ռոբերտ ջան: Այո, մեծ կորուստ է, որ կտրվել ենք ռուսական մշակույթից:

Կորցնելով ռուսական կուլտուրան՝ մշակութային դաշտը, մենք կտրվում ենք համաշխարհային մշակույթից և կորցնում ենք ամեն ինչ...

Ես խորը մտածելու բան եմ ասում...

Խնդրեցի բացել փակագծերը.

- Փոքր պետությունները` ուզեն թե չուզեն, անպատճառ պետք է մի որևէ միության մեջ լինեն: Այո մեզ համար ամենաձեռնտուն Ռուսաստանն է, և դրա համար էլ մենք պետք է իրար հետ եղբոր պես լինենք: Այս հարաբերություններում փոքր ու մեծի հարց պիտի չլինի: Մենք իրենց ենք պետք, իրենք էլ` մեզ: Էն քո ասած աշխարհագրական դիրքն ուղղակի հենց դա է թելադրում: Ավելին ասեմ, ճակատագիր է և ուղղակի բախտավորություն, որ մենք մեկմեկու ենք պետք…

Մոսկվայում` Անաստաս Միկոյանի հուղարկավորության ժամանակ, ես իմ ելույթի ընթացքում մի այսպիսի միտք եմ ընդգծել, որ հայերս բարձր ենք գնահատում մեր բարեկամ ու եղբայր Ռուսիայի դերն ու նշանակությունը համաշխարհային պատմության մեջ, առանձնապես մեզ` հայերիս համար: Բայց մենք երբեք մուրացկանի ու անօգնականի պես ձեռք չենք մեկնել ձեզ, թե խնդրում ենք մեզ օգնել: Ձեզ հետ հավասար ծառայել ենք ռուսական պետությանը, ռուս ցարերը խորապես էին գնահատում, հասկանում, թե հայերը որքան կարող են օգտակար լինել: Չնայած պետականություն չունեինք, Իվան Գրոզնուց սկսած, շարունակաբար Պետրոս Մեծի ու Եկատերինայից մեզ մեծ արտոնություններ էին տրվում Ռուսաստանում, մենք ստեղծել ենք բազում կրթօջախներ` ինչպես Լազարյան ճեմարանը, որտեղ կրթություն են ստացել ոչ միայն հայերը, այլև ռուսաստանցիները: Փայլուն օրինակը` Եվգենի Վախթանգովն ու Կոնստանտին Ստանիսլավսկին: Հիմնել ենք թատրոններ (Վախթանգով, շարունակությունը` Ռուբեն Սիմոնով): Մասնակից ենք քաղաքական կյանքին ու տվել ենք այնպիսի անհատականություններ, ինչպիսին իմաստուն Լորիս - Մելիքովն էր, մասնակցել ենք Ռուսիայի վարած բոլոր պատերազմներին ու նույնպես կարկառուն դեմքեր տվել` սկսած գեներալ Բեյբութովից մինչև Հովհաննես Բաղրամյան: Կուրչատովի կողքին Ալիխանյան եղբայրներն են եղել, տիեզերանավաշինության մեջ Կորոլյովի կողքին Իոսիֆյանն ու Սիսակյանն են եղել և այլն և այլն…

Մենք ծառայել ենք մի ընդհանուր գործի, և դրա փայլուն օրինակը Անաստաս Միկոյանն է, որը 1962 թվականին` Կուբայի ճգնաժամի օրերին, մոլորակը փրկեց երրորդ համաշխարհային պատերազմից, ասել է, թե կործանումից: Սրանք սովորական օրինակներ չեն, իրենց մեջ խորհուրդ են պարունակում…

Հիմա վերադառնանք այսօրվան, երբ արդեն պետականություն ունենք: Նախ և առաջ հույսներս պիտի միայն ու միայն մեզ վրա դնենք, անշուշտ, Ռուսիո հովանու ներքո: Սխալվելու իրավունք մենք չունենք: Ինձ համար հարցերի հարցը իմ նորաստեղծ պետականության ու երկրի անվտանգությունն է: Ժամանակին Ավետիք Իսահակյանն ասել է. «Ես մեր սահմանին կանգնած ռուս զինվորին աշխարհի հետ չեմ փոխի…»: Իմաստուն խոսք է: Խարդախությունը մեր կողմից պիտի չլինի:

Իսկ եթե, Աստված չանի, մի բան պատահի` մեղքն իրենց վիզը…»:

Ռոբերտ Մաթոսյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում