Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Արցախի Տիգրանակերտում այս տարի պեղումները կշարունակվեն անտիկ թաղամասում

Արցախի Տիգրանակերտում այս տարի պեղումները կշարունակվեն  
անտիկ թաղամասում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Տիգրանակերտի պեղումներն այս տարի կսկսվեն հունիսի 25-ին եւ կշարունակվեն մինչեւ օգոստոսի 20-ը: Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ այս տարի շարունակվելու են Տիգրանակերտի անտիկ թաղամասի պեղումները: «Նոր դամբարաններ են բացվում, դրանք ենք փորձելու պեղել, ինչպես նաեւ շարունակելու ենք բացել արդեն 180 մետր բացված պարիսպը»,-ասաց նա:

Պետրոսյանը, կարեւորելով համագործակցությունը տարբեր երկրների հնագիտական կառույցների հետ, նշեց, որ այժմ եվրոպական երկու համալսարանների հետ բանակցություններ են տարվում: «Լեռնային Ղարաբաղի կառավարության կողմից այս տարի պեղումների իրականացման համար  23 մլն դրամ է հատկացրել: Արցախի նախագահ Բակո Սահակյանի հանձնարարությամբ մեզ համար տուն են գնելու,  ինչի համար շատ ուրախ ենք, քանի որ սեփական հանգրվան չունենք այնտեղ»,-ասաց Պետրոսյանը:

Հնագետի խոսքով` պեղումների վրա 4 ջոկատ է աշխատելու:  Արշավախումբն էլ կազմված է լինելու  14-16  հոգուց: «Այս տարի փորձելու ենք թանգարանային նոր ցուցադրություն ստեղծել: Տարին շուրջ 35 հազար այցելու ունեցող թանագարանի նախկին ցուցադրությունն  ուզում ենք ավելի ընդարձակ դարձնել: Ընթացքի մեջ են նաեւ «Հուշարձանը եւ հասարակությունը Արցախի Տիգրանակերտում» գրքի ստեղծման աշխատանքները, որտեղ ներկայացնելու ենք ոչ միայն պեղումների արդյունքները, այլեւ հասարակության վերաբերմունքը հուշարձանի նկատմամբ, որովհետեւ մեզ համար Տիգրանակերտում աշխատանքները  միայն ակադեմիական գործունեություն չեն»,-ասաց նա:

Նա  հույս հայտնեց, որ այս տարի եւս պեղումները բավական լավ ընթացք ու արդյունք են ունենալու:

 Անդրադառնալով 2012  թվականի հաջողություններին` հնագետը առանձնացրեց հատկապես եկեղեցու հյուսիսային մասում հայտնաբերված սալապատ մեծ բակը: «Անցյալ տարի ժայռափոր հնձան ենք պեղել, որը բավական ունիկալ  է ամբողջ Արցախում»,-հավելեց Պետրոսյանը:

Արցախի Տիգրանակերտի պեղումներն իրականացվում են  2006թ-ից;

2006-2008թթ. պեղումներ են իրականացվել քաղաքի եւ դրա մերձակայքի տարբեր հատվածներում, որոնց հետեւանքով երեւան են հանվել Միջնաբերդի կառույցները, ամրացված թաղամասի պարիսպները, նույն թաղամասի դարավանդներից մեկի հենապատը, կենտրոնական թաղամասի բազիլիկ եկեղեցին:

Պեղումների միջոցով վեր հանված կառույցները եւ նյութերը հավաստում են, որ Տիգրանակերտը եղել է քաղաքաշինական առաջադեմ հատակագծմամբ եւ շինարարական տեխնիկայով ստեղծված ընդարձակ մի բնակավայր, որը, հիմնադրվելով մ.թ.ա. առաջին դարում, հարատեւել է մինչեւ 14-րդ դարը: Այն ամբողջովին կառուցվել է տեղական սպիտակ կրաքարից, փռվել է լեռան լանջն ի վեր (արհեստական դարավանդների տեսքով) եւ ստորոտի հարթավայրում, ունեցել է հզոր պարիսպներ, ժայռափոր ջրանցքներ: Տիգրանակերտը եղել է այգիների մեջ թաղված սպիտակ քաղաք:

Այս պեղաշրջանն աչքի է ընկնում քաղաքի կառուցվածքի վերաբերյալ նոր տվյալների առատությամբ: Ինչպես ցույց են տվել անտիկ թաղամասի պեղումները, Տիգրանակերտը Ամրացված թաղամասից (կամ Ամրոցից) զատ ունեցել է նաեւ առանձին քաղաքային թաղամասեր, որնցից մեկն էլ պեղվող Անտիկ թաղամասն է:

Այստեղ առանձնանում են երկու հիմնական մշակութային շերտեր՝ անտիկ (մ.թ.ա. 1-ին – մ.թ. 3-րդ դարեր) եւ վաղմիջնադարյան (4-9-րդ դարեր): Կառուցապատումը կանոնավոր է, բնակելի համալիրներն ուղղանկյուն են, ունեն կավածեփ հատակներ, հարթակներ: Առանձնակի նշելի է անտիկ խեցեղենի տեսակային բազմազանությունը, գունազարդ եւ սեւափայլ բարձրորակ խեցեղենի հարյուրավոր գյուտերը՝ ինչը բարձր քաղաքային մշակույթի էական վկայություններից է: Ուշագրավ է, որ քիչ չեն նաեւ մերձավորարեւելյան եւ փոքրասիական կենտրոններից ներմուծված նմուշները, հանգամանք, որը վկայում է քաղաքային առաջացած կյանքի եւ առեւտրա-մշակութային ակտիվ կապերի մասին:

Լուսանկարները` արշավախմբի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am