Թուրքիայում հակահայկական վահանակի վրա հարձակման ժամանակ յոթ մարդ վիրավորվել է
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկարայի կենտրոնական Քըզըլայ հրապարակում այսպես կոչված` Խոջալուի իրադարձությունները «ցեղասպանություն ճանաչելու» նպատակով ստորագրություններ հավաքելու համար Գյոքբորուի թրքականների միության պատրաստած վահանակի վրա ընդդիմադիր դիրքորոշմամբ այլ խմբի հարձակման հետեւանքով 7 մարդ է վիրավորվել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, վահանակը ջարդած խումբը քարերով, մահակներով եւ շշերով ծեծի է ենթարկել այն պատրաստած իրավասուներին, ինչի արդյունքում նրանք վիրավորվել եւ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել:
Ղարաբաղյան պատերազմի ընթացքում 1992 թ-ի փետրվարի 26-ին Աղդամ քաղաքի մատույցներում ադրբեջանական զինված ուժերի կողմից վերահսկվող տարածքում չպարզաբանված հանգամանքներում, ըստ Human Rights Watch-ի, զոհվել են 200-300 մարդիկ, ովքեր Ադրբեջանի իշխանությունների կողմից կանխամտածված պահվում էին մարտական գործողությունների էպիկենտրոնում: Խոջալուի բնակչությունը, որի մեծամասնությունը կարճ ժամանակ առաջ այդտեղ բնակեցված թուրք-մեխսեթցիներ էին, եւ որը հանդիսանում էր այն հինգ կրակակետերից մեկը, որտեղից գնդակոծվում էր շրջափակված Ստեփանակերտը, ամիսներ շարունակ Ադրբեջանի իշխանությունների կողմից ստիպողաբար պահվում էր այդտեղ եւ դիտավորյալ կերպով չէր էվակուացվում` նպատակ ունենալով հետագայում նրանց օգտագործել որպես կենդանի վահան: Խոջալուի կրակակետերը ոչնչացնելու գործողություններից առաջ հայկական ուժերը դեպի Աղդամ միջանցք են թողել` այդտեղից խաղաղ բնակչության դուրս գալու համար:
Մոսկվայում վտարանդության մեջ գտնվող Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մուաթալիբովը, ում նախագահության շրջանում էր տեղի ունեցել այդ ողբերգությունը, 1992 թ-ի ապրիլի սկզբին չեխ լրագրող Դանա Մազալովային տված հարցազրույցում ադրբեջանական ընդդիմությանը մեղադրել է իշխանությունը զավթելու նպատակով Աղդամի մատույցներում սեփական ժողովրդի նկատմամբ սպանդ իրականացնելու մեջ («Նեզավիսիմայա գազետա», 02.04.92): Այազ Մութալիբովի այդ խոստովանության եւ ղարաբաղյան հակամարտության մասին հանգամանորեն պատմում է «Սովի եւ կրակի միջեւ իշխանություն` կյանքերի գնով» փաստագրական ֆիլմը: