Տարածաշրջանային

Հրանտ Դինքի սպանության հետքերը տանում են Թուրքիայի զինված ուժեր

3 րոպեի ընթերցում

Հրանտ Դինքի սպանության հետքերը տանում են Թուրքիայի զինված ուժեր

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլում սպանված «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբանները դիմել են Անկարայի հանրապետական գլխավոր դատախազությանը` պահանջելով ներկայացնել իրենց այդ երկրի զինված ուժերի մոբիլիզացիայի տեսչական կառույցում անցկացված հետաքննության ժամանակ հայտնի դարձած` Դինքի մահափորձի հետ կապված փաստաթղթերը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական T24 հեռուստաալիքի լրատվական կայքը, փաստաբաններն այդ քայլին են դիմել այն բանից հետո, երբ Թոքաթի բանտերից մեկի բանտարկյալ Մ.Ա.-ն նամակ է ուղարկել Հրանտ Դինքի սպանության գործը քննած Ստամբուլի դատախազություն, որում հայտնել է, որ սպանությունը ծրագրել էին իրականացնել Էրհան Թունջելի հետ միասին, ով եւս կապված է եղել այդ սպանության հետ, սակայն հետո թուրքական արդարադատության կողմից անմեղ էր ճանաչվել եւ ազատ արձակվել դատարանի դահլիճից:

Նամակում գաղտնի վկան հայտնել էր, որ ինքն ու Թունջելը Թուրքիայի զինված ուժերի հատուկ ռազմական վարչության կազմում գործող գաղտնի կազմավորման անդամներ են` զբաղված Թուրքիայում բնակվող հայտնի ոչ մահմեդականների վերացման աշխատանքներով: Դինքի փաստաբանները նշել են, որ նրա սպանության հետ կապված տեղեկություններ կան Թուրքիայի ներկայիս փոխվարչապետ Բյուլենթ Առինչի դեմ անցյալում կազմակերպված մահափորձի մասին այդ վարչությունում դատախազության կողմից կատարված հետաքննության փաստաթղթերում:

Նոր մանրամասներ ներկայացնելով Դինքի սպանության վերաբերյալ` վկան, ում անունը չի բացահայտվում, նշել է, որ սպանության մասին տեղյակ են եղել Թուրքիայի զինված ուժերը և դրա վերաբերյալ տեղեկությունները ներառված են եղել «Վանդակ» գործողության ծրագրում: Ծրագիրը նպատակ է ունեցել Տրապիզոնում սպանված քահանայի սպանության, Մալաթիայի «Զիրվե» հրատարակչատանը գործած հարձակման, այնուհետև նաև Դինքի սպանության միջոցով թիրախի տակ առնել Թուրքիայում բնակվող ոչ մուսուլմաններին: Սակայն Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը լրատվամիջոցների օգնությամբ իրականացրած քարոզչությամբ կատարվածը որակել է որպես «Էրգենեկոն» կազմակերպության ծրագրած գործողություն:

Դինքի սպանության գործով հայտնված նոր վկան թուրքական ոստիկանությունից ավելի վաղ խնդրել էր ապահովել իր և իր ընտանիքի անվտանգությունը: Նա ընդգծել էր, որ անվտանգ պայմանների առկայության պայմաններում պատրաստ է հայտնել այլ մեղավորների անունները և ապացույցներ ներկայացնել դատախազությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում