Երևանում՝ 11:07,   13 Մայիս 2024

Պարույր Հայրիկյանը խոսեց դիմումը հետ վերցնելու, Ղուկասյանի հացադուլի, Բագրատյանի դավաճանության եւ խանդի մասին

Պարույր Հայրիկյանը խոսեց դիմումը հետ վերցնելու, Ղուկասյանի հացադուլի, 
Բագրատյանի դավաճանության եւ խանդի մասին

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը նախապատվությունը տվեց երկրում կայուն իրավիճակին՝ հետ վերցնելով դիմումը Սահմանադրական դատարանից: Այս մասին փետրվարի 12-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայրիկյանը: «Որքան էլ ես լավատեսորեն եմ տրամադրված, բայց քարոզարշավից դուրս մղվեցի` չնայած չեմ ուզում դա ողբերգության վերածել: Ես արդարացված եմ համարում Սահմանադրական դատարանի հետ կապված հուզումները, քանզի ես հանգամանորեն չէի բացատրել: Ես ասել էի, որ դիմելու եմ՝ չբացառելով, որ կարող եմ հետ վերցնել: Ես նախապատվությունը տվեցի կայուն իրավիճակին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Հայրիկյանը՝ հավելելով, որ «մեզ անհայտ ուժեր մեր բնականոն ընթացքից ուզում են դուրս հանել»:

Խոսելով իր բաց նամակից և Անդրիաս Ղուկասյանի հացադուլից՝ Հայրիկյանն ասաց, որ եթե հետաձգեր ընտրությունները, ապա «դրանով զոհասեղանին կդնեի նաև Անդրիասին, քանզի նա ասել էր, որ հացադուլը մինչև ընտրությունների ավարտը չի դադարեցնելու»: «Բագրատյանն ինձ ասում էր` դու պարտավոր ես դիմել, դու չդիմես Սահմանադրական դատարան, ես կդիմեմ, մինչև ժամը 12-ը... ես էլ ասացի՝ շատ ես ուզում՝ դու դիմի: Բանուգործ չունես, Հրանտ, եթե դու ընդդիմադիր ես, քո միակ խնդիրը իշխանության դեմ պայքարելն է»,-շեշտեց Հայրիկյանը: Նա կոչ արեց չստիպել իրեն խոսել Հրանտ Բագրատյանի մասին, ով իր թիմակիցներին է դավաճանել, Լևոն Տեր-Պետրոսյանին նույնիսկ չի հարցրել, թե ինչ կարծիքի է իր թեկնածությունը դնելու մասին:

Անդրադառնալով միասնական թեկնածուի հարցին՝ Հայրիկյանն ասաց, որ «խանդից, բարդույթից, թե ինչից վրդովված հրապարակային կոչս համարեցին որպես գաղտնիքների բացահայտում»: «Ես հրապարակային հայտարարություն արեցի, որպեսզի ժողովուրդը ևս տեղյակ լինի և թեկնածուներն էլ բաց պատասխանեն: Շատ բան կա ասելու: Մարդ կա, որ եկել է հիվանդանոց, ես կրծքից վիրավորված, ինձ ասել է՝ դեռ պետք է պարզենք` սա մահափորձ է եղել, թե ոչ: Ես հիվանդանոցից դուրս եմ գրվել, բայց լիարժեքորեն չեմ կարողանում մասնակցել քարոզարշավին, բայց կօգտագործեմ համացանցը և եթերաժամանակը»,-ասաց Հայրիկյանը՝ հավելելով, որ «դեռևս այսօր-վաղը ամեն ինչ փոխելու հնարավորություն կա»: Նրա խոսքով՝  կարևորը եղել և մնում է ծրագիրը:

Խոսելով Սեդրակյանի այն հայտարարությունից, որ իր մեքենան Հայրիկյանի կյանքից թանկ է, Հայրիկյանը շեշտեց, որ Սեդրակյանին չի էլ ուզում նկատել: «Նա ինչ մարդ է, որ խոսում է, թե իր մեքենան իմ մեքենայից լավն է, իսկ եթե ասել է, որ իմ կյանքից թանկ է, ապա չեմ էլ ուզում ինչ-որ բան ասել նրան»,-ասաց ՀՀ նախագահի թեկնածուն:

«Վահան Հովհաննիսյանն ասում է. արա՛, դուք ով եք, որ ձեր վրա կրակեն: Խանդում է, որ իր վրա չեն կրակել»,-ասաց Հայիկյանը: Խոսելով իր վարկանիշի մասին՝ նա ասաց, որ սա իր վարկանիշն իջեցրեց և ոչ թե բարձրացրեց: «Մենք հարցում էինք արել և բավականին լավ արդյունքներ կային, չեմ ուզում, սակայն, թվեր ասել: Իսկ մահափորձից հետո իմ վարկանիշը չաճեց, որովհետև շատացան բամբասանքային խոսակցությունները»,-ընդգծեց Հայրիկյանը:

Փետրվարի 10-ին՝ ժամը 15.30-ին ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը դիմել էր Սահմանադրական դատարան ընտրությունները երկու շաբաթ ժամկետով հետաձգելու պահանջով, փետրվարի 11-ին, սակայն, նրա փաստաբանը հետ վերցրեց դիմումը: ՍԴ դիմելու համար հիմք էր հանդիսացել հունվարի 31-ին թեկնածուի նկատմամբ կատարված մահափորձը: Նրան վիրահատել են, գնդակը հանել մարմնից: Փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում (ՀՀ քրեական օրենսգրքի 34-305 հոդվածի հատկանիշներով` պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձ) ձերբակալվել են Երևան քաղաքում ոչ լեգալ կարգավիճակում գտնվող 1966թ. ծնված, որոշակի զբաղմունք չունեցող, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված Խաչատուր Ալբերտի Պողոսյանը և 1972թ. ծնված, Սամվել Արամայիսի Հարությունյանը: Պողոսյանը և Հարությունյանը մահափորձի հանգամանքների վերաբերյալ տվել են խոստովանական ցուցմունքներ: Հայտնաբերվել է հանցագործության գործիք` «Նագան» տե­սակի ատրճանակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am