Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Ադրբեջանի հետ քննարկվող խաղաղության պայմանագրում Ալմա-Աթայի հռչակագրի ամրագրումը կարող է կայուն խաղաղություն հաստատել տարածաշրջանում․ Միրզոյան

Ադրբեջանի հետ քննարկվող խաղաղության պայմանագրում Ալմա-Աթայի 
հռչակագրի ամրագրումը կարող է կայուն խաղաղություն հաստատել 
տարածաշրջանում․ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը հավատում է, որ Ադրբեջանի հետ քննարկվող խաղաղության պայմանագրում  Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրի սկզբունքներն ամրագրելու եղանակով հնարավոր է վերջ դնել երկարամյա հակամարտությանն ու երկարատև խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մալթայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Իեն Բորջի հետ ասուլիսի ընթացքում այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Միրզոյանը հայտնել է, որ Մալթայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել են Հարավային Կովկասի  անվտանգությանը։ «Ես իմ գործընկերոջը ներկայացրել եմ Հարավային Կովկասում առկա վիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների վերջին փուլում եղած զարգացումները,  այդ թվում՝  Ալմաթիում կայացած բանակցությունների մանրամասները։ Այս համատեքստում ընդգծել եմ ապրիլի 19-ին երկու երկրների սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովների կողմից ամրագրված պայմանավորվածությունն առ այն, որ սահմանազատման գործընթացի քաղաքական հիմքը պետք է լինի 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը։ Այս պայմանավորվածությունը, իհարկե,  Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի կողմից տարբեր հարթակներում արտահայտած դիրքորոշման վերահաստատումն էր․ դիրքորոշում այն մասին, որ Ալմա-Աթայի հռչակագիրը  պետք է լինի երկու երկրների փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչման և սահմանազատման գործընթացի հիմքը։ Առաջին անգամ Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահն այդ մասին պայմանավորվել են Պրահայում 2022 թվականին և դրանից հետո տարբեր հարթակներում հնարավորություն են ունեցել վերահաստատել այս սկզբունքը։ Եվ մենք համոզված ենք, որ խաղաղության պայմանագրում այս սկզբունքի ամրագրմամբ և խաղաղության պայմանագրի կնքմամբ կարող է վերջ դրվել երկարամյա այս հակամարտությանը և կայուն ու երկարատև խաղաղություն հաստատվել տարածաշրջանում»,- ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարը։

Արարատ Միրզոյանն ասել է, որ խաղաղության կարևոր բաղադրիչ է նաև տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, որի վերաբերյալ Հայաստանը ներկայացրել է իր տեսլականը՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծով։  «Մենք ոչ միայն պատրաստ ենք, այլև շահագրգռված ենք վերահաստատել տրանսպորտային հաղորդակցությունը, մասնավորապես, առաջին փուլում երկաթուղային հաղորդակցությունն Ադրբեջանի հետ՝ իհարկե, հասկանալով, որ բոլոր ենթակառուցվածքները կմնան այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով անցնում են, կգործեն այդ երկրների իրավազորության համաձայն և, իհարկե, կարգավորումները կլինեն փոխադարձ և հավասարության սկզբունքին համաձայն»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը։

Միրզոյանը հավելել է, որ աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև, և այդ մարտահրավերները պահանջում են բոլոր մասնակից պետությունների կողմից ԵԱՀԿ  պատասխանատվության գոտում կազմակերպության գործիքակազմի, բոլոր մեխանիզմների արդյունավետ կիրառմամբ առկա խնդիրների հասցեագրումը։ Նրա խոսքով՝  հենց համապարփակ, անխախտելի և համագործակցային անվտանգության հայեցակարգի ապահովումն է դրված ԵԱՀԿ ստեղծման և գործունեության հիմքում։Լ

«Հարավային Կովկասն էլ զերծ չէ լրջագույն մարտահրավերներից, և դրանք իրենց հերթին խախտում են այնպիսի առանցքային սկզբունքներ, ինչպիսիք են պետությունների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Սրանք մարտահրավերներ են, որոնք ուղղակիորեն առնչվում են ԵԱՀԿ մանդատին և ընդգծում են կառույցի հասցեական ներգրավվածության կարևորությունը»,- նշել է Միրզոյանը։

Հայաստանի արտաքին գործերի նախարարն ասել է, որ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել Հայաստանի և Մալթայի միջև հարաբերությունների շուրջ՝ շեշտելով, որ Հայաստանը կարևորում է Մալթայի հետ հարաբերությունները և պատրաստ է ակտիվ ջանքեր գործադրել այդ հարաբերությունները խորացնելու համար։ 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am