Տարածաշրջանային

Թուրքական բանակում սպանված հայ զինվորի դատավարությունում նոր մանրամասներ են ի հայտ եկել

2 րոպեի ընթերցում

Թուրքական բանակում սպանված հայ զինվորի դատավարությունում նոր մանրամասներ են ի հայտ եկել

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ներքին զորքերի (ժանդարմերիայի) Բաթմանի զորամասերից մեկում ազգությամբ հայ զինծառայող Սեւակ Շահին Բալըքչիի սպանության գործով հերթական դատավարությունում նոր մանրամասներ են ի հայտ եկել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով CNNTurk հեռուստաալիքի լրատվական կայքը, դատալսման ժամանակ ներկայացվել է դեպքի վայրում կատարված զննության եզրակացությունը, ինչից պարզ է դարձել, որ «անզգուշաբար» սպանությունից հետո Սեւակի մարմինը տեղափոխվել է զորամասի հսկիչ անձագրային կետ: Հետո դեպքի վայր են տարվել նաեւ զենքը, որից կրակել են նրա վրա եւ դատարկ պարկուճները: Այնինչ` եւ Սեւակի մարմինը, եւ սպանության հետ կապված բոլոր իրեղեն ապացույցները պետք է թողնվեին տեղում` քննիչների կողմից ուսումնասիրության համար: Զավեշտալի է, որ այդ իրեղեն ապացույցները դեպքի վայր հետ են տարվել իրավապահ մարմինների ժամանումից հետո: Այս հնարավոր կանխամտածված տեղափոխությունները կասկածի տակ են առնում սպանությունն «անզգուշաբար» տեղի ունենալու մասին պաշտոնական վարկածը:

Սեւակ Շահին Բալըքչին սպանվել էր 2011 թ-ի ապրիլի 24-ին: Պաշտոնական վարկածով` շարքային Քըվանչ Աղաօղլուն իրեն ամրակցված զենքից «անզգուշաբար» կրակ է բացել Սեւակի վրա:

Սպանված հայ զինվորի ծնողները եւ փաստաբանները պնդում են, որ Սեւակի` ապրիլի 24-ին սպանությունը պատահականություն չէ եւ կատարվել է էթնիկ թշնամության հողի վրա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում