Թուրքիայի հայերի ցանկությունն արժանապատիվ եւ հանգիստ ապրելն է. Մարգար Եսայանն անդրադարձել է Սամաթիայի դեպքերին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետություն չի կարող կոչվել այն երկիրը, որը չի կարող կատարել տարեց կանանց`սեփական մահճում մահկանացուն կնքելու ցանկությունը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին իր հոդվածում գրել է Թուրքիայում բնակվող հայտնի հայազգի մտավորական, թուրքական Taraf պարբերականի սյունակագիր Մարգար Եսայանը` անդրադառնալով Ստամբուլի Սամաթիա թաղամասում տարեց հայ կանանց վրա գործված հարձակումներին:
«Սամաթիայում տեղի ունեցող դեպքերի իմաստը» խորագրով հոդվածի սկզբում Եսայանը պատմում է այն բոլոր զրկանքների մասին, որը Թուրքիայում 1915 թվականին և դրանից հետո կրել է իր ընտանիքը միայն այն բանի համար, որ ազգությամբ հայ է եղել: Նա նշում է, որ ինչպես իր պապու և հոր, այնպես էլ Թուրքիայի բոլորի հայերի միակ ցանկությունը արժանապատիվ և հանգիստ կյանքով ապրելն է: «Հայրս միայն մի բանի համար էր մշտապես մտահոգվում, որ ստիպված չլինի թաքցնել իր հայկական ինքնությունը, անունը, որպեսզի լինչի դատաստանի չենթարկվի, չհալածվի, արժանապատվությունը չոտնահարվի»,- գրում է սյունակագիրը: Նա պատմում է, թե ինչպես են անհայտ անձիք առևանգել իր հորը և տարել մի ամայի տեղ` նպատակ ունենալով սպանել նրան, սակայն ի վերջո հեռացել են` ասելով «Սա թող քեզ դաս լինի»: Եսայանը նշում է, որ ազգայնականների նման պահվածքը պատահական չէ, քանի որ իր հոր վարած գործունեությունը նպաստում էր տեղի հայկական համայնքի աշխուժացմանը և հայկական կառույցների ուժեղացմանը:
«Անկախ նրանից, թե ինչն է եղել պատճառը 85 ամյա Մարիցա Քյուչուքի սպանության և մյուս հայ կանանց վրա հարձակում գործելու համար, միևնույնն է, այս երկրում հայ լինելը շարունակում է վտանգավոր լինել: Այս երկիրը չի փոխվի մեկ օրում: Դա կարող է կատարվել միայն այս դեպքերին մեր տված արձագանքի և պետության դրսևորած դիրքորոշման շնորհիվ: Ինչպես բոլորը, մենք ևս մի պարզ ցանկություն ունենք. հայ լինելով ապրել առանց վախենալու, առանց մեր ծոծրակին փամփուշտ ստանալու և հանգիստ մահ գտնել սեփական մահճում»,- եզրափակում է Մարգար Եսայանը: