Տարածաշրջանային

Բեռլինում տեղի է ունեցել Հասան Ջեմալի «Հայոց ցեղասպանությունը» գրքի շնորհանդեսը

2 րոպեի ընթերցում

Բեռլինում տեղի է ունեցել Հասան Ջեմալի  «Հայոց ցեղասպանությունը» գրքի շնորհանդեսը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեռլինի Humboldt համալսարանում «Թուրքիան 21-րդ դարում-Network Turkey» ծրագրի շրջանակում առաջին անգամ տեղի է ունեցել թուրք լրագրող, գրող Հասան Ջեմալի «1915թ-ի Հայոց ցեղասպանությունը» գրքի շնորհանդեսը, որը շուկայում հայտնվել է անցյալ հոկտեմբերին: Հասան Ջեմալը Հայոց ցեղասպանությունը ծրագրած եւ իրագործողներից մեկի` Ջամալ փաշայի թոռն է: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Ջիհան» լրատվական գործակալությունը:

Շնորհադեսին ունեցած ելույթում Հասան Ջեմալն ասել է, որ թուրքական որեւէ հեռուստաալիքի կամ ռադիոյի մինչ այժմ գրքի լույս ընծայման հետ կապված որեւէ հարցազրույց չի տվել: Նա հայտարարել է, որ գիրքը նվիրում է 6 տարի առաջ Ստամբուլում սպանված «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքի հիշատակին: Ելույթում նա Հայոց ցեղասպանության հարցում տարբեր կարծիքներ արտահայտող անձանց հիշեցրել է Հրանտ Դինքի` «կարեւորն ընկալումն ու հասկանալն է, ոչ թե ժխտումն ու ճանաչումը» արտահայտությունը:

«Այս գրքով ես ցանկացել եմ միաժամանակ բացատրել նաեւ Թուրքիայի հանրապետության ստեղծումը, ազգային պետության, թուրքական ազգայնականության ինչ լինելը եւ մինչ օրս կախված մնացած քրդական խնդիրը, հայկական հարցը, զինվորականության խնդիրը», -ասել է նա:

Թուրք լրագրողը ելույթում հիշեցրել է նաեւ մի քուրդ մտավորականի հետեւյալ խոսքերը. «Քրդերը տարիներ շարունակ հայտարարում են, որ մշտապես ապրել են Անատոլիայում, իսկ բնիկ ժողովուրդ հայերը սպանվել են»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում