Գերմանիայում բացվել է Հոլոքոստի զոհ դարձած Թուրքիայի քաղաքացիների հուշարձանը, որոնցից մեկը հայ է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Ներքին Սաքսոնիայի երկրամասի Լոհհայդ քաղաքի Բերգեն-Բելսեն համակենտրոնացման ճամբարում բացվել է Երկրորդ համաշխարհային պատերազմում Հոլոքոստի զոհ դարձած Թուրքիայի ութ քաղաքացիների հիշատակը հավերժացնող հուշատախտակ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Անատոլու» լրատվական կայքը: Նրանցից մեկն ազգությամբ հայ Կարապետ Թախտյանն է, հինգը հրեաներ են, երկուսը` մահմեդական: Հուշարձանի բացումը կատարել է Բեռլինում Թուրքիայի դեսպան Հուսեին Ավնի Քարսլըօղլուն: Բրոնզաձույլ հուշատախտակի բացմանը, որի վրա գերմաներենով, անգլերենով եւ թուրքերենով գրված են Հոլոքոստի զոհերի անունները, մասնակցել են Ներքին Սաքսոնիա երկրամասի կառավարության անդամներ, հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներ: