Տարածաշրջանային

Դինքին դատապարտած Թուրքիայի նորընտիր օմբուդսմենն իրեն արդարացնելու նոր հնարքներ է գտել

2 րոպեի ընթերցում

Դինքին դատապարտած Թուրքիայի նորընտիր օմբուդսմենն իրեն արդարացնելու նոր հնարքներ է գտել

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Նիհաթ Օմերօղլուն Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքին քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով դատապարտելու համար իր հասցեին հնչող քննադատություններին պատասխանել է, թե «համառորեն չի պնդում, թե որոշումը ճիշտ է, բայց այն ժամանակ օրենքն այդպես էր»:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, HaberTurk-ին տված հարցազրույցում Ստամբուլի Վճռաբեկ դատարանի նախկին անդամը, ով եղել է Դինքի դատավաճռին կողմ քվեարկած 18 դատավորներից մեկը, հայտարարել է, որ Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի` իր որդու հարսանիքի քավորը լինելու հանգամանքն ընդունված որոշման հարցում «դերակատարություն չի ունեցել»: «Ցավում եմ, որ խորհրդարանում իմ երդմնակալության ժամանակ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավորական խմբակցությունը մեջքով շրջվել եւ բողոք է հայտնել` հարվածելով սեղաններին: Դինքի նկատմամբ դատավճիռն ընդունվել է 2006 թ-ին, իսկ օրենքը փոխվել է 2008 թ-ին: Մենք որոշումն ընդունել ենք այն ժամանակ գործող օրենքին համապատասխան: Ես համառորեն չեմ պնդում, թե որոշումը ճիշտ էր, բայց օրենքն այդպիսին էր: Այժմ ինձ դատապարտում են առանց դատի», - դժգոհել է նա:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Հրանտ Դինքի փաստաբանների` այդ վճռի նկատմամբ բողոքը եւ Թուրքիայի կառավարությանը պարտադրել փոխհատուցում կատարել նրա ընտանիքին, ինչը մինչ այժմ չի արվել: «Թրքությունը վիրավորելու» հոդվածով դատապարտումից ոգեւորված թուրքական ազգայնական շրջանակները 2007 թ-ի հունվարի 19-ին Հրանտ Դինքին սպանել են «Ակոս»-ի խմբագրատան առջեւ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում