Հասարակական

Ագարակի հնավայրում պեղումների արդյունքում հզոր շինության պատեր են բացվել

2 րոպեի ընթերցում

Ագարակի հնավայրում պեղումների արդյունքում հզոր շինության պատեր են բացվել

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզի Ագարակ հնավայրի պեղումներից հնագիտական առումով մեծ սպասելիքներ կան: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն, Ագարակի պեղումների արշավախմբի ղեկավար Պավել Ավետիսյանը, աշխատանքներն ընթացքի մեջ են եւ իրականանում են բնականոն հունով:«Բավականին հզոր շինության պատեր են արդեն բացվում, բայց դեռ վաղ է ասել, թե ինչ շինության պատ է դա: Վաղ բրոնզից մինչեւ երկաթի դարի բազմաթիվ բեկորներ ու վաղ բրոնզեդարյան արձանիկներ ենք պեղել այդտեղից»,-ասաց նա:

Ագարակն առաջին հնավայրն է, որտեղ «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի հետ կապված պեղումներ են իրականացվում:«Հաջորդ տարի ճանապարհի շինարարության հետ կապված պեղումներ կընթանան նաեւ այլ ճանապարհամերձ հնավայրերում»,-ասաց նա:

Ագարակ հնավայրի մեծածավալ պեղումները սկսվել են 2001-ին:Պեղումների արդյունքերը թույլ են տալիս եզրակացնել, որ այս տարածքը բնակեցվել է մ.թ.ա. III հազազարամյակի առաջին քառորդից: Այստեղ խոշոր բնակատեղի է եղել նաև Երվանդունիների ու Արտաշեսյանների թագավորական հարստության օրոք: Դաշտային հնագիտական հետազոտությունները կատարվել են հուշարձանի հյուսիսային համալիրի առաջին հարթակում, որը մշակման ակնհայտ հետքերով տուֆի ժայռի հսկայական հրապարակ է: Այստեղ պահպանվել են կառույցների, ժայռի մեջ փորված և քարակոփ գերեզմանների, հնձանների, հորերի, թոնիրների, հատակների մնացորդներ, ինչպես նաև ակնհայտ կիրառական նշանակություն ունեցող փոսիկների, առվակների և այլ փորվածքների հետքեր:

Ագարակի վաղբրոնզեդարյան բնակավայրին են պատկանում ժայռերի վրա փորված համալիրների հորինվածքները: Հնագիտականդիտարկումները թույլ են տալիս ասելու, որ մ.թ.ա. III հազարամյակի առաջին քառորդում այս տարածքը եղել է հսկայական պաշտամունքային համալիր: 2004-ին այստեղ բացվել է վիմափոր դամբարան, որը կազմված է եղել նախամուտքից, մուտքից և սրահից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում