Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատվիրակությունը մասնակցել է Ղպտի Եկեղեցու նորընտիր պապի գահակալության արարողությանը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատվիրակությունը մասնակցել է Ղպտի Եկեղեցու 
նորընտիր պապի գահակալության արարողությանը

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Ամենայն Հայոց Հայրապետության պատվիրակությունը Եգիպտոսի Կահիրե քաղաքում նոյեմբերի 18-ին մասնակցել է Ալեքսանդրիայի և Համայն Աֆրիկայի նորընտիր Պապ, Ղպտի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Թևադրոս Բ-ի գահակալության արարողությանը: Պատվիրակության կազմում էին Տավուշի թեմի առաջնորդ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, պատարագի սրբազան արարողությունից հետո պատվիրակության անդամներն առանձին հանդիպում են ունեցել Թևադրոս Բ պապի հետ` Ղպտի Եկեղեցու գահակալին փոխանցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբայրական ողջույններն ու շնորհավորական ուղերձը: Նորին Սրբության շնորհավորագրում մասնավորապես ասված է. «Աստծու կամքով և ղպտի հավատացյալների վստահությամբ Ձերդ Սրբությունը, որպես Սբ. Մարկոսի հետնորդ, արժանացել է  երկրի համար այս կարևոր շրջանում ղպտի քրիստոնյաներին ծառայելու և նրանց հոգևոր կարիքները հոգալու պատվին: Ամենակարող Աստծու զորակցությամբ Ձերդ Սրբությունը կշարունակի Ձեր երջանկահիշատակ նախորդի աշխատանքը` նաև նպաստելով եկեղեցիների միջև երկխոսությանը: 

Մեր երկու դավանակից Եկեղեցիները դարեր շարունակ կապված են իրար հետ հավատքի անշեղ միությամբ և Քրիստոսի անմնացորդ սիրով: Մեր երկու եկեղեցիների միջև եղբայրական հարաբերությունները արտահայտվել են երկկողմանի հանդիպումներով և էկումենիկ շարժան մեջ մեր ներկայացուցիչների համագործակցությամբ: Մենք աղոթում ենք, որ այս հարաբերությունները նորոգյալ ոգով շարունակվեն Ձերդ Սրբության գահակալության օրոք` արձանագրելով նոր ձեռքբերումներ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am