Տարածաշրջանային

Թուրք սյունակագրի խոսքով` Թուրքիայում ազգային փոքրամասնությունների համար անվտանգ չէ

2 րոպեի ընթերցում

 Թուրք սյունակագրի խոսքով` Թուրքիայում ազգային փոքրամասնությունների համար անվտանգ չէ

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցում նոյեմբերի 4–ին մատուցված պատարագը թուրքական հասարակական շրջանակների և մտավորականների շրջանում քննարկման թեմա է դարձել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Միլլիեթ» պարբերականի սյունակագիր Մեհվեշ Էվին իր «1915 թվականից ի վեր առաջին անգամ» վերնագրով հոդվածում անդրադարձել է հայկական եկեղեցում մատուցված պատարագին:

Էվին ընդգծել է, որ վերջին շրջանում Դիարբեքիրում առկա լարված մթնոլորտի պայմաններում եկեղեցում պատարագի մատուցումը դրական ազդեցություն կարող է ունենալ: «1915 թվականին եկեղեցու գմբեթը քանդվել էր` կողքի մինարեթներից բարձր լինելու պատճառաբանությամբ: Այդ իսկ պատճառով հայերի համար մեծ նշանակություն ուներ 97 տարի անց եկեղեցու զանգի հնչելը»,- գրում է թուրք սյունակագիրը: Նա պատմում է Դիրարբեքիր այցելած շատ մարդկանց մասին, ովքեր իրենց տատերից էին լսել տեղի հայկական եկեղեցու մասին և այժմ էլ եկել էին այստեղ մոմ վառելու: Խոսելով նախկինում այս տարածքում բնակվող հայերի մասին` Էվին նշում է, թե հայերի մի մասը մահացել է, ոմանք տեղահանվել են, իսկ մնացածների մեծ մասին ստիպել են կրոնափոխ լինել:

«Երբ դուրս եկա սուրբ Կիրակոսից, դռան մոտ քաղաքացիական հագուստով, սակայն ծանր զինված անվտանգության ուժեր էին հերթապահում: Լավ, Դիարբեքիրը փոխվել է, նախկինի նման չէ… Սակայն դեռևս շատ վաղ է, որպեսզի փոքրամասնություններն իրենց լիովին անվտանգ զգան այստեղ»,- իր հոդվածը եզրափակել է թուրք սյունակագիրը:

Վերանորոգումից հետո նոյեմբերի 4-ին Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցում, որը Մերձավոր Արեւելքի ամենամեծ քրիստոնեական եկեղեցին է, 32 տարի ընդմիջումից հետո կատարվել է առաջին եկեղեցական արարողությունը: Նույն օրն այստեղ տեղի է ունեցել նաեւ առաջին պսակադրությունը: Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման աշխատանքներն իրագործվել են Պոլսի Հայոց պատրիարքարանի ֆինանսական աջակցությամբ: Աշխատանքներին աջակցություն եւ օժանդակություն է ցուցաբերել նաեւ Դիարբեքիրի քաղաքապետարանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում