Տարածաշրջանային

Քրդերը Թուրքիայի սահմանին բանակ են ստեղծել

2 րոպեի ընթերցում

Քրդերը Թուրքիայի սահմանին բանակ են ստեղծել

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի հյուսիսում և Թուրքիայի հարավում բնակվող քրդերը, օգտվելով Սիրիայի ճգնաժամից և լարված թուրք-սիրական հարաբերություններից, քայլեր են ձեռնարկում անկախանալու ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` թուրքական Haberler.com կայքը տեղեկացնում է, որ Թուրքիայի հետ սահմանին բնակվող քրդերը սիրիական սահմանամերձ Քոբանի քաղաքում իշխանությունն արդեն իսկ վերցրել են իրենց ձեռքը:

Թուրք լրագրողի ներկայացմամբ` քրդերը սահմանային շրջանում արդեն իսկ անցակետեր են տեղադրել, որոնց վրա բարձրացված է անկախ Քրդստանի դրոշը: Շուրջ 120 հազար բնակիչ ունեցող քաղաքի անվտանգությունը պահպանում են «Քրդստանի ժողովրդական ջոկատներ» բանակի անդամները: Լրագրողի խոսքով` Քոբանիի քրդերը քաղաքն իրենց ձեռքն են վերցրել առանց ռազմական ուժի գործադրման` այն բանից հետո, ինչ սիրիական զորքերը հետ են քաշվել այս շրջաններից:

Թուրքական զինված ուժերը բերված են արտակարգ պատրաստականության` պատրաստ լինելով ցանկացած պահի իրականացնել ռազմական գործողություններ Սիրիայի նկատմամբ: Թուրքական լրատվամիջոցն ընդգծում է, որ Թուրքիայի սահմանամերձ տարածքներում քրդաբնակ շրջանների անկախացման փորձերն իրականացնում է Քրդական բանվորական կուսակցության թևերից մեկը համարվող «Դեմոկրատական միություն» կուսակցությունը, թեպետ այն հրաժարվում է քրդական կուսակցության հետ որևէ առնչությունից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում