Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Երեւանում մեկնարկեց Թվինինգ ծրագիրը

Երեւանում մեկնարկեց Թվինինգ ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է Շվեդիայի միգրացիայի եւ ապաստանի քաղաքականության նախարար Թոբիաս Բիլսթրոմին, ով  Հայաստանում է միգրացիայի ոլորտում իրականացվող Եվրամիության «Թվինինգ» ծրագրի մեկնարկի կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից, փոխվարչապետը ողջունել է հյուրի մասնակցությունը նման կարեւոր ծրագրի մեկնարկին` վստահություն հայտնելով, որ համատեղ աշխատանքով հնարավոր կլինի հաջողությամբ կյանքի կոչել այն:

Նշելով, որ միգրացիայի կառավարման գործընթացները շարունակում են Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում մնալ` Գեւորգյանը  ոլորտում առկա հիմնախնդիրների լուծման հարցում կարեւորել է միջազգային համագործակցությունը եւ հատկապես ընդգծել Շվեդիայի հետ փոխգործակցությունը:

Կողմերն ադյունավետ են համարել վերջին տարիներին երկու երկրների աշխատանքները ինչպես «ՀՀ  կառավարության եւ Շվեդիայի Թագավորության կառավարության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման  մասին» համաձայնագրի, այնպես էլ Եվրամիության Շոդերկոպինգի գործընթացի շրջանակում: Երկուստեք գոհունակություն է հայտնվել, որ համագործակցությունը շարունակվելու է նաեւ «Թվինինգ» ծրագրի շրջանակում, որը ԵՄ կողմից իրականացնելու է  շվեդ-լեհական  կոնսորցիումը:

Փոխվարչապետը նշել է, որ ծրագիրը գտնվելու է կառավարության ուշադրության կենտրոնում: Նախարար Բիլսթրոմը եւս վստահեցրել է, որ ամեն ինչ կարվի այն հաջողությամբ իրականացնելու համար:

Հանդիպումից հետո Արմեն Գեւորգյանն ու  Թոմաս Բիլսթրոմը մասնակցեցին «Թվինինգ» ծրագրի մեկնարկն ազդարարող միջոցառմանը: 

Փոխվարչապետը հանդես է եկել բացման  խոսքով`ողջունելով ծրագրի մեկնարկը, կարեւորելով  հիմնախնդիրների լուծման հարցում  միջազգային համագործակցությունը, անդրադառնալով միգրացիայի կառավարման ոլորտում իրականացվող աշխատանքներին:

«Թվինինգ» ծրագիրն  ուղղված է Հայաստանում միգրացիայի  եւ  ապաստանի կառավարման  համակարգի  բարելավմանը` Միգրացիոն պետական ծառայության  ինստիտուցիոնալ ամրապնդման միջոցով:  Հիմնական բաղադրիչներից են  օրենսդրական դաշտի ներդաշնակեցումը ԵՄ չափանիշներին, միգրացիայի հարցերով գործառույթներ ունեցող մարմինների աշխատանքի  արդյունավետ համակարգումը, միգրացիայի  եւ ապաստանի վերաբերյալ տեղեկատվական համակարգի ներդրումը:

Ծրագրի  իրականացման համար ընտրվել  է Շվեդիայի եւ Լեհաստանի միգրացիոն մարմինների  ներկայացուցիչներից բաղկացած կոնսորցիումը: Հայկական կողմից ծրագրի շահառուներն են  Տարածքային կառավարման  նախարարության  Միգրացիոն պետական ծառայությունը, ինչպես նաեւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, Ոստիկանությունը, պետական այլ մարմիններ: Ծրագիրը  ֆինանսավորվում է Եվրամիության կողմից, տեւողությունը 27 ամիս է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am